.png)
Երեկ` ապրիլի 9-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին, որի ընթացքում Թորոսյանը խոսում է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի և վերջինիս արգելքների մասին:
Նախկին նախարարը զարմանքով պնդում է` «եվրոպական որևէ երկրում «AstraZeneca» պատվաստանյութի արգելք չկա, և ես զարմանում եմ, թե որտեղից են այդ բամբասանքները լցվում եթեր: Պարզապես եղել են որոշակի դեպքեր, երբ եղել է պացիենտի առողջական ժամանակագրական դեպք, և դա նախորդել է պատվաստումը: Դա բնորոշ է բոլոր պատվաստանյութերին: Այսինքն` հնարավոր է լինի պատվաստում, բայց քաղաքացու մոտ զարգանա մեկ այլ հիվանդության բարդություն, և եթե միայն ժամանակագրությունը նայենք, կարող է պարզվել, որ պատվաստանյութից է առաջացել, բայց պարզվի, որ պատվաստանյութից չի առաջանում»:
«Մեդիատեռորից» բողոքող Արսեն Թորոսյանը, հղում անելով անգլերենով կամ այլ լեզուներով «աղբյուր» տեքստերին, նշում է, որ օրինակ` թրոմբոզը ուղղակի ժամանակագրորեն հետևել է պատվաստմանը: Սակայն այն մանիպուլյացիաների շարքը, որին Արսեն Թորոսյանը դիմել է հարցազրույցի ընթացքում, հենց իշխանությունների կողմից իրականացվող «մեդիատեռորի» օրինակ է:
ԵՄ դեղանյութերի կարգավորիչ մարմինը ապրիլի 7-ին հրապարակել է զեկույց, որը վերաբերում է «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբոզի առաջացման կապին:
Զեկույցում, որն անգելերեն է, նշվում է. «Կարգավորիչ մարմնի անվտանգության հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ հազվադեպ հանդիպող թրոմբները` ուղեկցված արյան մեջ ցածր քանակով թրոմբոցիտներով, պետք է ներառվի «Վաքսզևրիայի» («AstraZeneca»-ի նոր անվանումն է) հազվադեպ հանդիպող կողմնակի հետևանքների շարքում: Հանձնաժողովը հիշեցնում է բժշկական անձնակազմերին և քաղաքացիներին, որոնք պատվաստվում են տեղյակ լինել պատվաստմանը հաջորդող 2 շաբաթների ընթացքում արյան մեջ ցածր քանակով թրոմբոցիտներով ուղեկցվող հազվադեպ հանդիպող թրոմբոզի առաջացման հավանականության մասին: Գրանցված դեպքերի մեծամասնությունը հանդիպում է 60 տարեկանից ցածր կանանց մոտ պատվաստումից հետո 2 շաբաթվա ընթացքում:… ինչ վերաբերում է առաջացման մեխանիզմին, ապա ենթադրվում է, որ պատվաստանյութը կարող է առաջացնել իմունային պատասխան` հանգեցնելով հեպարինի պատճառով առաջացած թրոմբոցիտոպենիայի ատիպիկ խանգարման»:
Եվրամիության կարգավորիչ մարմնի ամբողջական զեկույցը` այստեղ:
Ինչ վերաբերում է Թորոսյանի այն պնդմանը, որ պատվաստանյութը եվրոպական երկրներում երբեք չի արգելվել, ապա այն կեղծ է:
Հոլանդիայի առողջապահության նախարարը նախապես հայտարարել էր, որ մինչև ապրիլի 7-ը պատվաստանյութի օգտագործման կասեցումը կտարածվի 60 տարեկանից ցածր քաղաքացիների համար, սակայն ավելի ուշ արգելքը տարածվել է բոլորի նկատմամբ: Իտալիայում նույնպես, չնայած ավելի քան 1 միլիոն չափաբաժնի ներկրմանը` մարտին «AstraZeneca»-ի օգտագործումը արգելվել էր: Ներկայումս «AstraZeneca»-ի օգտագործումը երիտասարդ քաղաքացիների շրջանում արգելվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում և Կանադայում, մինչդեռ Դանիան և Նորվեգիան ամբողջովին դադարեցրել են «AstraZeneca»-ով պատվաստումները: Սրա հետ մեկտեղ` Մեծ Բրիտանիայում, որտեղ «AstraZeneca»-ն ամենատարածվածն է, երիտասարդներին խորհուրդ են տալիս այլընտրանքային պատվաստանյութի դեպքում հրաժարվել «AstraZeneca»-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարբեր այլ ֆոնդերի հետ սերտորեն փոխկապակցված առողջապահության նախկին նախարարը շարունակում է պատվաստանյութերից թերևս ամենավտանգավորը համարվող «AstraZeneca»-ի քարոզը` այդ ընթացքում դիմելով բազմաշերտ մանիպուլյացիաների:
Աղբյուր՝ AntiFake.am