Արարատ Միրզոյանի սխալները Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ելույթում

article-image

Այսօր` հունվարի 18-ին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը իր ելույթում նշել է. «ուզում եմ արձանագրել եւ վերահաստատել՝ ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո»:

ԱԺ ելույթի կապակցությամբ քննարկումներ սկսվեցին սոցիալական ցանցերում: Մասնավորապես, «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԺ նախագահի ելույթում անճշտություններ կան:

Մենք որոշեցինք մի փոքր ուսումնասիրություն կատարել ԱԺ նախագահի ելույթի կապակցությամբ և վեր հանել այն հատվածները, որտեղ Միրզոյանը թույլ է տվել անճշտություններ և սխալներ։ Այսպես, Ազգային ժողովի նախագահն իր ելույթում նշում է.

1. «1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»։

Այսպես, Բաքվում հայկական սպանդը տեղի է ունեցել Սումգայիթի կոտորածից (1988 թվականի փետրվարի 27-29) և Գանձակի (Կիրովաբադի) հայերի ջարդերից (1988թ. նոյեմբեր) գրեթե 2 տարի հետո` 1990 թվականի հունվարի 15-ին:

Ինչպես և կարելի է նկատել, այս իրադարձությունների միջև ժամանակագրական դադարը կազմում է մոտ 2 տարի, ինչը բավական մեծ ժամանակահատված է, այն էլ այն դեպքում, երբ հենց այդ ժամանակամիջոցում հասունացավ և իր գագաթնակետին հասավ Ղարաբաղյան շարժումը: Այսինքն, Միրզոյանի նշած «չափազանց շատ կարճ» ժամանակահատվածը սխալ է։

Ինչ վերաբերում է Մարաղայի ոճրագործությանը, ապա հարկ է նշել, որ Մարաղան չի կարելի դասել վերոնշյալ կոտորածների շարքին, և այս դեպքում էլ «կարճ ժամանակ» չէր անցել:

Մարաղայում տեղի ունեցած ոճրագործությունը համարվում է ռազմական հանցագործություն, քանի որ 1992 թվականի ապրիլին ադրբեջանական ռազմական ագրեսիան արդեն իսկ ակտիվ փուլում էր, և այս դեպքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները սպանել են խաղաղ և անզեն բնակչությանը, ինչը տեղի ունեցավ նաև Խոջալուում:

1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են ավան։ Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին հաջողվել է Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին։ Սակայն մոտ 118 հոգի` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, մնացել են ավանում։ Նրանցից շատերն անողոքաբար սպանվեցին ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին (Առավել մանրամասն` տե՛ս` «Սովորական ցեղասպանություն - վավերագրական ֆիլմաշար. Մարաղա, 1992, ապրիլ»):

2. Արարատ Միրզոյանի ելույթի մյուս հատվածում նա խոսում է ՀՀ Զինված Ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին.

«… Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016 թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք:…»:

Պետք է նշել, որ Գուրգեն Մարգարյանը ունեցել է «լեյտենանտի» կրտսեր սպայական կոչում, նա չի եղել պարզապես «զինվոր»: 

Զոհված սպայի անունը իրապես պետք է բարձրաձայնվեր ԱԺ նախագահի կողմից ադրբեջանցի ոճրագործի անվան հիշատակման հետ մեկտեղ:

Ինչպես և իրավացիորեն նշել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը, նման կարևորություն ներկայացնող իրադարձությունների ժամանակ պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք` մեր հարևանների դեմ քարոզչական պատերազմում տանուլ չտալու համար:

Նշենք, որ Մարինա Գրիգորյանն իր գրառմամբ անդրադարձել էր Արարատ Միրզոյանի ելույթում տեղ գտած վերը նշված անճշտություններին, ինչն էլ հիմք հանդիսացավ առավել մանրամասն ստուգելու ելույթը և ներկայացնելու բացթողումներն ու անճշտությունները։

Մարինա Գրիգորյանի գրառումը՝ ստորև.

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն