
Մեծ Բրիտանիայի պատվաստումների և իմունիզացիայի համատեղ հանձնաժողովը (Britain’s Joint Committee on Vaccination and Immunisation) խորհուրդ է տալիս 30 տարիքից ցածր չափահաս քաղաքացիներին «AstraZeneca»-ին այլընտրանքի դեպքում ընտրել այլընտրանքային պատվաստանյութը:
«18-29 տարեկան չափահաս անձանց, որոնք չունեն այնպիսի առողջական վիճակ, որը կորոնավիրուսային հիվանդության պատճառով նրանց առավել մեծ ռիսկի կենթարկի, պետք է առաջարկվի այլընտրանքային պատվաստանյութ` «AstraZeneca»-ի փոխարեն, եթե նման պատվաստանյութ հասանելի է»,- այսօր այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահը:
Այս եզրակացությանը կառույցը հանգել է այն բանից հետո, երբ մինչև մարտի 30-ը արված ավելի քան 20 միլիոն դեղաչափի օգտագործման արդյունքում արձանագրված թրոմբոզի 79 դեպք էր արձանագրվել:
«Մեր ուսումնասիրությունը հանգել է նրան, որ չնայած մեծ հավանականությանը` ավելի մեծածավալ աշխատանք է պետք ապացուցելու, որ պատվաստանյութի օգտագործումը կողմնակի ազդեցությունների է հանգեցնում»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների և առողջապահական արտադրանքների ոլորտը կարգավորող գործակալության գործադիր տնօրենը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օքսֆորդի համալսարանը, որը «AstraZeneca» պատվաստանյութի համահեղինակն է, հայտարարել է, որ կասեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի (որը մշակվել է «AstraZeneca»-ի հետ) փորձարկումները երեխաների և դեռահասների վրա:
Եվրամիության համապատասխան կարգավորիչ մարմինն էլ այսօր հաստատել է «AstraZeneca»-ի և հազվադեպ հանդիպող թրոմբոզի երկու տեսակների միջև «հնարավոր կապը»:
Աղբյուր՝ AntiFake.am