Ժամանակն է, որ Արսեն Թորոսյանը փոխի իր կարծիքը. կորոնավիրուսը վտանգավոր է դառնում նաև երեխաների համար

article-image

Մարտի 31-ին ՀՀ պարետատունը հրապարակել էր պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորած Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ»: Հրամանը մեծապես վերաբերում էր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի և այլ սահմանակումներին:

Հրամանին կցված հավելվածում «Աշխատողների իրազեկման տեղեկատվական թերթիկ» բաժնում ներկայացվում են, թե ովքեր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում: Այդ խմբերն են՝

1. Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
2. Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր,
3. Քրոնիկ հիվանդություններով անձինք,
4. Մանկահասակ երեխաներ և նորածիններ:

Նախորդ ամիսներին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում էր, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, իսկ Նիկոլ Փաշինյանը բացատրում, թե ինչպես «տնային պայմաններում հաղթել կորոնավիրուսին»:

Արսեն Թորոսյանը, բազմիցս անդրադառնալով կորոնավիրուսի վարակվածության թիրախային խմբերին, նշում էր, որ վիրուսը ընդհանրապես վտանգավոր չէ երեխաների համար: Օրինակ, մարտի 26-ին կայացած ասուլիսի ընթացքում Արսեն Թորոսյանը ասել է. «Շատ է խոսվել սրա մասին, որ միգուցե երեխաները դառնան վիրուսի տարածման աղբյուր, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա»:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլլարդը բացատրում է, որ «երբ երեխաները վարակվում են, նրանք ունենում են առավել թեթև սիմպտոմներ: Հատկանշական է, որ կորոնավիրուսի մասին այսօր առկա գիտական հրապարակումներում արձանագրվում է, որ նույնիսկ այն երեխաների օրգանիզմները, որոնք ի սկզբանե ծանր հիվանդ են, իմունաճնշող թերապիա կամ քաղցկեղային բուժումներ են ստանում, առավել քիչ են վնասվում, քան մեծահասակները»:

Դեռևս փետրվարին հրապարակված զեկույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեխաների շրջանում արձանագրել էր համեմատաբար քիչ քանակով և թեթև վարակվածություն: Վիրուսակիրներից որոշների մոտ արձանագրվել է լուրջ (2.5%) և կրիտիկական (0.2%) հիվանդության զարգացում:

Չինաստանում երեխաների վարակվածության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաների մոտ առավել քիչ են պատահում քրոնիկ սիրտանոթային և շնչառական խնդիրները, այդ պատճառով նրանք ավելի դիմացկուն են կորոնավիրուսային սուր վարակի դեպքում, քան մեծահասակները:

Այնուամենայնիվ, վիրուսի տարածվածությամբ պայմանավորված՝ ավելանում են նաև երեխաներ հիվանդացության դեպքերը:

Արդեն իսկ գրանցվել են կորոնավիրուսով վարակված երեխաների մահվան դեպքեր Բելգիայում և  Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում: Վիրուսակիրների տարիքը չի գերազանցում 16 տարին: Բելգիայում մահացած 12-ամյա աղջիկը համարվում է կորոնավիրուսի պանդեմիայի ամենաերիտասարդ զոհը Եվրոպայում: Տվյալները ցույց են տալիս, որ վտանգի տակ են բոլոր տարիքային խմբերը:

Առավել երիտասարդ վիրուսակիրների վերաբերյալ տվյալներն այնքան էլ շատ չեն, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ երեխաները առանձին դեպքերում ավելի խոցելի են, քան մյուս տարիքային խմբերը՝ կախված տարիքային և առողջական խնդիրներից: Չզարգացած իմունային համակարգ ունեցող նորածինները առավել խոցելի կարող են լինել կորոնավիրուսի նկատմամբ:

Վիրջինիայի համալսարան պրոֆեսոր Սթիվեն Զեյները նշել է, որ երեխաների շրջանում առավել անհանգստացող ցուցանիշները հանդիպել է նորածինների մոտ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների շրջանում COVID-19-ով վարակվածության 30 տոկոսի վիճակը բնորոշվել է որպես «լուրջ», և դեպքերի կեսից ավելին, որի վիճակը բնորոշվել է որպես «կրիտիկական», կազմում են մեկ տարեկանից ցածր երեխաները:

Չնայած ներկայացվող թվերը քիչ են՝ 7 նորածին հիվանդությունը ծայրահեղ ծանր, իսկ 33-ը ծանր են տարել, այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ ավելի փոքր տարիքի երեխաները ավելի շատ խնդիրներ են ունենում: Նորածինների շրջանում ավելի մեծ ռիսկի պատճառն այն է, որ նրանց մոտ իմունային համակարգը դեռ զարգացման փուլում է: Ծնվելիս նորածինը դեռ պահպանում է մորից փոխանցված հակամարմինները՝ պահպանելով որոշակի դիմացկունություն վիրուսների նկատմամբ: Այդ պաշտպանությունը առաջին ամիսների ընթացքում վերանում է, մինչ երեխայի մոտ զարգանում է սեփական իմունային պաշտպանությունը:

Հայաստանում հաստատված կորոնավիրուսային դեպքերի շարքում կան դպրոցահասակ և մանկահասակ երեխաներ, այդ թվում՝ երկու ամսական երեխա: Արսեն Թորոսյանի խոսքերի համաձայն՝ նորածինը ոչ մի ախտանիշներ չունի:

Այս օրերի ընթացքում բազմիցս հարցեր ենք ուղղել՝ ցանկանալով պարզել, թե ինչպիսին է մանկահասակ երեխայի առողջությունը: Փորձել էինք պարզել, թե, ի հեճուկս նախարարի հայտարարությունների՝ «պարետի վերջին որոշումներից մեկի հավելվածում հիվանդության զարգացման ծանր ռիսկի խմբում որպես 4-րդ խումբ ներառված են մանկահասակ երեխաներն ու նորածինները: Մինչդեռ նախկինում պարբերաբար ասել եք, որ երեխաները ռիսկային խմբում չեն: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Քանի՞ վարակված մանկահասակ երեխա կա Հայաստանում: Արդյո՞ք դպրոցահասակ երեխաները, որոնք վարակվել են, նույնպես այս խմբում են: Ինչպե՞ս է 2 ամսական երեխա ունեցող ծնողի և երեխայի վիճակը»: Սակայն մինչ օրս այս խնդիրը չի բարձրաձայնվել, վերոնշյալ հարցերի հստակ պատասխանը դեռևս չունենք:

Ժամանակն է, որ Արսեն Թորոսյանը վերանայի իր մոտեցումը և կարդա վերջին գիտական հրապարակումները: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Կարդացե՛ք նաև՝
Փաշինյանը սխալ և մանիպուլյատիվ պնդումներ է արել կորոնավիրուսի մասին հարցերին ի պատասխան
Քաղաքացիների` թանկացումների և կոմունալ խնդիրների մասին հարցերին ի պատասխան Փաշինյանն առաջարկում է ապոկալիպտիկ պնդումներ չանել, մինչդեռ կան թանկացումներ
Փաշինյանը մեկ օրում 5 անգամ հակասել է իր նախկին հայտարարություններին. սովորական գրիպից մինչև օրավարձով աշխատողներ
Փաշինյանը ավետում է բարի լուր՝ հակադրվելով Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման գուժին. հակասություններ կառավարության անդամների հայտարարություններում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն