Լոռու մարզպետարանում 2019թ. պարգևավճարները կազմել են 130,081,200 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` մարզպետի, մարզպետի տեղակալների ստացած պարգևատրումները` առանձին:

Լոռու մարզպետարանից մեզ պատասխանել են, որ 2019 թվականի պետական բյուջեով Լոռու մարզպետարանին հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվել են պարգևատրումներ: Վերը նշված հոդվածով նախատեսված է եղել 93,190,500 դրամ, որից ծախսը 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 76,346,000 դրամ:

Պարգևավճարների առաջին վճարումը կատարվել է ապրիլին` առաձին եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, որից հետո վճարումները կատարվել են յուրաքանչյուր ամիս` բյուջեով նախատեսված գումարներին համապատասխան: Պատասխանում նշվում է, որ աշխատակիցներին պարգևավճարները ոչ հավասարաչափ են վճարվել. հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը: Պարգևատրման չափը կազմել է հիմնականում աշխատողների դրույքաչափի 20-30 տոկոսի սահմաններում: Մյուս աշխատակիցների հետ միասին` նույն կարգով պարգևատրվել են նաև մարզպետի օգնականները և խորհրդականները:

Մարզպետարանից հայտնում են նաև, որ 2019 թվականին պետական բյուջեից մարզպետարանին հատկացված «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսված գումարների հաշվին մարզպետարանի քաղաքացիական ծառայողները, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրվել են նաև հունվար և հուլիս ամիսներին: Վերը նշված հոդվածով կատարված ծախսը կազմում է 36,890,700 դրամ: Կառույցը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված պարգևատրումը քաղաքացիական ծառայողներին վճարվում է դեռևս 2002 թվականից:

Ստացվում է, որ 2019 թվականի համար նշված երկու հոդվածներով պարգևավճարները կազմել են 130,081,200 դրամ:

Մարզպետարանի պատասխանում, սակայն, բացակայում է մարզպետի, փոխմարզպետների ստացած պարգևավճարների մասին տեղեկատվությունը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնում է, որ մարզպետին և փոխմարզպետին ուղղված պարգևավճարների տրման ընթացակարգը գաղտնի է, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն