
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սկանդալային հայտարարությանն ու պնդել, թե պատերազմի չորրորդ օրը կայացած Անվտանգության խորհրդի նիստում որևէ մեկը պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու է վերջինս հիմա բարձրաձայնում այս մասին` Գրիգորյանը նշել է. «Քաղաքական դաշտում շահարկվում է այս թեման»:
Դեռևս 2020թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ էր հղել, որում ասվում էր. «Պատերազմի ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:
Այն, որ այս իշխանության ներկայացուցիչների խոսքերը արժանահավատ չեն, մեծամասամբ ստահոդ ու մանիպուլյատիվ են, ապացուցման կարիք չունի. «#հաղթում_ենք» լոզունգը վկա:
Բացի այդ, Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը, թե ինքը Օնիկ Գասպարյանի «ստի» մասին բարձրաձայնում է շուրջ 5 ամիս անց՝ քաղաքական շահարկումները տեսնելով, մեղմ ասած, զավեշտալի է:
Քաղաքական հեռատեսություն չունեի՞ն, որ հնարավոր շահարկումները կանխատեսեին ու դասական «լկտի սուտ» որակմամբ հերքում տարածեին, թե՞ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո նոր հակահերոս հնարելու անհրաժեշտությունն է պատճառը:
Ի հավելումն` նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցազրույցների ընթացքում խոսել է «շահարկվող», ոչ պակաս կարևոր թեմաների մասին (Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հայտարարությունների և հանդիպման առաջարկների, Իսկանդերի կիրառության, Շուշիի պատկանելության մասին և այլն), իսկ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ոչ մի ձևով չի մեկնաբանել, ինչը ևս մեկ առիթ է տալիս ԱԽ քարտուղարի խոսքերը արժանահավատ չհամարելու համար:
Հետաքրքիր է, որ տավուշյան սահմանային բախումներում ունեցած «հաղթանակը» Արմեն Գրիգորյանը վերագրում էր զինվորական գործից չհասկացող դասալիք Փաշինյանին` ասելով, թե ողջ գործընթացը վերջինիս կողմից է ղեկավարվել: Ինչու՞ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը ԱԽ քարտուղարը նույն ոգևորությամբ չի վերագրում կապիտուլյանտին՝ թերևս թողնենք անպատասխան:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am