Նիկոլ Փաշինյանը կարծես թե սկսել է նախընտրական քարոզարշավը: Բազմաթիվ թիկնապահներով ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներով շրջապատված` այսօր նա Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ուջան, Ներքին Բազմաբերդ, Բյուրական, Կարբի և Օհանավան գյուղերում էր:
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ է մեկնել մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ AntiFake.am-ը նկատել էր մոտ 2 տասնյակի հասնող անվտանգության աշխատակիցների, որոնք Փաշինյանին պաշտպանում էին՝ կանգնելով անմիջապես հավաքված ժողովրդի և Փաշինյանի միջև։ Անվտանգության մյուս աշխատակիցները կանգնած էին հավաքվածների շարքերում՝ իբրև Փաշինյանի աջակիցներ։
Նիկոլ Փաշինյանի այս անգամվա թեզերը առավել քան պարզ են. նա փորձում է ապացուցել, որ Ղարաբաղը ոչ թե ինքն է հանձնել, այլ հանձնել են դարձյալ «նախկինները», իսկ ինքը ոչ մի բան անել չի կարողացել:
Հետաքրքիր է, որ բազմաթիվ նոր ու աբսուրդային ստերի հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է արդեն իսկ ամիսներ ու տարիներ առաջ հնչեցված ստեր:
Անդրադարձել ենք դրանցից ամենահնչեղներին ու աղաղակողներին.
Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ վերջինիս օրոք են բանակցությունները մտել փակուղի և դրանցից ելք չի եղել, որն էլ հանգեցրել է պատերազմի արդեն իր օրոք:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը երեկ շատ կոշտ արձագանքով ևս մեկ անգամ ապացուցեց Նիկոլ Փաշինյանի բազմաշերտ սուտը:
Իսկ մենք էլ մեր հերթին հրապարակենք Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը` 2016 թվականի հոկտեմբերի 7-ին:
«Մեզ խաբեցին:…Մեր դեմ դիվանագիտության մեջ անընդունելի բառեր օգտագործվեցին:… Սակայն փակ դռների հետրում այնքան խոսակցություններ կային, մեր դեմ մեծ ճնշումներ էին, որ Ադրբեջանը թույլ տար Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք հիմա չենք բացահայտի դրանք: Քանի որ դիվանագիտությունն իր կանոններն ունի: Այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում և հասարակական կազմակերպություններում մեր դեմ զրպարտության, աղմուկի և վիրավորանքի արշավների, ինչպես նաև այստեղ (նկատի ունի` Ադրբեջանում- խմբ.) «5-րդ շարասյան» հիմնական նպատակը մեզ ստիպելն է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա երբեք չի լինելու: Քանի դեռ մենք իշխանության ենք,… Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրան»,- ասել է Ալիևը:
Ալիևի ամբողջական ելույթը տեքստային տեսքով առկա է ադրբեջանական պետական լրատվամիջոցում` «Azertac»-ում: Ընթերցողին համենայն դեպս անհրաժեշտ է փոխել օգտագործվող սարքի IP-ն` VPN-ի միջոցով` այն բնագրով աղբյուրում գտնելու և կարդալու համար: Ուստի խնդրում ենք զգույշ լինել:))
Իսկ AntiFake.am-ն էլ արդեն իսկ երկու տարիների ընթացքում հետևողականորեն շարունակել էր բացահայտել ու վեր հանել Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում և սեպտեմբերյան պատերազմից հետո հնչեցված արձագանքներն և ստերը:
Հիմնական թեման այն էր, թե իբր Սերժ Սարգսյանը դեռևս 2018թ.-ին ընդունում էր, որ բանակցությունները փակուղում են, և որ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմից խուսափել չհաջողվեց հենց Սերժ Սարգսյանի պատճառով:
Սակայն Սերժ Սարգսյանի խոսքը այլ բանի մասին էր: Երրորդ նախագահը նշում է, որ բանակցություններում հայկական կողմի մոտեցումները և արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունները ընդունում են բոլորը` բացի Ադրբեջանից: Ավելին, սրանից էլ կարելի է եզրահանգման գալ, որ համանախագահները և միջազգային հանրությունը հնարավոր պատերազմի դեպքում մեղադրելու են Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար:
Այս հանգամանքը ապացուցվում է նաև արդեն Նիկոլ Փաշինյանի պատճառով բանակցությունների ձախողման օրինակներով: ԵԱՀԿ Մինսկի համանախագահները` ընդհանուր հայտարարություններով, համանախագահ երկրի արտգործնախարար Լավրովը, արդեն 44-օրյա պատերազմից հետո` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ապացուցում են հենց Փաշինյանի կողմից բանակցությունները փակուղի տալու և Ադրբեջանին հնարավորություն տալու պատերազմ սկսելու և անպատիժ մնալու փաստը:
Հենց սա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` դեռևս 2018թ. ապրիլի 17-ի խոսքի բովանդակությունը, որը հերթական անգամ փորձեց մանիպուլացնել բանակցությունները ձախողած և պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը:
Հեղինակ` Մելինե Հայրապետյան
Աղբյուր՝ AntiFake.am