Ինչ արժեն կառավարության գնած COVID-19 ախտորոշման թեստերը և մյուս սարքերը. ինչ է կատարվում բժշկական արտադրանքի համաշխարհային շուկայում

article-image

Պետական գնումների armeps.am կայքից տեղկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը մարտի 27-ին և 28-ին կայացած գնմամբ ձեռք է բերել թոքերի օդափոխման 100 համակարգ և COVID-19 ախտորոշման համար նախատեսված 60.000 հավաքածու: Գնումը կատարվել է «Hunan Machinery and Equipment Imp. and Exp. Corporation» չինական կազմակերպությունից;

Կորոնավիրուսային վարակվածության հիվանդների համար նախատեսված թոքերի օդափոխման սարքերի (Sepray ST-30H Non-Invasive Ventilator) գինը կազմում է 12.289 ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ՝ 100 սարքի համար վճարվել է 1.228.900 ԱՄՆ դոլար (մոտ 610 միլիոն դրամ): Սարքի արժեքը՝ մեկ միավորի համար կազմում է 12.289 ԱՄՆ դոլար:

Երկու առանձին պայմանագրերով էլ ձեռք է բերվել կորոնավիրուսային ախտորոշման համար նախատեսված 60.000 հավաքածու (Novel Coronavirus 2019-nCOV Nucleic Acid Detection Kit (Real Time PCR))՝ ընդհանուր 738.000 ԱՄՆ դոլար (մոտ 365 մլն դրամ) արժողությամբ: Մեկ հավաքածուի արժեքը կազմում է 12.3 ԱՄՆ դոլար:

Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 804.382.900 դրամ:

Գնման պայմանագրերի հաշիվ-ապրանքագրերը կարող եք գտնել պետական գնումների armeps.am համակարգում՝ HME-ARM-202001, HMEC20200327, HMEC20200328 պայմանագրային ծածկագրերով: Հատկանշական է, որ գնումները կատարվել են հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:  

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են: Մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է»: Դեռևս հունվարին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ թեստերը բավական թանկ են՝ «1500 դոլար՝ 50 թեստից բաղկացած մեկ տուփի համար»:

Այսօր էլ Թորոսյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք, մոտ 100 մի տեսակի, ևս 5-6-ը՝ մեկ այլ մոդելի, ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը ապրիլի մյուս կեսը, մայիսի կեսին կլինի»: Ամենայն հավանականությամբ դրանք վերը նշված պայմանագրերով գնված սարքավորումներն են: 

Խնդիրները բժշկական պարագաների, ախտորոշիչ թեստերի համաշխարհային շուկայում

Այսօր, երբ համաշխարհային շուկաներում առավել մեծ պահանջակ են վայելում սանիտարական, ախտահանիչ պարագաները, բժշկական սարքավորումները և ախտորոշիչ թեստերը, և շատ դեպքերում որոշ պետություններում նույնիսկ պակասուրդ է առաջանում, առաջ է գալիս նաև անորակ արտադրանքի խնդիրը:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ պետությունները մեծ գնումներ են կատարում հիմնականում մեծ շուկա ապահովող չինական ընկերություններից, սակայն շատ հաճախ էլ հրաժարվում են իրենց գնումներից՝ ապրանքի անորակության պատճառով:

Եվրոպական մի քանի պետություններ արդեն իսկ հրաժարվել են չինական արտադրության բժշկական դիմակների և թեստերի օգտագործումից՝ անորակության պատճառով: Օրինակ, Հոլանդիայում հրաժարվել են ավելի քան կես միլիոն բժշկական դիմակներից, որոնք ավ պատրաստված չեն եղել կամ թերի ֆիլտր են ունեցել:

Բելգիայում նույնպես նույն պատճառաբանությամբ հրաժարվել են նույն ծագմամբ բժշկական 3000 դիմակների օգտագործումից:

Իսպանիայում, որը համարվում է վարակի ամենամեծ օջախներից մեկը Եվրոպայում, չինական արտադրողին է վերադարձրել ավելի քան 50.000 ախտորոշիչ թեստային հավաքածու: Պատկան մարմինները գտել էին, որ թեստերի ճշգրտությունը կազմում է ընդամենը 30%: Մինչ այդ, իսպանական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում էն 432 միլիոն եվրո տրամադրել ախտորոշիչ թեստերի, դիմակների, ձեռնոցների և անձնական պաշտպանության հանդերձանք ձեռք բերելու համար:

Իսպանիայում Չինաստանի դեսպանությունը հաղորդել էր, որ թեստերը արտադրող չինական կազմակերպությունը՝ «Shenzhen Bioeasy Biotechnology»,չինական իշխանությունների կողմից  չի արտոնագրվել բժշկական արտադրանք վաճառելու համար:

Չինաստանում ավելի քան 100 ընկերություններ Եվրոպայում կորոնավիրուսային ախտորոշիչ հավաքածուներ են վաճառում, այնինչ նրանք հենց Չինաստանում պաշտոնական արտոնագիր չունեն և չեն կարող վաճառել իրենց արտադրանքը Չինաստանում:

Ախտորոշիչ թեստերի հավաքածու առաջարկող «Nanjing Liming Bio-products» ընկերության հիմնադիր Շուվենը, օրինակ, ասում է. «Ես չեմ մտածել Չինաստանում արտոնագիր ստանալու մասին: Դիմումի ընթացակարգը ահռելի ժամանակ է տանում: Երբ ես վերջապես ստանամ թույլտվությունը, բռնկումը, հնարավոր է, արդեն ավարտված լինի»:

Եվրոպա այսքան մեծ արտահանման պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ Չինաստանում այսօր հաջողվում է աստիճանաբար հսկողության տակ առնել վիրուսի տարածումը՝ հանգեցնելով ներքին պահանջարկի անկման:

Չինաստանի իշխանությունները արդեն իսկ սկել են քայլեր ձեռնարկել COVID-19-ի աշխտորոշման թեստերի վաճառքի շուկայի վրա վերահսկողություն սահմանելու ուղղությամբ:

Ապրիլի մեկին բժշկական արտադրանքի վերահսկողությամբ զբաղվող Չինաստանի պետական գործակալությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Չինաստանը նոր միջոցներ է ձեռք առել բժշկական սարքավորումների որակի ապահովման գործում՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ համաշխարհային պայքարի պայմաններում: Ապրիլի մեկից սկսած՝ բժշկական արտադրանքների, ներառյալ՝COVID-19-ի ախտորոշիչ հավաքածուներ, բժշկական դիմակներ, համազգեստ, օդափոխիչ համակարգեր, ջերմաչափեր արտահանող կազմակերպությունները պետք է հավելյալ փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն: Փաստաթուղթը պետք է հավաստի, որ արտադրանքը պաշտոնապես գրանցված է Չինաստանում և համապատասխանում է համապատասխան արտահանվող տարածքի որակական չափանիշներին»:

Հայտարարությամբ Չինաստանի իշխանությունները հորդորում են արտահանողներին պահպանել իրենց արտադրանքի որակը՝ օգնելու միջազգային հանրությանը՝ պայքարելու պանդեմիայի դեմ:

Կորոնավիրուսային արագ (rapid) ախտորոշիչ թեստերի խնդիրը

Վերջերս մեծ տարածում գտավ նաև, այսպես կոչված, «արագ» թեստը, որը կարող առավելագույն կարճ ժամանակահատվածում որոշել մարդու օրգանիզմում վիրուսի առկայությունը: Մասնագետները խորհուրդ են տալի զգուշանալ և չօգտագործել նման թեստերը, քանի որ դրանք բարձր ճշգրտություն չունեն:

Այնուամենայնիվ, մարտի 27-ին Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտը COVID-19-ի ախտորոշիչ արագ թեստի օգտագործման հնարավորություն է տվել Abbott Laboratories-ին, որը նախատեսված է բժիշկների, շտապ օգնության կենտրոնների և ավելի փոքր հիվանդանոցների համար, որոնք չունեն բարդ ախտորոշիչ լաբորատորիաներ: Ըստ ախտորոշիչ թեստերը արտադրող կազմակերպության՝ դրական ախտորոշումը հնարավոր է ստանալ ոչ ավել քան հինգ րոպեի ընթացքում, իսկ բացասական ախտորոշումը՝ մոտ 13 րոպեի ընթացքում:

Այնուամենայնիվ, Սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտը հայտնում է, որ որևէ գովազդային կամ այլ եղանակներով տեղեկատվություն չի կարող հավաստել, որ Abbott Laboratories-ի արտադրանքը անվտանգ է կամ արդյունավետ է COVID-19-ի հայտնաբերման գործում:

Համաձայն TIME գործակալության՝ առողջապահաան գործունեությոուն րականացնող կառույցները պետք է վճարեն հավելյալ 40 դոլար հատուկ քարթրիջի համար, որը տրամադրում է վիրուսի գենետիկ կառուցվածքը: Շատ ապահովագրող կազմակերպություններ իրենց վրա են վերցրել ախտորոշիչ թեստի ամբողջ ծախսը, որը գրեթե նույն գինն արժե, ինչ ամերիկյան շուկայում հայտնի գրիպի ախտորոշման թեստի գինն է:

Այնուամենայնիվ, գերմանացի գիտնականները կարծում են, որ արագ թեստերի դեպքում «ճշգրտությունը ևս խնդիր է: Թեստերը պետք է կարողանան տարանջատել COVID-19-ի (SARS-CoV-2) հակամարմինները օրգանիզմում առկա մյուս անվնաս հակամարմիններից: Այս պահին այդ թեստերը դեռևս մշակման փուլում են գտնվում և դեռևս հասանելի չեն»: Ռոբերտ Կոշի ինստիտուտի գիտնականը կանխատեսել է, որ նման թեստերը  բժշկական ոլորտ կներմուծվեն 2-3 ամսից միայն:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն