Գլխավոր դատախազի խորհրդականի սուտ և մանիպուլյատիվ հայտարարությունները ՍԴ մոտ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին քաշքշելու, վիրավորելու և սպառնալիքներ հնչեցնելու առնչությամբ

article-image

Հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և սեպտեմբերի 27-ին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի համեմատությանը, վկայակոչել է մի շարք մանիպուլյատիվ և ակնհայտ սուտ փաստեր:

Իր հայտարարության մեջ Գոռ Աբրահամյանը նշում է, որ  դատավոր Գյուլումյանի հետ կապված միջադեպը դատախազությունում քննության առարկա է դարձել ոմն քաղաքացու իրեն (քաղաքացուն) հրելու և գցելու հաղորդման կապակցությամբ, և այդ դեպքերի առթիվ համապատասխան հանցակազմերի բացակայության պատճառով ընդունվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ դատավոր Ալվինա Գյուլումյանը դատախազությանը իր տված բացատրության մեջ նշել է, որ թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին:

«Փաստինֆո»-ի խնդրանքով ՍԴ դատավորը արձագանքել է իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը, որից ակնհայտ է դառնում, որ գլխավոր դատախազի օգնականը ակնհայտ սուտ տեղեկություններ է հրամցնում հասարակությանը: Ալվինա Գյուլումյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին և 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի և հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների  առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի  հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի  քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է և որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի  137-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել: Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել: Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները և վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,- նշված է Ա.Գյուլումյանի՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հայտարարության մեջ:

Փաստորեն ստացվում է այնպես, որ գլխավոր դատախազի խորհրդականը ակնհայտորեն ստում է, և Ալվինա Գյուլումյանը դատախազությանը՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքների և վիրավորանքների՝ իր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին որևէ պարզաբանում չի տվել:

Այս կապակցությամբ Գոռ Աբրահամյանը հոկտեմբերի 24-ին իր ֆեյսբուքյան էջում ևս մի հայտարարություն է տարածել, որտեղ անհաջող փորձ է արվել խեղաթյուրելու իրականությունը, փարատելու սեփական և/կամ՝ դատախազության սուտը: Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից հայտնի է դառնում, որ հոկտեմբերի 1-ի դատախազության տարածած հայտարարության մեջ Ալվինա Գյուլումյանի մասով մեջբերումը արել է այն քաղաքացին, որը հաղորդում էր ներկայացրել իրեն հրելու և գցելու կապակցությամբ, այնինչ Աբրահամյանի նախորդ հայատարության մեջ հստակ նշված էր՝ «Ալվինա Գյուլումյանը իր տված բացատրության մեջ նշել է, որ թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին»:

Սա դեռ ամենը չէ, դատախազության տարածած առաջին հայտարարության մեջ խոսք չի գնում այն մասին, որ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ կատարված ապօրինությունների նկատմամբ ՍԴ աշխատակազմը ևս հաղորդում է ներկայացրել, և որ այդ առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ, այնուհետև ընդունվել վարույթը կարճելու որոշում: Փաստացի գլխավոր դատախազի օգնականը բացի այն, որ ակնհայտ սուտ տեղեկություւն է հայտնել, նաև թաքցրել է հանրային ընկալման վրա միջադեպի վերաբերյալ էական ազդեցություն ունեցող փաստեր և այսպիսով կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ կատարված ապօրինությունների առիթով:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին Ալվինա Գյուլումյանին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել ՍԴ դատավորի հասցեին:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն