.png)
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր սկանդալային հոդվածներով, որոնք տարիներ շարունակ թունավորել են հայկական հասարակությունը: Այդ հոդվածների մասին բազմիցս ենք խոսել և ներկայացրել` համեմատելով այն Նիկոլ Փաշինյան վարչապետի հայտարարությունների և տեսակետների հետ` ի ցույց դնելով ապագա վարչապետի վերաբերմունքը բանակի, Արցախյան պատերազմի, պատերազմում զոհված ազատամարտիկների, Արցախյան հակամարտության կարգավորման, Արցախի շրջանների` հայկական լինել-չլինելու, «օկուպացված» լինել-չլինելու վերաբերյալ:
Ներկայացնում ենք ևս մի հոդված` Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ` «Մոլորակ» թերթում` 1988 թվականի փետրվարի 11-ին.
«1988 թվականի հունվարի 20-ին OPT-ով հեռարձակվող CTR հեռուստաընկերության եթերաժամը ընդհատվեց լռության րոպեով։ Լռության րոպեն նվիրված էր 1990 թվականի Բաքվի հայտնի իրադարձության զոհերին։ Այդ օրը Խորհրդային բանակի տանկերի տակ մնացին մի քանի հարյուր բաքվեցիներ։
Լռության րոպեն հեռարձակվեց նաև Հայաստանում։ Ու այս փոքրիկ րոպեի՝ հայ հանրության շրջանում հարուցած արձագանքը ինձ ստիպեց ևս մեկ անգամ մտածել մեր հանրության մթագնող գիտակցության մասին։ Բանն այն է, որ լրատվության մի շարք միջոցներ մեղավորներ էին փնտրում։ Իբր՝ այդ ովքեր են, որ համարձակվել են Հայաստանում հեռարձակել Բաքվի զոհերի հիշատակը հավերժացնող լռության այդ րոպեն։ Թերևս, եթե նախապես մենք իմանայինք, որ նման ակցիա է հեռարձակվելու, մեր ազգային տրամաբանության համաձայն պետք է նախապես պատրաստվեինք հենց այդ ընթացքում ամբողջ ուժով աղմկելու։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչու հայերը տարածաշրջանում ամենահավատարիմ դաշնակիցն են համարվում։ Բավական է խոսել ադրբեջանցի կամ թուրք անմեղ զոհերի մասին, որպեսզի մեր գիտակցությունը մթագնի, մեր բերանները փրփեն։ Մենք զարմանալի խանդով ենք լցված ուրիշի զոհերի նկատմամբ, որովհետև մեր պատկերացմամբ մենք ենք միայն զոհեր տվել, մեր զոհերն են միայն անմեղ, ու մենք զոհվելու միայն իրավունք ունենք։ Երեկ «Լրաբերով» մի քաղաքացի ահագին երկար ելույթ ունեցավ «Մահ կամ ազատություն» մակագրությամբ դրոշի ներքո։ Դուք գիտեք, թե ինչ է պետք «Մահ կամ ազատություն» մտածողություն ունեցող մարդուն սեփական շահերի զինվոր դարձնելու համար։ Նույն «Լրաբերով» Ժիրինովսկին՝ խոսելով 1915 թվականի ցեղասպանության մասին, տարակուսանք հայտնեց, թե ինչու մինչև հիմա հայերի ցեղասպանությունը պատժված չէ։ Ժիրինովսկին անձամբ չի պատրաստվում, իհարկե, պատժել ցեղասպաններին։ Դրա համար նա ուղղակի պատրաստ է զենքով ու «բուշլատներով» ապահովել «Մահ կամ ազատություն» կանչող մարդկանց, ու նրանց ուղարկել պաշտպանելու իրենց արդարացի դատը։ Իսկ թե ինչով է դա վերջանում, կարելի է պատկերացնում կազմել ուսումնասիրելով հայ վրիժառության պատմությունը։
Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի Բաքվի զոհերի հիշատակը։ Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում, և թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում»:
Հոդվածում Նիկոլ Փաշինյանը ծաղրում է «Մահ կամ ազատություն» դրոշով խոսողին` նկատի ունենալով, բնականաբար, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Նա արհամարհանքով է խոսում տարբեր տարիներին զոհված ու նահատակված մեր հայրենակիցների մասին: Նրա համար` «մեր պատկերացմամբ մենք ենք միայն զոհեր տվել, մեր զոհերն են միայն անմեղ, ու մենք զոհվելու միայն իրավունք ունենք»:
Նման խոսքերը այլևս զարմանալի չեն թվում Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ 3-ամյա իշխանության արդյունքում: Դժվար չէ հիշել Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հայտարարությունը առ այն, որ «Արցախում զինվորները զոհվում են հանուն ոչնչի»: Այս առումով ևս Նիկոլ Փաշինյանը հետ չէր մնում, երբ իր «Օրագիր» թերթում հեգնում էր Վազգեն Սարգսյանին, թե` «բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին»` անդրադառնալով դեռևս 1999 թվականին Քարվաճառում զոհված զինծառայողներին: Արդեն իսկ հասկանալի է, թե տարիներ շարունակ ինչ հավատամք են դավանել Փաշինյան ամուսինները: Նրանք հայ ժողովրդի ամենածանր և ամենացավոտ հարցում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պայմանավորում էին ադրբեջանական պետության դիրքորոշումների հետ` այսպիսով` տուրք տալով Ադրբեջանի շահերի պաշտպանությանը:
Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղերձով չդիմեց հանրությանը և չհարգեց Բաքվի հայկական ջարդերի հիշատակը:
Այսօր խորհրդանշական օր է. 100 տարի առաջ այս օրը` 1921թ. մարտի 15-ին, «Նեմեսիս» պատժիչ գործողության շրջանակում դաշնակցական Սողոմոն Թեհլերյանը Գերմանիայում գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին` Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային` «պաշտպանելով արդարդացի դատը»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի նմանները ժամանակին ծաղրում էին Սողոմոն Թեհլերյանի նման մարդկանց արդար վրեժխնդրությունը, հեգնում Հայոց ցեղասպանության զոհերին: Արդյունքում, այնքան էլ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի հարգում Արցախում զոհված 5000 հայորդիների արյունը, և չհարգելով էլ կործանեց տասնյակ հազարավորների կյանքերը:
Աղբյուր՝ AntiFake.am