Ապրիլյան պատերազմից 4 տարի անց. պատերազմը տվեց նոր հերոսներ

article-image

AntiFake.am-ը ներկայացնում է 2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցած հերոս տղաներին, ովքեր մասնակցել են քառօրյա պատերազմին, սխրանքներ գործել և պատրաստ են դարձյալ կռվել հանուն հայրենիքի։

 

 

 

Նարեկ Մալխասյան

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Նարեկ Մալխասյանը Ապրիլյան պատերազմի օրերին եղել է ժամկետային զինծառայող, ով հակատանկային նռնականետով խոցել էր ԼՂՀ տարածք (Ջաբրայիլի ուղղությամբ) ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը, այժմ արդեն պայմանագրային զինծառայող է։

Իր բացառիկ ռազմական սխրանքի մասին Նարեկն ասել է․ «Ուղղակի ստացվեց։ Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը։ Ինձ թվում է՝ ով էլ լիներ, կփորձեր նույնն անել։ Ամենակարևորը՝ յուրաքանչյուր զինծառայող կարողանա տիրապետել իր զենքին, յուրացնի այն գիտելիքը, որը նրան տրվում է։ Կարևոր է նաև ճիշտ կողմնորոշվել։ Ընդհանրապես, պահից է գալիս, թե ինչ քայլերի կդիմես»։

Նարեկը պատմում է, որ այն հատվածում, որտեղ ինքն էր, մեկ ուղղաթիռ է եղել, սակայն ասում են, որ առավոտյան այլ հատվածներում ևս 6-ն են եղել։ Արագ կողմնորոշվել և հակատանկային զենքով հարված է հասցրել․ «Հո չէ՞ի թողնելու՝ ընկերներս սպանվեին, մտածեցի՝ եթե դրանով կարող եմ տանկ խփել, ուղղաթիռն ի՞նչ է, որ չխփեմ։ Վախենալու ժամանակ չկար, պետք էր կրակել»։ Ոչնչացվել է ուղղաթիռը՝ երեք օդաչուներով։

Ժորա Աֆրիկյան

Ժորա Աֆրկյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է հրետանային դիվիզիոնի հաշվարկող։

«Այսօր ես այլ աչքերով եմ նայում կյանքին և սկսել եմ ավելի շատ սիրել մարդկանց։ Երբեք մտքովս չէր անցել, որ կգա մի օր, ու ես էլ կտեսնեմ իմ բաժին պատերազմը։ Ամեն ինչ սկսվեց ապրիլի 2–ի լույս գիշերը։ Տեղեկացանք, որ հակառակորդը մոտենում է մեր դիրքերին։ Դա սովորական սադրանք չէր, այս անգամ ավելի լայնամասշտաբ գործողությունների դիմեց հակառակորդը։ Իհարկե, մենք մեր թշնամուն լավ էին ճանաչում, բայց չէինք սպասում, որ այդ կարգի սադրանքի կդիմի։ Այդ պահին բոլորի մարտական ոգին բարձր էր, թեև սկզբից մի փոքր վախ կար։ Երբ գիտակցում ես՝ ինչ է քեզանից սպասվում, արդեն վախը տեղի էր տալիս, ու կատաղած նետվում ես մարտի։ Ես հպարտ եմ, որ հաղթությունների ճանապարհով անցած ու հաղթանակ կերտած բանակի զինվոր եմ եղել ու զինվոր էլ կամ։ Պատերազմի օրերին հրետանային հաշվարկողը փորձում է առավելագույնն անել, ճիշտ հաշվարկ կատարել։ կարևորը հաշվարկների արագությունն է․ հաշվարկը պետք է հասցնի ճիշտ նշանառությամբ ոչնչացնել թշնամու նշանակետը։ Երբ լսում էինք հրամանատարի ձայնը՝ նշանակետը խոցված է, այդ պահին թվում էր, թե աշխարհը մերն է։ Այս կռիվն ինձ համար վերածնունդ էր, ամբողջությամբ կյանքին սկսում ես ուրիշ աչքերով նայել, սկսում ես երևույթները, իրավիճակները, մարդկանց ուրիշ ձև գնահատել»։

Ժորա Աֆրիկյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով։

Շուլի Հակոբյան
 

Արցախյան քառօրյա պատերազմին մասնակցած Շուլի Հակոբյանը Թալիշում հակառակորդի երեք տանկ խոցելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ Քառօրյա պատերազմում հակառակորդի 3 տանկ խոցելու մասին նա պատմել է, որ դրանք խոցել է 25-30 րոպեների ընթացքում, որոնք մի վայրկյանի պես են անցել։ Առաջին տանկը խփելուց հետո, առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս եմ ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել եմ՝ խփել եմ, խփել եմ։ Հետևից ձայն էին տալիս, որ իջնեմ խրամատ։ Իջա մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասաց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Երրորդ տանկը երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին՝ ունենալով երեք տանկի կորուստ»։ Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Շուլին ասում էր, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։ Ասում է, որ սահմանն ամենմարդ չի կարող պահել։ Նրա խոսքով՝ մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում․ «Միայն սահման հասկացությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունիէ Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»։

Մարատ Պետրոսյան
 

Ստեփանակերտցի Մարատ Պետրոսյանը Քառօրյա պատերազմի ընթացքում հինգ տանկ ու մեկ հետևակի մարտական մեքենա է խոցել։ «Կռվի սկզբում ինձ դիրքեր չէին ուզում տանել, չէին հավատում, որ քաղաքի տղեն կարող է կռվի դաշտում գոնե մեկ տանկ խոցել։ Գնացի առաջին գիծ, մեր գնդապետ Մելքումյանին ասեցի՝ «ջուր ա պետք», ասեց՝ «խի՞, բերանդ ա՞ չորացել», իբր վախից բերանս չորացել ա։ Ասեցի՝ «չէ էլի, պարոն գնդապետ, դե պիտի ջուրը ցանես, որ կրակեն, փոշի չլինի, դեմս տենամ, ռակետը տենամ՝ ոնց ա գնում»։ Ասեց «ջուր չկա, տենց գնա»։ Տենց էլ առանց ջրի գնացի։ Որ խփեցի շնորհակալություն ասեցին», -պատմել է սերժանտը։

Մարատ Պետրոսյանն անկեղծանում էր՝ դիրքեր շատ էր ուզում բարձրանալ, որովհետև հրետանային զորամասում էր ծառայում և առաջնագծում երբեք չէր եղել։ Ապրիլի 2-ի գիշերը Մարատը երկու տանկ է խոցում, ևս երկու տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա էլ՝ հաջորդ օրը։

«Քսան տանկ հելած ինտենսիվ կրակում էին։ Դե որ վախենաս, չես կարա անես։ Չպիտի վախենաս, հա վախը կա, բան չունեմ ասելու, բայց երկրորդական ա, չպիտի վախենաս, եթե վախենաս, չես կարա կրակես»։

Գևորգ Մանուկյան
 

Արցախի «Եղնիկներ» զորամասի զինծառայող, շարքային Մանուկյանն ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը խոցեց մարտական դիրքերի ուղղությամբ հրթիռներ արձակող ադրբեջանական ուղղաթիռն՝ այդպիսով կանխելով թե՛ մարդկային, և թե՛ տարածքային կորուստները։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 3-4-ի սահմաններում գործողությունները սկսվել են, հակառակորդի հրետանին սկսեց հրետակոծել մեր դիրքերի ուղղությամբ, որից հետո 4-5-ի սահմաններում դիվերսիոն խումբ է ներթափանցել մեր գումարտակի շրջան, դրանից հետո 6։45-ի սահմաններում ուղղաթիռն է երևացել, որը մոտենալով առաջնագծին՝ հրթիռներ էր բաց թողնում մեր մարտական դիրքերի վրա։ Այդ ժամանակ գնացել եմ խրամատ, վերցրել եմ զենքը, ընտրել եմ ավելի հարմար դիրք և խոցել եմ ուղղաթիռը։ Բնականաբար շատ վատ հետևանքներ կունենար, չենք կարող ասել՝ որոշ տարածքներ մեր ձեռքին կլիներ, թե նրանց մոտ, որոշ մարդիկ ողջ կլինեին, թե չէ»։ Գևորգը ծառայությունից վերադառնալիս խորհուրդ է տվել իր ընկերներին լինել վստահ, ուժեղ ու համառ, որևէ թիզ հող չզիջելու վճռականությամբ։

«Միշտ վստահ լինեն, որ իրենք են ուժեղը, մեր կռիվն արդար է, ու եթե արդար է, մենք հաղթելու ենք և թող չմտածեն, որ եթե հակառակորդն ինչ-որ տեխնիկայով առավել է, ուրեմն հաղթելու է մեզ։ Մեր ժողովուրդն է ետ բերել այդ հողը, և մեր ժողովուրդն է պահում արյան գնով վերցված այդ հողը, և ոչ ոք իրավունք չունի այդ հողը նվիրաբերել ուրիշին»։

Սեյրան Մարգարյան
 

Սեյրան Մարգարյանը ծառայել է Մատաղիսի զորամասում։ Վեց ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշի գումարտակ։ «Ուզում է անցնի մեկ տարի, հինգ տարի կամ տաս, նույն ցավն է, նույն մարտական ընկերների կորուստը։ Այդ զգացողությունը բառերով նկարագրելու չէ։ 9 ամսվա ծառայող էի, որ սկսվեցին մարտական գործողությունները։ Ապրիլի 1-ին դիրքերից իջել էինք, բայց հաջորդ օրը նորից դիրքեր բարձրացանք։ Երբ ապրիլի 2-ի առավոտյան գումարտակից դուրս եկանք, արդեն հասկանալի էր, որ դրանք սովորական կրակոցներ չէին, ադրբեջանցիների արկերն արդեն հասնում էին մեզ։ Կորուստներ ունեցանք, մեր ընկերները վիրավորվեցին։ Ի վերջո պատերազմ էր, ոչինչ մեզանից կախված չէր։ Ինչքան էլ որ դժվարություններ տեսանք այդ օրերին, շատ բան հասկացանք ու գնահատեցինք»։

Վարդգես Հակոբյան
 

Վարդգես Հակոբյանը Քառօրյա պատերազմի ժամանակ եղել է ԼՂՀ Ասկերանի շրջանում։ «Ապրիլյան պատերազմը մեզանում ավելի ամրապնդեց հայրենիքը պաշտպանելու պարտականությունը։ Պատերազմը փոփոխություններ բերեց բանակում, միջանձնային հարաբերություններում, սովորական, երբեմն վատ հարաբերությունները պատերազմից հետո դարձան նախանձելի»։ Պատերազմին մասնակցած Վարդգեսը նորակոչիկներին խորհուրդ է տալիս լսել հին ծառայողներին և նրանց խորհուրդներն ընդունել որպես ավագ ընկերոջ խոսք։

Արշակ Հարությունյան
 

Ապրիլյան պատերազմի բովով անցած Արշակ Հարությունյանը, ով օդաչու է և աշխատում է իր մասնագիտությամբ, խոսելով ապրիլյան պատերազմի օրերի մասին, նշեց, որ ընդամենն իր պարտականությունն է կատարել։

«…Ուշադրության պակաս չեմ զգացել, չեմ էլ սպասել դրան, բայց այդ ուշադրությունը, ինչպես ասում են, մի բան էլ ավել է եղել։ Այժմ բանակում ծառայող տղաներին մաղթում եմ բարի ծառայություն ու մի փոքրիկ խորհուրդ․ թո՛ղ միշտ ուշադիր լինեն, սպասեն ամեն ինչի։ Մենք էլ ընդհանրապես չէինք սպասում, միայն թո՛ղ ուշադիր լինեն և ամենակարևորը, անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր տղաներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն