Արարատ Միրզոյանը ստում է. պատգամավորները պարգևավճարներ են ստացել նաև մարտին, ապրիլին և սեպտեմբերին

article-image

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում խոսել է պարգևավճարների մասին: Պատգամավորը անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների ստացած պարգևավճարներին:

««ԲՀԿ» խմբակցությունը և պարոն Ծառուկյանը ստացել են 45 մլն դրամ պարգևավճար: Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա մասին խոսեն, ընդհակառակը` դեմ են խոսել, մի 20 մլն էլ ստացել է պարոն Մարուքյանը իր խմբակցությունով, բայց որևէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է»,- ասաց Գաբրիելյանը:

Գաբրիելյանի պնդումներին պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը իր ելույթում նշեց, որ խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները անցյալ տարի գարնանը՝ համավարակից սկսած, վճարել են համավարակի առնչությամբ ստեղծված ֆոնդին, պատերազմով պայմանավորված` «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Պարգևավճարները Ազգային ժողովում քննարկման առիթ դարձան, որին էլ արձագանքեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարի համար: «Դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆոնդին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ելույթում նշում է, որ պարգևավճարների թեման «17-ի լրատվամիջոցների» համար շահարկման առիթ է դարձել, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին տրվող պարգևավճարներին, «ճիշտ են արել, ավելի շատ պիտի տան»:

Դարձյալ անդրադառնալով Ազգային ժողովում բաժանվող պարգևավճարների թեմային` պետք է փաստենք, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դարձյալ ստում է:

Նախ, նախորդ տարի փետրվարին պատգամավորները պարգևատրվել են երկու անգամ` աշխատավարձի սահմանաչափի 100%-ի և 30%-ի չափով:

Այնուհետև, համաձայն AntiFake.am-ի համապատասխան հարցման պատասխանների` Ազգային ժողովում 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում Արարատ Միրզոյանի` փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ պարգևատրումների ընդհանուր չափը կազմում է 113.237.560 դրամ: Մեկ այլ` Կ-15-Ա կարգադրութամբ` պարգևատրման չափը կազմում է 60.540.423 դրամ:

2020թ. մարտի 3-ի Միրզոյանի կարգադրությամբ պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 61.149.110 դրամ: Մարտի 25-ի մեկ այլ կարգադրությամբ` Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է աշխատավարձի 30%-ի չափով: 

ԱԺ աշխատակազմի տրամադրած պատասխանում տրամադրվել է տեղեկատվություն նաև ապրիլի 2-ին տրամադրված պարգևատրումների վերաբերյալ` 35.064.525 դրամ:

Հարցման պատասխանում ԱԺ աշխատակազմը հստակ նշում է, որ 2019 թվականից մինչև հարցման պատասխանի օրը` 2020թ. ապրիլի 21-ը, ՀՀ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից:

Արարատ Միրզոյանի` արդեն 2020թ. սեպտեմբերի 18-ի կարգադրությամբ` պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75%-ի չափով: 

Հետաքրքիր է, որ 2020թ. սկսած, ի տարբերություն 2019թ. հրապարակված կարգադրությունների և հավելվածների` պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունների հավելվածներն ու որոշ դեպքերում խրախուսվող գումարի չափն այլևս չի հրապարակվում ԱԺ աշխատակազմի կողմից:

Դեռևս այս տարի փետրվարին իր հարցազրույցներից մեկում Ալեն Սիմոնյանը իր հերթին էր հայտարարել, թե ինքը պարգևավճար չի ստանում, այնինչ այդ ժամանակ AntiFake.am-ը ներկայացրել էր 2019-2020թթ. ընթացքում պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունները:

Ստացվում է, որ Արարատ Միրզոյանը ստում է` նշելով, որ 2020թ. փետրվարից հետո պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն