Հրաչյա Հակոբյանի պնդումները քաղաքական հետապնդումների բացակայության և ազատ մամուլի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը

article-image

Հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. հիմա նույն պնդումն անում եմ մամուլի վերաբերյալ. Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա, և դա բոլորդ գիտեք, բոլորը դա տեսնում են, ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել էս աստիճանի մամուլը ինչ ուզի, խոսի, էնպես որ բոլորս շատ լավ գիտենք, որ ՀՀ-ում մամուլը ոչ միայն ազատ է, այլ նաև, երբեմն, ներողություն, բայց անում է էնպիսի հայտարարություններ, գրվում են էնպիսի տեքստեր, որ պարզապես պետք է տեղ չգտնեին էդ մամուլում»:

Այս հայտարարության հեղինակ Հրաչյա Հակոբյանը, ով հանդիսանում է վարչապետ Փաշինյանի աներձագը, կարծես թե չի ընթերցել Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակի» «Օրվա կադրը. Վիգեն Սարգսյանի եւ Քիմ Քարդաշյանի շուրթերը» վերտառությամբ հոդվածը  և նմանատիպ այլ հոդվածներ:

Իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որՀայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, «ոչ իշխանահաճո շրջանակները» ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իսկ մամուլը՝ ճնշումների:

Հայաստանում քաղաքական բանտարկյալների շարքը «բացում» են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և նրա հետ «կապեր» ունեցող 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ում ձերբակալությունը 5-րդ ալիքի անձնակազմը որակել է որպես քաղաքական հաշվեհարդար՝ անձնական կապերի համար: Քաղաքական հետապնդումների ենթարկված մյուս անձնավորությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է, ով 20 օր ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել: Այս ցուցակը ամբոջական չէ, և բացառված չէ, որ առաջիկայում այն «կլրացվի»:

AntiFake.am-ը մշտապես անդրադարձել է մամուլի նկատմամբ ճնշումներին, որոնք ևս մեկ անգամ ներկայացնում ենք ստորև:

Վերջին օրերին մամուլի նկատմամբ ճնշումների ամենաակնհայտ օրինակներից մեկը «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի «գրոհն» էր Politik.am և AntiFake.am լրատվամիջոցների խմբագիրների դեմ, որը, ըստ վերջիններիս, իշխանության և անձամբ` Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն է լրատվականների գործունեությանը և հետապնդում է աղբյուրների բացահայտման նպատակ։ Այս դեպքին նախորդել էր Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակում» տեղ գտած հոդվածը, որում խոսվում էր «քաղաքագետ.օռգ» պայմանական անվանումը ստացած լրատվականի և Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ հրապարակումների մասին, որոնք, մեղմ ասած, Փաշինյանների «սրտով չեն»:

Մամուլի նկատմամբ ճնշման առաջին դեպքը տեղի է ունեցել դեռևս Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման սկզբում, երբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։ Վարչապետն այդպես էլ չբացեց չակերտները և չասաց, թե որ հեռուստատեսությանն է ուղղված այդ գրառումը։ Բայց շատերը դա որակեցին որպես անուղղակի մեղադրանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց վերցնելու համար։ 

Լրատվամիջոցների գործունեությանը ուղղակիորեն միջամտելու հաջորդ դեպքը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցինԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին հրապարակավ հրահանգեց բացահայտել և իրեն զեկուցել ձայնագրության հրապարակման աղբյուրը: Այդ բացահայտման գործընթացը հանգեցրեց ուժայինների ներխուժմանը  Yerevan Today լրատվական կայքի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ առաջինը հենց այդ կայքն է հրապարակել ձայնագրությունը։ Արդյունքում առգրավվեցին կայքի համակարգիչները որոնք երկար ժամանակ հետ չվերադարձվեցին, ինչը խափանեց լրատվականի բնականոն աշխատանքը։ Մինչ օրս պաշտոնապես հաստատված որևէ տվյալ չկա այն մասին, որ հենց Yerevan Today կայքն է գաղտնալսման հրապարակման հեղինակը։ Հաջորդիվ ուժայինները ներխուժել են News. am-ի և Aysor.am-ի գրասենյակներ: 

Ներկայիս իշխանականները նաև շատ հաճախ մեղադրական տոնով անդրադառնում են մամուլում տեղ գտած այն նյութերին, որոնք վերաբերվում են վերջիններիս ընտանիքի անդամներին, նրանց ունեցվածքին, գործուղումներին և արդեն ավանդական դարձած իշխանական խնջույքներին։ Ցանկացած նման հրապարակում իշխանության կողմից արժանանում է խիստ քննադատության։ Նմանատիպ դեպքերից հիշարժան է իշխանական «խաշ-փարթիի» վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, ինչին անդրադարձավ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, Փաշինյանին դուր չէր եկել համեմատականները ներկայիս և նախկին իշխանությունների միջև։ Վարչապետը երկար գրառում էր արել իր էջում՝ նշելով. «...Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»։

Չսահմանափակվելով այդքանով` վարչապետը ուղիղ եթերից նշել է, որ մամուլի 90%–ը պատկանում է իրենց ընդդիմադիր ուժերին, իսկ իրենց ընդդիմադիրների մեծ մասը  նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Ըստ վարչապետի` մամուլը նրանց «հանրապետականացնում է»` ցույց տալով, որ այս իշխանությունը նույնն է, ինչ նախորդ՝ հանրապետական իշխանությունը։ Եթե լրատվականների 90%–ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, ստացվում է, որ նախկին իշխանությունները իրենց լրատվական կայքերով 24 ժամ հրապարակում էին  ապրիլ-մայիսյան ցույցերը, և  իրենք իրենց դեմ մեդիա արշավ էին սկսել, ինչն այդքան էլ տրամաբանական չէ։

«Հրապարակի» հոդվածին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ով իր հարցազրույցում լրատվականներին «մեղադրել» է իրենց «հանրապետականացնելու» մեջ:

Վարչապետը նաև խիստ անհանդուրժող գնահատականներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ Այնինչ պետության առաջին դեմքի և նրա ընտանիքի նկատմամբ այդչափ ուշադրությունը ոչ միայն նորմալ է, այլև հասարակության պահանջն է, ինչն ապահովվում է լրատվամիջոցների շնորհիվ։ Կարող ենք հիշել մամուլում առկա տեղեկությունները վարչապետի դստեր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնացի և Փաշինյանի մի շարք ոչ համոզիչ և «արդարացող» հրապարակումները, Փաշինյանների ընտանիքին պատկանող ՀԺ-ի հոդվածը այդ ամենի վերաբերյալ։

Լրատվամիջոցներից շարունակում է բողոքել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը: Երբ լրատվամիջոցները բացահայտեցին, որ Աննա Հակոբյանը ամուսնու հետ մեկնում է վերջինիս օտարերկրյա գործուղումներին, նա  հոդված  հրապարակեց «Հայկական Ժամանակ»-ում՝ ծաղրելով իր գործընկեր լրագրողներին՝ իր՝ Բրյուսել կատարած այցը բացահայտելու և հրապարակելու համար։ Սա Աննա Հակոբյանի միակ անդրադարձը չէ մամուլում առկա հրապարակումներին։ Մամուլի աշխատանքը «քննադատող» նմանօրիանակ հրապարակումներով հաճախակի հանդես է գալիս նաև վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը։

Մամուլի գործունեությանը անդրադարձել են նաև ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Թագուհի Թովմասյանը: Մասնավորապես, Թագուհի Ղազարյանը իր հարցազրույցում կոչ է արել զարգացնել մեդիագրագիտությունը և պնդել, որ մամուլում այժմ մեծ տեղ են զբաղեցնում մանիպուլյացիաները և բացահայտ ապատեղեկատվությունները։ Իսկ Թագուհի Թովմասյանը նույնիսկ խոստովանել է, որ ինքն էլ է նախկինում իր լրատվականում արել չափազանցված գրառումներ:

Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իր հերթին անդրադառնալով մամուլի գործունեությանը, նշել է, որ իշխանության դեմ հայտարարված է մեդիա պատերազմ, և իրենք ընդունում են մարտահրավերը:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս «թշնամաբար» է տրամադրված մի շարք լրատվամիջոցների դեմ, ինչը վերջինիս կողմից ուղեկցվել է այդ լրատվամիջոցներին իր մասին արված հրապարակումների համար դատի տալու «սպառնալիքով», որը սակայն մասամբ է կատարվել Սարգսյանի կողմից: Սա ևս ազատ խոսքը լռեցնելու փորձի վառ օրինակ է: Դատի տալու «սպառնալիքի լեզվով» խոսելը բնորոշ է նաև այլ իշխանավորների, օրինակԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս ամենն ապացուցում է ՀՀ դատական դեպարտամենտի տրամադրած տեղեկատվությունը մամուլի դեմ բերված զրպարտության և վիրավորանքի դատական գործերի վիճակագրության մասին: Մասնավորապես` 2018թ. հարուցվել է 62 գործ, 2019թ.՝ 74 գործ: Իսկ 2017թ. և 2016թ. համապատասխանաբար՝ 63 գործ և 24 գործ:

Մեկ այլ խնդիր է նաև, երբ իշխանության ներկայացուցիչները խուսափում են մամուլից և  հարցազրույցներ տալուց՝ ծիծաղելի օրինակներ բերելով։ Մասնավորապես, ԱԺ-ում  «Իմ քայլը» խմբակցության կազմակերպած փակ հանդիպման ժամանակ հավատարմագրված լրագրողներին չէր թույլատրվել ներս մտնել, իսկ նիստից հետո էլ պատգամավորները հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ հանդիպման վերաբերյալ: Օրինակ, պատգամավոր Թագուհի Ղազարյանը «շտապում էր», քանի որ «տաքսին սպասում» էր, իսկ մյուս պատգամավորն էլ «վիզը բռնված լինելու» պատճառով խուսափեց լրագրողների հարցերից։ Իսկ պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ, քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն, կքրքրեն, ծաղրելու բան կգտնեն»։ Լուսինե Բադալյանը կոչ էր արել նաև «հարցազրույցներին ու լուրերին հետևել Հանրային կամ Ազատություն ալիքներով, նաև 1in.am, Civilnet, Hetq և մի քանի այլ ալիքներ, որոնք քիչ թե շատ դեռ պահում են անաչառությունը»։ Հետաքրքիրն այն է, որ նշված լրատվամիջոցները չեն փայլում իրենց անկողմնակալությամբ և ավելի շատ աչքի են ընկնում իշխանություններին սատարող հրապարակումներով։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները անբարեհամբույր պատասխաններ տալիս և վիրավորում լրատվամիջոցներին՝ տարբեր պիտակներ կպցնելով, կամ«վիճում» են լրագրողների հետ:

Օրինակ, Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը  AntiFake.am-ի լրագրողին կոպտել էր` ասելով. «Զանգեք երկուշաբթի օրով, լսե՛ք տիկին, եթե ձեզ ստիպում են աշխատել շաբաթ օրով, էն էլ ժամը 5-ին, իմացեք, որ ինձ չեն ստիպում և ես որևէ հանրային կարևորություն չեմ տեսնում շաբաթ երեկոյան ձեզ պատասխանեմ, էդ հարցին։ Էնպես որ, բարեկիրթ գտնվեք և ձեր խմբագիրներին էլ ասեք, որ դա բարեկիրթ լրագրություն չէ»։

Իսկ քաղաքապետարանի մեկ այլ աշխատակից՝ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, իր գրառման մեջ զրպարտություն պարունակող արտահայտություններ էր արել AntiFake.am-ի հասցեին՝ 2 անգամ կայքին «երիտհանրապետականներին պատկանող մի կայք» պիտակավորումը տալով:

Ասվածի ևս մեկ օրինակ է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ում դուր չէր եկել 5-րդ ալիքի լրագրողի հարցը, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը՝ ասելով«Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։

Լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մեկ այլ դեպք էլ Երևանի քաղաքապետարանի գրությունն էր` ուղղված «Հրապարակ» օրաթերթին և «Ա1+»-ին՝ զբաղեցրած տարածքները ազատելու վերաբերյալ:

Մասնագիտական աշխատանքի խոչնդոտման փորձ է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակումը, որի վերաբերյալ իշխանությունները դատապարտող հայտարարությամբ հանդես չեն եկել:

Կարևոր է անդրադառնալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժմանը: Օրաթերթի խմբագրություն ներխուժմանը նախորդել էին օրաթերթում արված հոդվածները մարտի 1-ի և ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մասին, որոնց կապակցությամբ ՀՔԾ-ն ցանկանում էր պարզել լրատվականի տեղեկատվության աղբյուրը: Այս դեպքերին հաջորդեցին օրաթերթի գլխավոր խմբագրի հարցաքննությունը ՀՔԾ-ում և նրա հեռախոսային զանգի վերծանումը, ապա` օրաթերթի խմբագրություն ներխուժումը: Օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս կապակցությամբ ասել է . «Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են ու հիմա, փաստորեն, այնպիսի իրավիճակ է, որ ամեն լրագրող նյութ գրելուց պիտի մտածի՝ «բա որ գան, բա որ հիմա տանեն, բա որ նորից գնամ ՀՔԾ-ում ցուցմունք տամ, որ իմ աղբյուրը չեմ բացահայտում» և այլն: Լրագրողի աղբյուրները, գիտեք, այն աշխատանքային գործիքներն են, որոնցից եթե զրկում ես լրագրողին, նշանակում է զրկում ես նրան նաև մասնագիտական գործունեություն կատարելու իրավունքից...Ակնհայտ երևում է, որ ինչ-որ բան են փորձել գտնել, բացված է բոլորի դարակները, իմ աշխատասենյակն ամբողջությամբ տակնուվրա արված է, որ ես ամեն ինչ կարող եմ կասկածել իրավապահների կողմից վախեցնելու, զգուշացնելու փորձ, բայց ոչ գողություն, որովհետև կան իրեր, որոնք կարող էին տանել, բայց ոչինչ չեն տարել»:

Իսկ Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին՝ ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժնում` բացատրություններ տալու: Իշխանյանը հրաժարվել էր ներկայանալ, ինչից հետո նրա բնակարան են այցելել ինչ-որ անձինք՝ պահանջելով բացել բնակարանի դուռը և ինչ-որ թղթեր ստորագրել։ Սա ևս ազատ խոսքի ճնշման վառ օրինակ է:

Առավել աղմկահարույց են իշխանության աջակիցների ակհայտ քայլերը որոշ լրատվամիջոցների դեմ: Ասվածի օրինակ է «գերիշխանամետ» դիրքորոշում ցուցաբերող և վերջերս Հանրային Խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի վերաբերմունքը լրատամիջոցների նկատմամբ։ Նա մի շարք լրատվամիջոցների արգելել էր ներկա գտնվել իր կողմից ղեկավարվող կառույցի կազմակերպած միջոցառմանը և լուսաբանել այն։ «ԱԶԴԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։ (…)» ․գրել էր Սաֆարյանը։ Չնայած «արգելքին» որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ TV 5-ի և Livenews-ի լրատվականների լրագրողները, ովքեր հրավիրված չլինելով ցանկություն էին հայտնել լուսաբանելու միջոցառումը,անձնական վիրավորանքներ էին ստացել Սաֆարյանի կողմից, ով ասել էր«Ես ասում եմ դուրս եկեք, սա իմ սեփականությունն է: Սա իմ տունն է, ես կարո՞ղ եմ այսպես լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան: Լքեք տարածքը, բացատրություններ ձեր մասով դուք կլսեք այլ լրատվամիջոցներով....»: Լրագրողի դասական լրատվամիջոցների վերաբերյալ հարցին էլ ի պատասխան Սաֆարյանն ասել է«Դուք չեք: Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Մեկ այլ աղմկահարույց դեպքի օրինակ է Փաշինյանի աջակիցների հարձակումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» ակումբի վրա: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողները ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Հարձակում գործած անձինք նշում էին Հրայր Թովմասյանի և Անժելա Թովմասյանի բարեկամական կապերի մասին և ասում, որ «նրանք Ադրբեջանի խոսքն են տարածում Հայաստանում և պետք է «փասափուլաները հավաքեն և գնան իրենց հոր՝ Ալիևի մոտ»»։ Այս հարձակումը կրում է բացարձակապես քաղաքական բնույթ և ուղղված է իշխանություններին «չհամագործակցող» գործիչներին լիկվիդացնելուն: Բացի այդ, «Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» հոդվածի հրապարակման համար Hayeli.am-ի հոդվածագիրը հարցաքննության էրհրավիրվել Հայկ Հարությունյանի մահվան գործով: «Հայելի» ակումբի նկատմամբ ճնշումները այսքանով չեն սահմանափակվել և «Հայելու առաջ» հաղորդաշարը զրկվել էր Կենտրոն հեռուստաընկերությունում իր եթերաժամից, ապա սկսել եթեր հեռարձակվել մեկ այլ հեռուստաընկերությամբ:

Այս դեպքերը համընկել են պետություն տեղի ունեցող իրավական, հասարակական և քաղաքական գործընթացների հետ: Նմանատիպ օրինակ է նաև սպորտային լրագրող, Սուրեն Բաղդասարյանին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հավատարմագրից զրկումը:

Ճնշումները այսքանով չեն սահմանափակվել: Քիչ չեն այն դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները ուղղակիորեն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքներին և նրանց հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցնում, ընգգծված «վատ» վերաբերմունք ցուցաբերում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, ինչը որևէ կերպ չի բնորոշում ազատ, առանց ճնշումների գործող մամուլը։ Մասնավորապես, ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը մի շարք «ընդդիմադիր» լրատվամիջոցներ հրավիրված չեն եղել։

Նշված բոլոր դեպքերը և փաստերը ապացուցում են այն ենթադրությունը, որ նոր Հայաստանում իշխանությունները և նրանց աջակիցները մամուլի նկատմամբ ճնշումներ են գործադրում և փորձում նրանց ներկայացնել որպես իշխանությունների թշնամի:

Այսպիսով՝ միանշանակ կարող ենք պնդել, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդումները` քաղաքական հետապնդումների բացակայության և ազատ մամուլի վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը