Ովքեր են ներկայիս իշխանությունների թուրքամետ կարկառուն գործիչները

article-image

2018 թվականի իշխանափոխությունից հետո ի հեճուկս հայտարարությունների, թե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում հիմնական փոփոխություններ չեն լինի: Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները դե յուրե չփոխվեցին, սակայն փաստացի իրականացվեցին գործողություններ, որոնք ըստ էության փոխեցին արտաքին քաղաքականության վարման` տարիներ տևող շարունակական քաղաքականությունը:

Իշխանության շարքերում ընդգրկվեցին այնպիսի անձինք և գործիչներ, որոնք առանձնահատուկ վերաբերմունք ունեն Հայաստանը շրջափակած մեր երկու հարևանների նկատմամբ: Այդ վերաբերմունքը արտահայտվում էր տարբեր հարթակների և եղանակների միջոցով: Առանձնանում էին հատկապես «խաղաղության», «հաշտեցման», «բարիդրացիական հարաբերությունների հաստատման» և «ժողովուրդների բարեկամության» մասին:

Յուրահատուկ «պատահականությամբ» այս գործիչները մինչև պատգամավորի կամ այլ պաշտոն զբաղեցնելը աշխատել են հասարակական դաշտում, եղել տարբեր կառույցների, մեծամասնությամբ` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների անդամներ:

Այս հոդվածում կանդրադառնանք մի քանի գործչի, որոնք ուղղակիորեն կապված են Թուրքիայի տարբեր շրջանակների հետ, պաշտպանում են իշխանությունների քաղաքականությունը` Թուրքիայի հետ հարաբերություններում, և առաջ են տանում վերոնշյալ գաղափարները հայ հասարակության շրջանում:

Նրանցից գլխավորը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Դեռևս գլխավոր խմբագիր աշխատելու տարիներին Արցախի ազատագրված տարածքները «եթե կուզեք` օկուպացված» համարող ու նախնիներին «ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության պաշար» թողնելու մեջ մեղադրող, հայ հասարակությունը պառակտող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը զբաղեցնելուց հետո ամբողջովին փոխեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հայկական կողմի սկզբունքների և դիրքորոշման տրամաբանությունը` առաջ բերելով` «հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար» տխրահռչակ թեզը:

Այսօր էլ, երբ ընդամենը վեց ամիս է անցել Սեպտեմբերյան 44-օրյա պատերազմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է տարածաշրջանային ապաշրջափակման, կոմունիկացիոն ուղիների բացման, կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին այն դեպքում, երբ մինչ օրս Բաքվում պահվում են հարյուրավոր ռազմագերիներ, հայտնի չեն նրանց իրական թիվը, հայ հասարակությունը նույնիսկ չգիտի պատերազմում զոհված, վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողների իրական թիվը, իսկ Արցախի մեծագույն հատվածը հանձնված է:

Նիկոլ Փաշինյանը այսօր էլ շարունակում է զիջել Հայաստանի տարածքները, ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ավելի ու ավելի են մոտենում և սպառնալիք դառնում սահմանապահ դարձած համայնքներին, այնինչ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը միայն ապաշրջափակումն է:

Պրոթուրքական կողմնորոշման կարկառուն դեմքերից է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Դեռևս 2018 թվականին, երբ Գրիգորյանը նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնում, հարցազրույցը ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններին, նշել էր, թե դա «Թուրքիայի ներքին գործընթացն է», և իրենք սպասում են ընտրությունների արդյունքներին:

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը նաև այն գործիչն է, ով համոզված էր, որ Հայաստանը շուտով տիեզերքում արբանյակ է ունենալու:

Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ մշակվեց և նախորդ տարի ամռանը հաստատվեց նաև ՀՀ անվտանգության ռազմավարությունը, որը մասնագետների կողմից խստագույն քննադատության արժանացավ թերությունների և ունեցած խնդիրների համար:

Պատերազմի ընթացքում ամբողջապես անգործության մատնված և ընդամենը Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող Արմեն Գրիգորյանը պատերազմից հետո ստանձնել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում «մոտեցումների շտկման» ուղղությամբ աշխատող դրոշակակրի դերը:

Արմեն Գրիգորյանը նշում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, և «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշ շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Կարկառուններից հաջորդը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն է:

Լենա Նազարյանը իշխանական այն գործիչներից է, որի ցանկացած ելույթ կամ հարցազրույց մեծ քննադատությունների է արժանանում:

Տարիներ շարունակ Արմեն Գրիգորյանի նման աշխատելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում` Լենա Նազարյանը եղել է «համերաշխության», «բարիդրացիական հարաբերությունների կառուցման», «խաղաղ գոյակցության» և «ժողովուրդների միջև բարեկամության հաստատման» ջատագովներից մեկը: Պատերազմից առաջ էլ, հետո էլ Լենա Նազարյանը շարունակում է իր քարոզը:

Վերջերս նա իր ելույթներից մեկում նշում է, որ «հաճախ ասում են` խաղաղությունը երկկողմանի է լինում: Այո՛: Բայց եկեք նկատենք, որ այդ երկու կողմերից մի կողմն էլ, ի վերջո, մենք ենք, և մեր խոսքը կարող է անկախ ու տարբեր լինել մյուս կողմից ատելության ու թշնամանքի քարոզից: … Չատել` չի նշանակում պարտվել: Չատել` չի նշանակում թույլ լինել»: Նա «վնասակար և հետադիմական էր համարում հզորանալու, վերազինվելու և նորից հաղթելու տարբեր փորձագետների կարծիքները:  

Ավելին, վերջին հարցազրույցում, որի համար, ինչպես երևում է, շատ հպարտ է, խորհրդարանական հանրապետություն համար կարևոր պաշտոնատար անձ հանդիսացող Լենա Նազարյանը ասել է` «հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի», իսկ «չթշնամանքը կառուցողական լինելու մեջ է»:

Փոխխոսնակի մտքից կարելի է ենթադրել, թե «Հայաստանը տարիներ շարունակ ապակառուցողական քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ»։

Խաղաղության մասին քարոզող Լենա Նազարյանը պաշտպանում է պատերազմ սանձազերծած Ադրբեջանին հնարավորինս օգնող և իր հերթին Հայաստանին մեղադրող Թուրքիային:

Իրենց բացահայտ թուրքամետ գործունեությամբ աչքի է ընկնում նաև «Իմ քայլը» պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին պատգամավոր Կարապետյանը նշում է, որ բոլոր պետությունների նկատմամբ պետք է ունենալ նորմալ և համամարդկային դրական արժեքների վրա հիմնվող վերաբերմունք, նաև` հարևան պետությունների ժողովուրդների հետ:

«Առօրեական վիրավորանքի, կամ անցյալում` Ցեղասպանության հատկանիշի շուրջ պատասխանատվությունը այսօր այդ ժողովուրդը կրում է այնքանով, որքանով հանդիսանում է իրավահաջորդ երկրի քաղաքացի, և իր քաղաքացիական պարտքն է այդ մասին բարձրաձայնել: Եվ շատ Թուրքիայի քաղաքացիներ դա անում են, և մենք նրանց հետ համախոհ ենք»,- ասել էր Մարիա Կարապետյանը:

Դեռևս նախորդ տարի «168.am»-ը տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես էր ապագա պատգամավոր Մարիա Կարապետյանը շնորհավորում ադրբեջանցիներին Նովրուզի տոնի կապակցությամբ: Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի ասում հետևյալը. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:

Իր թուրքամետ դիրքորոշումը Մարիա Կարապետյանը հաստատում է նաև այսօր:

«Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի։ Որքան մեզ են համարում թշնամի, այդքան մենք ենք համարում թշնամի։ Որքան ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի։

Այս թափանիվի հետ մի բան պետք է անել։

Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք դրանց դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք։ Մենք պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխենք և տարածաշրջանին օգնենք մեր նկատմամբ դիտանկյունը փոխել»,- իր քաղաքական առաջնորդի ցնդաբանությունն է կիսում պատգամավորը:

Ստացվում է, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները առավել քան թուրքամետ են, քան իրենք` թուրքերը Հայաստանի հետ հարաբերություններում: Թուրքիան այսօր ամբողջովին սատարում է Ադրբեջանին, պահանջում է զիջել ՀՀ սուվերեն տարածքները, մոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը, «աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Նման իշխանությունների և մարիակարապետյանների պարագայում Թուրքիան և Ադրբեջանը քարոզչական գործիքներ օգտագործելու կարիք չունեն: Նրանց փոխարեն Հայաստանում ամեն ինչ բարձր մակարդակով արվում է:

Շարունակելի...

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն