ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկողները իրենց մտահոգությունն են հայտնում պետական ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ

article-image

ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկողները հայտարարություն են տարածել.

«Մենք խորապես մտահոգ ենք Հայաստանում պետական 2 ինստիտուտների` Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև բարձր լարվածության առիթով», - ասել են ԵԽԽՎ Հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) և Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա):

«Ցանկացած Ժողովրդավարական համակարգում զսպումների և հակակշիռների մեխանիզմը կենսական է: Սա նշանակում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է առաջնորդվեն օրենքի գերակայությամբ, իրենց խոսքում և արարքներում հարգեն այն` ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նրանք չեն գործում այս սկզբունքների համաձայն, նրանք թուլացնում և վնասում են մեկը մյուսին: Հետևաբար մենք մտահոգ ենք այս աննախադեպ մակարդակի հասած լարվածությունների հետևանքով առաջացած երկարաժամկետ վնասի վերաբերյալ, որը կարող է ամբողջապես ազդել դատական համակարգի վրա, որի նկատմամբ վստահությունը առանց այդ էլ շատ ցածր է», - նշել են նրանք:

«Մինչ այժմ Կառավարությունը և Խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել: Որպես համազեկուցողներ` մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք, որ հայաստանյան իշխանությունները շարունակեն գործել նույն ոգով` պահպանելու 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին, եթե նույնիսկ այս համակարգի նպատակը ծանրակշիռ է թվում»:

«Մենք արդեն իսկ հայտնել ենք, որ անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա: Ավելին, մենք կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը», - շեշտել են համազեկուցողները:

 «Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, անկախ նրանից, թե դրանք գտնվում են նախապարաստական փուլում, թե արդեն իսկ իրականացվել են Եվրոպայի Խորհրդի համար կարևոր ոլորտներում», - եզրափակել են նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն