Ալեն Սիմոնյանը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի սուտը, իսկ գերիների վերադարձի քարոզչական աղմուկի աղբյուրը հենց իշխանությունն է

article-image

Երեկ երեկոյան իշխանական ու իշխանամետ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստան են վերադառնում որոշ թվով ռազմագերիներ, ինչը, բնականաբար, մեծ աժիոտաժի առիթ դարձավ, իսկ գերիների հարազատները շտապեցին «Էրեբունի» օդանավակայան: Գերիների վերադարձի տեղեկությունը հաստատել էին վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի մամուլի խոսնակները:

Այնուամենայնիվ, Բաքվից Հայաստան ժամանած օդանավը ռազմագերիներ չէր բերել: Ինքնաթիռում եղել էր միայն Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ միավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ինչպես և սպասելի էր, իշխանությունները և նրանց արբանյակները փորձեցին նման ձախողման մեղքը բարդել ռուսական կողմի, լրատվամիջոցների և ընդդիմության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Բայց Գերիների վերադարձի մասին հայտարարողն էլ էր իշխանությունը, նման տեղեկատվությունը տարածողն էլ, և ինչպես պարզվեց` հերքողն էլ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Կարլեն Ասլանյանի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բառացիորեն ներողություն է խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար:

Նա խոստովանում է. այդ օրը գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն իրականում չի եղել: Սիմոնյանի համար` պարզապես հույս է եղել, որ այդ թռիչքը «իր հետ գերիներ կբերի»:

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը ընդունում է, որ 1. նրանք փաստացի ստել են, 2. գերիների վերադարձի մասին աժիոտաժը ստեղծել են հենց իրենք:

Այնուամենայնիվ, անդրադառնալով վարչապետի ու փոխվարչապետի մամուլի խոսնակների հայտարարություններին` Ալեն Սիմոնյանը դարձյալ ստում է` նշելով, որ վերջիններս «կոնկրետ տեղեկություններ չեն ասել և չեն հաստատել», այնինչ փաստերը այլ են. Մանե Գևորգյանը «Factor.am»-ի հետ զրույցում հաստատել է, որ «սպասվում է հայ ռազմագերիներ վերադարձ», իսկ փոխվարչապետի գրասենյակն էլ նշել էր, որ «գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է»: Փաստացի, մամուլի խոսնակները ևս ապատեղեկատվություն են տարածել:

Սակայն այս հարցին կարծես թե վերջակետ է դրել Բաքու-Երևան օդանավի երևի միակ ուղևորը. խաղաղապահ միավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Հրապարակ»-ին հաջողվել էր մեկնաբանություն ստանալ ռուս գեներալից: «Կեղծ պրովոկացիա էր: Նրանց հարցրեք, մոլորության մեջ են գցում բնակչությանը: (Գերիների վերադարձ) պլանավորված չի եղել, դա սովորական աշխատանքային այց էր»,- ասել է Մուրադովը:

Սակայն մինչ Ալեն Սիմոնյանը ներողություն կխնդրեր, իսկ Մուրադովը կհերքեր հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին տեղեկությունները, Ազգային ժողովում մի ամբողջ հակառուսական ալիք էր բարձրացրել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, բառացիորեն նշում է. «Գերիների վերադարձի հարցը անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումից հետո: Դրանից առաջ, որ մյուս օրը, որ պետք ա գերիները վերադարձվեին…Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուաստանը իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը: Դրանով էր պայմանավորված, որ պարոն գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ռուսաստանի ազգային հերոս գնացել էր` գերիներին ուղեկցելու Հայաստան: … Ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը ես չեմ կարող հնչեցնել` որտեղ ա: Ես ինտուիցիայով հասկանում եմ` ինչ ա կատարվում»:

Այս դեպքում Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին չի աշխատում. Քոչարյանը շատ պարզ նշում է, որ Մուրադովը գնացել է Բաքու ռազմագերիներին ուղեկցելու համար:
 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն