Ալեն Սիմոնյանը ստում է. Արթուր Իսպիրյանը բռնության չի ենթարկվել

article-image

Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով օրեր առաջ բերման ենթարկված անձանց՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, Ադեկվադ միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին, BlogNews.am կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին և ՔԳ ԱՀԿ նախագահ և AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, ասել է. «Ձեր նշած անձիք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, որին որ դուք կարող եք ականատես լինել բոլոր տեղերում: Իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմանների մեջ է գործել: Դուք կարող եք նայել, եղել են  բազմաթիվ բռնության հետ կապված դրվագներ, օրինակ դեպք է եղել է Արթուր Իսպիրյանի հետ Կասկադում, երբ Արթուր Իսպիրյանը ընտանիքի հետ կասկադում քայլել է և այլն»:  

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ Արթուր Իսպիրյանը  վերը նշված անձանցից ոչ ոքի՝ մասնավորապես Ադեկվադ միաբանության անդամ Արթուր Դանիելյանի կողմից բռնության չի ենթարկվել:

Հիշեցնենք, որ 2019թ. մայիսին ArmLur.am կայքում հոդված էր հրապարակվել «Կասկադում հայհոյել ու քաշքշել են Արթուր Իսպիրյանին» վերնագրով, որում նշվել էր. «ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Իսպիրյանից, որն էլ մեզ հետ զրույցում չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել»։

Լրատվականը իր հոդվածի վերնագիրն ընտրելիս դիմել էր պարզ մանիպուլյացիայի և առաջնորդվել անլուրջ լրատվականներին բնորոշ «clickbait» սկզբունքով, քանի որ լրատվականը տեղի ունեցածի վերաբերյալ Արթուր Իսպիրյանից մեկնաբանություն վերցնելիս պարզել էր, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Արթուր Իսպիրյանը հերքել էր հայհոյանքի և քաշքշուքի հանգամանքը: Նույն հոդվածում նշված է՝ «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք»։

Որոշ  ժամանակ անց լրատվականը նյութի վերնագիրը փոխարինել էր «Կասկադում միջադեպ է տեղի ունեցել. ովքեր են սպառնացել Արթուր Իսպիրյանին» վերնագրով։

Այս հոդվածը տեղ էր գտել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի առաջին էջում՝ «Սպառնալիքներ» բաժնի տակ:

Դեպքի առթիվ ոստիկանության աշխատակիցները հիմք ընդունելով լրատվամիջոցի վերնագիրը, թե մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, ոստիկանություն էին հրավիրել Արթուր Իսպիրյանին և Արթուր Դանիելյանին՝ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱԾ դեպքի հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և բացատրություններ ներկայացնելու նպատակով:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո Aysor.am-ը մեկնաբանություն է վերցրել Արթուր Իսպիրյանից, ով նշել է. «Քաշքշուկ չի եղել, խոսակցություն է եղել՝ շատ կարճ ու շատ տգեղ»: Իսկ Արթուր Դանիելյանը պնդել է, որ չնայած իսկապես տեսել է Իսպիրյանին Կասկադում, նրան չի մոտեցել և որևէ միջադեպ չի եղել: Ուստի, պետք է փաստել, որ Արթուր Իսպիրյանի և Արթուր Դանիելյանի միջև բռնության դրվագներ չեն եղել:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն