«1lurer.am»-ի մանիպուլյացիան «AstraZeneca»-ի վերաբերյալ. պատվաստանյութի նկատմամբ վստահությունը ոչ միայն չի ամրապնդվել, այլ այն շարունակաբար նվազում է

article-image

Երեկ` ապրիլի 5-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքում` «1lurer.am»-ում տեղադրվել է «Ամրապնդվել է վստահությունն AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ. երկրները վերսկսել են ներկրումը» վերնագրով նյութ:

Նյութի հիմնական առանցքը պտտվում է կորոնավիրուսային վարակվածության թվերի կտրուկ աճի և չորրորդ ալիքի շուրջ: Նշվում է, որ «Եվրոպական անկախ կարգավորիչ մարմնի հայտարարությունից հետո, որ պատվաստման օգուտներն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր ու չապացուցված ռիսկերը, երկրները վերսկսել են AstraZeneca-ի ներկրումը»: Ներկայացվում է, թե բնակչության որ հատվածն է Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում պատվաստվել, և պատվաստանյութի քանի չափաբաժին է հասել Իտալիա:

Այնուհետև կորոնավիրուսային վարակվածության շրջանակներում քննարկվում է Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի համաճարակային իրավիճակը:

Այնուամենայնիվ, նյութը չի հիմնավորում վերնագրի այն պնդումը, թե «ամրապնդվել» է պետությունների վստահությունը «AstraZeneca»-ի նկատմամբ:

Պետք է նշել, որ ոչ միայն ԵՄ կարգավորիչ մարմինը (European Medicines Agency), այլ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ պետք է շարունակել պատվաստումները, քանի որ կորոնավիրուսային հիվանդությունը և դրա բարդացումները գերակշռում են պատվաստման վտանգավորության ռիսկերին: Սակայն չի նշանակում, որ այս հայտարարությունը մեծացրել է վստահությունը «AstraZeneca»-ի շուրջ, ինչպես նշված է «1lurer.am»-ի նյութում:

ԵՄ կարգավորիչ մարմնի պատվաստանյութերի գծով ղեկավար Մարկո Կավալերին այսօր իտալական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբների զարգացման միջև կապ է բացահայտվել, սակայն դեռ հայտնի չէ, թե խոսքն ինչ կապի մասին է: Ավելի ուշ կարգավորիչ մարմինը, պարզաբանելով պաշտոնյայի խոսքը, նշել է, որ պատվաստանյութի և թրոմբների առաջացման պատճառահետևանքային կապը դեռևս հայտնի չէ, և նրանք վերջնական եզրակացության դեռ չեն եկել. այն կհրապարակվի մոտ օրերս: 

Կարգավորիչ մարմինը սկսել է հետազոտությունները այն բանից հետո, երբ մահվան դեպքեր էիր գրանցվել նշյալ պատվաստանյութի օգտագործման հետևանքով: Հիվանդների մոտ արձանագրվել է գլխուղեղի երակային սինուսի անոթների թրոմբոզ (cerebral venous sinus thrombosis (CVST)), որն առաջացել է պատվաստումից հետո: Նման երևույթ նկատվել է երիտասարդ և միջին տարիքի կանանց շրջանում: Համաձայն մարմնի տեղեկատվության` այն ներկայումս քննում է հիվանդության առաջացման առնվազն 44 դեպք, որոնցից 14-ը` մահվան դեպքով: Նշված դեպքերն արձանագրվել են եվրոպական 30 պետություններում մոտ 9.2 միլիոն պատվաստումների արդյունքում:

«1lurer.am» հոդվածում նշվում է, որ Նիդեռլանդներում արդեն իսկ պատվաստվել է ավելի քան 400.000 մարդ, այնինչ հեղինակը մոռացել է նշել, որ այս պահին երկրում «AstraZeneca»-ով պատվաստումը կասեցված է մինչև ապրիլի 7-ը: Հոլանդիայի առողջապահության նախարարը նախապես հայտարարել էր, որ կասեցումը կտարածվի 60 տարեկանից ցածր քաղաքացիների համար, սակայն ավելի ուշ արգելքը տարածվել է բոլորի նկատմամբ: Ստացվում է` պատվաստանյութի նկատմամբ Նիդեռլանդների վստահությունը նվազում է` ամրապնդվելու փոխարեն:

Իսկ Մեծ Բրիտանիայում հակասական կարծիքներ են շրջանառվում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ «AstraZeneca»-ն անվտանգ է, այնինչ պատասխանատու պաշտոնյան այսօր հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի համապատասխան կարգավորիչ գործակալությունը փոխի իր դիրքորոշումը պատվաստանյութի վերաբերյալ, 30-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում պատվաստումները կդադարեն: Գործակալության դիրքորոշման փոփոխության դեպքում քաղաքացիներին խորհուրդ կտրվի դիմել այլ տեսակի պատվաստանյութի օգնությանը: Ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայում ևս պատվաստանյութի նկատմամբ վստահությունը մեծ չէ:

Իտալիայում նույնպես, չնայած ավելի քան 1 միլիոն չափաբաժնի ներկրմանը` մարտին «AstraZeneca»-ի օգտագործումը արգելվել էր:

Ներկայումս «AstraZeneca»-ի օգտագործումը երիտասարդ քաղաքացիների շրջանում արգելվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում և Կանադայում, մինչդեռ Դանիան և Նորվեգիան ամբողջովին դադարեցրել են «AstraZeneca»-ով պատվաստումները:

Նշենք, որ Գերմանիայում թրոմբոզի արդեն իսկ 31 դեպք է գրանցվել, որոնցից 9-ը` մահվան դեպքով: Ֆրանսիայում 12 դեպք է արձանագրվել` մահվան 4 ելքով, իսկ Նորվեգիայում` 5 դեպք` մահվան 3 ելքով:

Մեծ Բրիտանիայում, որտեղ «AstraZeneca»-ն ամենամեծ տարածումն ունի, պատվաստված քաղաքացիների շրջանում արձանագրվել է 30 դեպք, որոնցից 7-ը` մահվան ելքով:

Նման մանիպուլյատիվ բնույթի նյութերի տարածումը, այն էլ` պետական մակարդակով խոսում է միայն այն մասին, որ փորձ է արվում հանրության շրջանում մեծացնել «AstraZeneca»-ի հեղինակությունը, որը կառավարությունը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում: Հայաստանը ԱՀԿ «COVAX Facility» նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերել «AstraZeneca»-ի 24.000 դեղաչափ: Պատվաստումները նախատեսվում է իրականացնել կամավոր սկզբունքով` հատուկ թիրախային խմբերի շրջանում:

Առնվազն զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ձեռք բերում ամենաքննադատված և խնդրահարույց պատվաստանյութը այն դեպքում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման արդյունքում դեռևս որևէ կողմնակի ազդեցություն կամ հետևանք չի գրանցվել: Ավելին, այսօր ՌԴ-ն հոժարակամորեն և՛ նվիրում է պատվաստանյութը տարբեր պետություններին, և՛ պատրաստ է բանակցությունների պետությունների հետ` սեփական երկրում պատվաստանյութի արտադրություն հիմնելու համար: Ներկայումս էլ նույնիսկ եվրոպական պետությունները, չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին, քննարկում են ռուսական «Սպուտնիկ V» ձեռք բերելու միջոցները և եղանակները, այնինչ Հայաստանը դեռևս հապաղում է և սահմանափակվում քիչ քանակություն ներկրելով: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն