Պատգամավոր Խաչատրյանի ստերն ու մանիպուլյացիաները` Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

article-image

Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում բազմաթիվ խնդրահարույց, սուտ և մանիպուլյացիոն հայտարարություններ է արել:

Նախօրեին Սյունիքում հայ դիրքապահների կենցաղի և պայմանների մասին պատմող տեսանյութ էր հրապարակվել, որը զայրույթի ալիք առաջ բերեց համացնացում և գրավեց իրավապահների ուշադրությունը, իսկ տեսնայութը հրապարակած զինվորականը հրավիրվել էր ռազմական ոստիկանություն:

Այս առնչությամբ պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշում է. «Երկրի ազգային անվտանգության հետ կապված խնդիրները չի կարելի սոցիալական ցանցերում քննարկել: Կան ծառայողական գաղտնիք և պետական գաղտնիք պարունակող նյութեր, որոնք առավել ևս սոցիալական ցանցերում քննարկման ենթակա չեն»:

Հետաքրքիր է, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր ռազմական տվյալներ Հայաստանի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի ոչնչացման հաջորդականության մասին` մանրամասնությամբ: Արդյո՞ք այդ ժամանակ էլ Արմեն Խաչատրյանը այն համարում է սոցիալական ցանցում հրապարակված ռազմական գաղտնիք, թե՞ ոչ:

 

Միաժամանակ, պետք է նկատել նաև այն փաստը, որ իշխանությունների պատճառով վատ իրավիճակը ներկայացնելիս վնասում են ազգային անվտանգությունը, իսկ այն դեպքում, երբ պետության ղեկավարն է նման տվյալներ հրապարակում` «հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք»:

Նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները «ցինիկ» որակելով` Արմեն Խաչատրյանը նշում է. «Որևէ մեկը այս պահին չի կարող մեզ ինչ-որ բան պարտադրել»:

Կարծիք կա, թե Արմեն Խաչատրյանը հայաստանյան իրականության մեջ չի ապրում: Պետք է հիշեցնել իմքայլական պատգամավորին, որ նախ 2020թ. նոյեմբերի 10-ին իր քաղաքական թիմի ղեկավարը ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, այնուհետև հանձնել Սյունիքի` ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերը, գյուղերի մասեր, Գորիս-Կապան ավոտոճանապարհահատվածը հայտնվել է սպառնալիքի տակ, իսկ ներկայումս Ալիևի հայտարարություններին Հայաստանի բարձրաստիճան շրջանակներից դեռևս խելամիտ և համարժեք պատասխան չի հնչել: Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը արել են այն, ինչ իրենց թելադրվել և պարտադրվել է (որի մասին չեն խոստովանում), ուստի Արմեն Խաչատրյանի հայտարարությունը սին է:

Արմեն Խաչատրյանը նաև հայտարարում է. «Այս պահին ես գնահատում եմ, որ պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի: Պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի»:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Տավուշում սահմանային բախումների ընթացքում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշում էր, որ «Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտության լուծման հարցում, ո՛չ էլ տարածաշրջանում», իսկ ավելի ուշ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, որ «չնայած Ադրբեջանի ջանքերին, Թուրքիան այդ քայլին չի գնա, ու դրա համար կան հստակ պատճառներ»:

Այդ իրադարձություններից հետո էլ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները անհրաժեշտ լուրջ ուշադրության չարժանացան, իսկ արդեն սեպտեմբերի 27-ին էլ սկսվեց լայնամասշտաբ պատերազմ Արցախի դեմ:

Պատմությունը կարծես թե կրկնվում է, և այսօր էլ ադրբեջանական բանակը ակտիվ զորավարժությունների մեջ է` յուրահատուկ ռելիեֆային պայմաններում, իսկ Ալիևը շարունակում է հոխորտալ` սպառնալով գրավել Զանգեզուրը, սակայն Արմեն Խաչատրյանը և իր գործընկերները շարունակում են լուրջ չվերաբերվել անվտանգային այս սպառնալիքներին:

Պատգամավոր Խաչատրյանը հասցրեց նաև ստել: Նա ակնհայտ զարմացած դեմքով հայտարարում է. «Չի նշանակում, որ այնպիսի իրավիճակում է գտնվել երկիրը, որ (Սյունիքի – խմբ.) համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին, գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտությունը չկա», այնուհետև` «Որևէ ջոկատ` համայնքապետի, տեսե՞լ եք, որ ադրբեջանցու դեմ պայքարի, և որտեղ է այդ պայքարը երևում»` հարցնելով` «Ի՞նչ էին անում համայնքապետերը»:

Միանգամից նշենք, որ Արմեն Խաչատրյանի այս պնդումը ամբողջովին սուտ է:

Առաջին, համայնքապետերի կողմից ջոկատ կազմելու «հորդոր» եղել է անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից, որը նշել է. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»:

Երկրորդ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դեռևս հոկտեմբերի 1-ից մարտական հերթապահության էր` գնդացրորդի ծառայություն իրականացնելով, իսկ ջոկատի կազմում հիմնականում Գորիսի գյուղերից են, իսկ հատվածներից մեկում պատասխանատուն հենց համայնքապետն էր:

Իսկ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը դեռևս դեկտեմբերի 17-ին ներկայացնում էր այն աշխատանքները, որոնք կատարվել էին հայկական հենակետերի ամրացման և սարքավորման համար, որոնք կարճ ժամանակում իշխանությունների որոշմամբ հանձնվել է ադրբեջանցիներին: Քաջարանի համայնքապետը նշում էր, որ դիրքերի ամրակցման աշխատանքների վրա հսկայական գումարներ են ծախսվել, իսկ դրանց համար պետական աջակցություն չեն ստացել: Փարամազյանը պատերազմի օրերին նաև առանձին կոչով էր դիմել բնակչությանը` Սյունիքի պաշտպանությունն իրականացնելու համար:

Այդ օրերին նաև տեսանյութեր էին տարածվում, որտեղ հայ զինվորները, Նիկոլ Փաշինյանին անիծելով, ստիպված հանձնում էին իրենց պահած դիրքերը:

Իսկ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հոկտեմբերի 7-ին վիրավորվել էր: Համայնքապետարանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ համայնքի ղեկավարը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։ Իսկ Մեղրիում կամավորագրման կոչը հետևել էր Նիկոլ Փաշինյանի կոչին` հոկտեմբերի 18-ին համայնքապետարանը հայտարարություն էր տարածել:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այսօր Սյունիքը անվտանգ է: Ավելին, նա հարցնում է. «Ի՞նչ ա եղել այսքան ժամանակ Սյունիքում: Ինչ-որ մեկը Սյունիքում պատերազմից հետո վնաս կրե՞լ է: Այսքան ժամանակ ինչ-որ մի քաղաքացի ադրբեջանցիքից վնաս կրե՞լ է, թե՞ ոչ: Ինչ-որ քաղաքացու անվտանգության հետ կապված խնդիր առաջացե՞լ է, թե՞ ոչ»: Խաչատրյանի համար անհանգստություն չի ներկայացնում նաև ԱԱԾ զգուշացումը` Սյունիքում տեղաշարժվելու կապակցությամբ: Նա նշում է, որ ԱԱԾ զգուշացումը վերաբերում է ցանկացած օգնություն ակնկալելուն:

Պատգամավորը կարծես թե մոռանում է, որ պատերազմից հետո Սյունիքի Շուռնուխ գյուղը կիսվել է, գյուղում և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական խաղաղապահն ուժերն են, գյուղի բնակիչների մի մասը թողել է իր տունը, իսկ նոր տների կառուցումը հետաձգվում է: Ագարակ գյուղը գտնվում է անկլավային դիրքում: Հակառակորդը վերահսկում է Կապանի բարձունքները, և ամբողջ քաղաքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ: Արավուս գյուղի տարածքում ադրբեջանցիները ի հաշիվ համայնքի տարածքների, առաջ է եկել: Իսկ Դավիթ Բեկ գյուղը թշնամու հենակետերից գտնվում է ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա: Ավելին, դեռևս հունվարի 12-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, որը ուսումնասիրություններ է կատարում Սյունիքում, հայտնել է, որ  Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: Իսկ ճանապարհին կարելի է հանդիպել «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակներ, ինչպես նաև` զինված ադրբեջանական զինծառայողներ:

Արման Թաթոյանը ահազանգում էր նաև, որ «Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սյունքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է»:

Եվս մեկ դրվագ. 2021թ. փետրվարին պատգամավորի կողմից հավաստվող անվտանգ Սյունիքում զինված ադրբեջանցիները հափշտակել էին ոչքարների մի ամբողջ հոտ, որը բանակցություններից հետո միայն վերադարձվել է` գլխաքանակի կորստով:

Իմքայլական պատգամավորների մի որոշ հատված շարունակում է ստերով և մանիպուլյացիաներով կառչած մնալ իր աթոռին և ամեն գնով պաշտպանել իրենց քաղաքական ղեկավարին, և Արմեն Խաչատրյանը, որը կարող է հավասարապես «նախկին» համարվել, այսօր շարունակում է իր ստերով և մանիպուլյացիաներով լի հայտարարությունները:

 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն