Փաշինյանը կեղծում է զոհված զինծառայողների թիվը՝ հակասելով անգամ պաշտոնապես հայտարարված տվյալներին. փաստեր

article-image

Երեկ՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզում համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է. «Պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունենք: Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, որոնք ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի»։

Փաշինյանը կեղծում է զոհված զինծառայողների իրական թիվը՝ հակասելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, առողջապահության նախարարության և Գլխավոր դատախազության՝ դեռ մեկ-երկու ամիս առաջ պաշտոնապես հայտարարած տվյալներին, որոնք ներկայացրել են զոհված զինծառայողների ավելի մեծ թիվ։

Այսպես, հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգյան Ավինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ «ունենք 3439 դուրս բերված մարմին»։

Փետրվարի 18-ին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարվել են ՀՀ զինվորական դատախազության տվյալները, համաձայն որի` միայն 2020 թվականին նույնականացվել  է 3389 զինծառայողի մարմին:

Հատուկ ընդգծենք, որ խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Սա նշանակում է, որ վերջինս նվազագույնը տիրապետում է դատախազության կողմից հայտնած 2020 թվականի դրությամբ առկա տվյալներին։ Այսինքն՝ պաշտպանության նախարարությունը նույնպես չէր կարող Նիկոլ Փաշինյանին զեկուցել այն թիվը, որը վերջինս հնչեցրել է, որը փոքր է անգամ 2020 թվականի դրությամբ առկա պաշտոնական տվյալներից։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների իրական թիվը դեռ մեկ-երկու ամիս առաջ հայտարարված պաշտոնական տվյալներից։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է պատերազմի աղետալի հետևանքներն ու իր հազարավոր զինվորների կյանքի գնով ջախջախիչ պարտությունը մեղմելու համար, նորություն չէ։ Դեռ պատերազմի օրերին ամենօրյա ծանր կորուստների ֆոնին հանրությանը ներկայացվում էր, թե հաղթում ենք։ Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո էլ պարզվեց, որ հայկական կողմը ստիպված է զիջել ավելի շատ տարածքներ, քան ենթադրվում էր կապիտուլյացիոն ակտով։ Իշխանությունը հանրությունից  մինչ այս պահը թաքուն է պահում պատերազմի արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստների, անհետ կորածների ու գերիների իրական թիվը։ Եվ այս տեղեկատվական բացը պաշտոնական մարմինները լցնում են իրարից տարբերվող կեղծ թվերով։ Ինչպես կարելի է ենթադրել, իրական թվերը կեղծելու և իրական կորուստներից անհամեմատ ավելի փոքր կորուստներ ցույց տալու ամենամեծ ջատագովը «Սուտնիկոլ» Փաշինյանն է, քանի որ վեջինս հակասում է անգամ իրեն ենթակա կառույցների ու անձանց հայտարարած թվերին։

Ոչ պաշտոնական տեղեկություններով` հայկական կողմն ունի 5000-ից ավելի զոհ, չնայած իշխանությունը մեզ համոզում է, որ զոհերի թիվը չի գերազանցելու 4000-ը։ Արդյո՞ք երբևէ հանրությունը կիմանա զոհերի իրական թիվը, զոհված զինծառայողների անունները, կճանաչի պատերազմում զոհված տղաներին դեմքերով, ինչպես 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին։ Այս իշխանություններից թերևս նման ակնկալիք ունենալը անիմաստ է։  

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն