Արսեն Խառատյանը` գաղտնի բանակցո՞ղ

article-image

Ադրբեջանական haqqin.az կայքը, որը հայտնի է քարոզչական և հակահայկական բազմաթիվ հրապարակումներով, նոր նյութ է տարածել, որում, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հանդես եկող Արսեն Խառատյանը և ադրբեջանցի պաշտոնյան բանակցություններ են վարել:

Ասվում է, որ դեռևս 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` Հայաստանում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը` Արսեն Խառատյանը կապ է հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ` առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել: Նշվում է, որ նա իր գործողությունները անմիջականորեն համաձայնեցրել է վարչապետի հետ:

Կայքը նշում է, որ Արսեն Խառատյանը առաջարկել է «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը, որը առաջին փուլով նախատեսում էր երեք շրջանների «վերադարձը», այնուհետև` համաձայն «Մադրիդյան սկզբունքների»` ևս երկու շրջանի հանձնումը: Փաշինյանը դիտարկել է ուղիղ բանակցությունների հնարավորությունը` առանց միջնորդների, մասնավորապես` Ռուսաստանի: Խառատյանն էլ հավաստիացրել է, որ Փաշինյանն էլ է համոզված, որ պետք է սահմանափակել Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ հայկական նոր կառավարության ռազմավարական խնդիրներից մեկն էլ Ռուսաստանի դերի և ազդեցության թուլացումն է:

Ինչպես փոխանցում է կայքը, Խառատյանը Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի դիմաց խոստացել է ապագայում քննարկել նաև ևս երկու շրջանների` Քելբաջարի ու Լաչինի հանձնումը:

Ըստ տեղեկության` Խառատյանը առաջարկել է առաջին գաղտնի հանդիպումը անցկացնել Թբիլիսիում: Սակայն հաշվի առնելով ռոսւական հատուկ ծառայությունների ակտիվ ներգրավվածությունը Թբիլիսիում, որոշում է կայացվել հանդիպել մեկ այլ չեզոք, եվրոպական երկրներից մեկում:

Կայքը նշում է, որ պատրաստ է հրապարակել նաև Ադրբեջանի կողմից հանդես եկող բանակցողի անունը:

Ադրբեջանական կողմի հետ երկրորդ հանդիպման ժամանակ, որը ևս տեղի է ունեցել եվրոպայան երկրներից մեկում, Խառատյանը տեղեկացրել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մասին: «Փաշինյանը խնդրել է ադրբեջանական կողմին սպասել և թույլ տալ իրեն երկրում կարգուկանոն հաստատել»: Խառատյանը նույնիսկ խոսել է Արցախից եկող հնարավոր ահաբեկչական գործողության մասին: Միայն ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստացել է ուղիղ բանակցություններ սկսել:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը մեծապես շահագրգռված է եղել ստեղծված հնարավորությամբ: Սակայն երկրորդ հանդիպումից հետո Արսեն Խառատյանը տեղեկացրել է, որ Խաչատուրովի ձերբակալումը այն աստիճան է բարդացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ Կրեմլի կողմից քաղաքական ճնշման է հանգեցրել: Խառատյանի ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական հատուկ ծառայությունները իմացել են գաղտնի բանակցությունների մասին, այնուհետև հրապարակել են Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը:

Կայքը նշում է, որ տեղեկատվության արտահոսքի համար Փաշինյանը մեղադրել է Արթուր Վանեցյանին: Ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում Խառատյանը վարկած է առաջ քաշել, ըստ որի` տեղեկատվությունը ռուսական հատուկ ծառայություններին կարող էր փոխանցած լինել վարչապետի մերձավորագույն շրջապատից որևէ մեկը: Համենայն դեպս, գաղտնի բանակցությունների մասին իմացել են ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը և ՊՆ Դավիթ Տոնոյանը:

Ադրբեջանական կայքի կողմից նման հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հասցրել է հերքել տեղեկատվությունը: Նա մասնավորապես ասել է. «Ալիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:  Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:  Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ..»:

Վերջերս հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ: Ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, մեղադրում նրան բանակցությունները տապալելու մեջ: Սակայն, հայկական պատասխանատու շրջանակները, հակառակ ներքաղաքական հարցերում ակտիվության, չեն շտապում որևէ հերքող կամ հակառակը ապացուցող հայտարարություններով հանդես գալ, ինչը ևս մեկ անգամ նպաստում է ԼՂ բանակցությունների շուրջ առաջացած անվստահության մթնոլորտի խտացմանը:

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն