ՊՆ-ն 2 օրում 2 անգամ ռուսական կողմի հետ քննարկել է Սյունիքի անվտանգային խնդիրները. դե ավանակի համառությամբ պնդեք, թե Սյունիքն անվտանգ է

article-image

Նախորդ տարեվերջին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»:

2021թ. հունվարի 20-ին էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ «Սյունիքն անվտանգ է»:

«Մեր սահմանապահ զորքերը և մեր զինված ուժերը, հատվածներ կան՝ նաև ռուս սահմանապահ զորքերը, տեղակայվում են այն չափով, որպեսզի այդ անվտանգության երաշխիքները լինեն բավարար: Այդ առումով աշխատանքները շարունակվում են՝ և քանակական և որակական առումով: Այո, Սյունիքն անվտանգ է»,- ասել է Ավինյանը:

Ընդհանուր առմամբ` սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում իշխանությունների կողմից Արցախի հարավային շրջանների հանձնումից հետո անմիջական վտանգ է ստեղծվել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների անմիջական անվտանգության համար: Խնդիրներ կան նաև Գեղարքունիքի մարզում` չմոռանալով նաև Տավուշի և Արարատի մարզերում հնարավոր նոր զիջումների խոսակցությունների և շշուկների մասին:

Ավինյանի հայտարարությունից հետո «Սյունիքը անվտանգ է» արտահայտությունը շատ է հնչում իշխանական տարբեր կալիբրի գործիչների կողմից: Վերջին, ամենացայտուն օրինակը «նախկինների» օրոք ՀՀ փոխոստիկանապետի պաշտոն զբաղեցրած, Սյունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձած Արմեն Խաչատրյանի հայտարարությունն էր:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը պնդում էր, որ այսօր Սյունիքում անվտանգային խնդիրներ չկան: «Ի՞նչ ա եղել այսքան ժամանակ Սյունիքում: Ինչ-որ մեկը Սյունիքում պատերազմից հետո վնաս կրե՞լ է: Այսքան ժամանակ ինչ-որ մի քաղաքացի ադրբեջանցիքից վնաս կրե՞լ է, թե՞ ոչ: Ինչ-որ քաղաքացու անվտանգության հետ կապված խնդիր առաջացե՞լ է, թե՞ ոչ»:  Խաչատրյանի համար անհանգստություն չէր ներկայացնում նաև ԱԱԾ զգուշացումը` Սյունիքում տեղաշարժվելու կապակցությամբ:

Սյունիքի անվտանգային խնդիրների մասին խոսում են նաև պատերազմի օրերին թիկունքային և ճակատային պաշտպանությունը մեծամասամբ իրենց վրա վերցրած Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Ընդ որում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ հանձնվելու էին (արդեն իսկ հանձնվել են) այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։

Համայնքապետերը արձագանքել էին Արմեն Խաչատրյանի հայտարարություններին և իրենց հասցեին հնչած մեղադրանքներին:

Դեռևս փետրվարին «Լուրեր.com» լրատվականի հետ զրույցում Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարը նշել էր, որ գյուղի արոտավայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում են այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական կողմում են, ինչի պատճառով էլ գյուղը լքողների թիվը մեծ չափերի կհասնի ձմռան ամիսներից հետո:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ «սահմանային ճշգրտման աշխատանքներ սկսվեցին Սյունիքում» ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություններ սկսեց մարզում: ՄԻՊ Արման Թաթոյանը բազմիցս և հետևողականորեն ահազանգում է սահմանակից համարվող գյուղերի և համայնքների բնակիչների անվտանգության, նրանց իրավունքների, այդ թվում` սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրների մասին: Ավելին, այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի անվտանգության ապահովման ծրագիր է առաջ քաշել:

Հետաքրքիր է, որ բոլորովին վերջերս` մարտի 23-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նշվում է հայկական պաշտպանական գերատեսչության հրապարակած տեղեկատվության մեջ, հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր այսօր Վաղարշակ Հարությունյանը քննարկել է նաև ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Հարց է առաջանում, թե ինչ անվտանգության մասին են խոսում կառավարության անդամներն ու պատգամավորները, երբ առաջիկայում սպասվում է ռուսական պատվիրակության ժամանումը Հայաստան` նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով: Թե ինչ նպատակով է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ապօրինի ձևով արգելում առանց հատուկ թույլտվության լրագրողների աշխատանքը Սյունիքում, կարելի է միայն ենթադրել, սակայն այն փաստը, որ այսօր Սյունիքում անվտանգ չէ, և կառավարության առանձին անդամների և մյուս պաշտոնյաների հավաստիացումները առ ոչինչ են, ապացուցված փաստ է: Հակառակ դեպքում` ինչու է ՀՀ ՊՆ-ն երկու օրում երկու անգամ ռուսական ռազմական բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկում Սյունիքում իրականացվող անվտանգային միջոցառումները:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն