Երեկ՝ մարտի 31-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ է արել:
Մասնավորապես, «Factor.am» լրատվականի լրագրողի հետ զրույցում Սիմոնյանը հայտարարել է, թե անհավասար պայմաններում գտնվում է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը: Վերջինս նկատի է ունեցել ընդդիմության ֆինանսական միջոցներն ու լրատվականները:
«Այսօր ընդդիմությունն իր ուժերով և ռեսուրսներով մի քանի անգամ ավելի հարուստ և մրցակցային է, քան գործող իշխանությունն ու իշխանական թիմը: Միայն լրատվամիջոցներով կարող ենք դա գնահատել և հաշվարկել»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանությունն էլ շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոց ունի` Սիմոնյանն ասել է. «Ո՞րն է այդ շուրջ մեկ տասնյակը, ես այն չգիտեմ»:
Ի պատասխան` լրագրողը հիշատակել է իշխանության ներկայացուցիչների կողմից հիմնադրված «Civic.am»-ը, որը Սիմոնյանը համարել է նորաբաց լրատվական կայք: Արդյո՞ք լրատվականի նոր լինելը բացառում է, որ այն ծառայեցվում է իշխանության շահերին:
««Civic.am»-ը մի լրատվական կայք է, որը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում է բացվել: Հետո՞»,- ասել է Սիմոնյանն ու լրագրողին հորդորել շարունակել իշխանությանը պատկանող լրատվականների ցանկը, այնուամենայնիվ, իր գործընկերներին «չթիրախավորելու» համար լրագրողը չի թվարկել իշխանությանը պատկանող լրատվականներին:
Ի գիտություն Ալեն Սիմոնյանի` AntiFake.am-ը հրապարակում է իշխանության շահերը սպասարկող 10-ից ավելի (թեև դրանք զգալիորեն ավելի շատ են) ամենաակնառու լրատվականներին:
Հայտնի է, որ սորոսականների ու Ալեն Սիմոնյանի հարաբերություններն այդքան էլ ջերմ չեն, այնուամենայնիվ, «Սորոսի» հիմնադրամից սնվող լրատվամիջոցների զգալի մասը՝ «Fip.am»-ը, «CIVILNET»-ը, «MediaLab»-ը ինչպես նաև «Factor.am»-ը ոչ միայն սպասարկում են գործող իշխանությանը, այլ նաև մեծ դեր են ունեցել իշխանափոխության ընթացքում:
Բացի դրանից, նշենք նաև Ալեն Սիմոնյանի «սրտի գործարարին»՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Araratnews.am»-ի, Փաշինյանների ընտանիքին պատկանող «Armtimes.com»-ի, Փաշինյանի գրպանային քարոզիչ Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am»-ի, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող «Epress.am»-ի մասին:
Իշխանության շահերի սպասարկմամբ են զբաղվում «Ազատություն» Ռ/Կ-ն, որի լրագրողները ուղղորդում էին Ալեն Սիմոնյանին ինքնախոստովանական պատասխանից հետո, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող «Medianews.site»-ը և այլն:
Նույնը կարելի է ասել պետական միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերության և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մասին:
Ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության՝ իշխանության քարոզչամեքենա լինելուն` Սիմոնյանն ասել է. «Հանրայինը կարգավորվում և մոնիթորինգ է արվում տարբեր կազմակերպությունների կողմից, ուստի չի կարող լինել այնպիսի քարոզչամեքենա, որը ներկայացվում է»:
Այն, որ վերջին տարիներին Հ1-ը ուղղակիորեն սպասարկում է իշխանության շահերը, ապացուցել ենք մեր բազմաթիվ հրապարակումներով: Իսկ ինչ վերաբերվում է «Արմենպրես»-ին, ապա կարող ենք հիշեցնել Աննա Հակոբյանի մասին հոդվածը, երբ տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարող պետական լրատվամիջոցը սկսեց պաշտպանել Աննա Հակոբյանի ճաշակը:
Խոսելով իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների մասին` չենք կարող չնշել նորաստեղծ «FreeNews» լրատվականի մասին: Թեև, Սիմոնյանի պնդմամբ` «FreeNews»-ը պատկանում է էդգար Ավագյանին, և իր կինն ընդամենը այնտեղ է աշխատում, Մարիամ Մարգարյանը «FreeNews»-ի գլխավոր խմբագիրն ու տնօրենն է: Ըստ էության` նա է որոշում այդ լրատվականի քարոզչական ու լրատվական քաղաքականությունը:
Ավելին՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am