Ժնևում բանակցվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը. Դավիթ Շահնազարյան. 168.am

article-image

«168.am»-ը գրում է․

««Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվեց շուրջ 7 ժամ: ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև այսօր:

Հարկ է նշել, որ, լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպմանը դեսպանին է փոխանցվել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում՝ գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Մամուլի հրապարակումների համաձայն, դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշի ուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը