Իշխանության ներկայացուցիչները մանիպուլացնում են ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը. ինչ են ասել համազեկուցողները

article-image

Երեկ՝ հունվարի 31-ին, ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ կառավարության և ՍԴ նախագահի ինստիտուտների միջև առկա լարվածության հետ։

ԵԽԽՎ համազեկուցողները մի շարք ուշագրավ դիտարկումներ են արել՝ նշելով, որ առկա լարվածությունը կարող է մեծ վտանգ դառնալ ամբողջ դատական համակարգի համար։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք խորապես մտահոգ ենք Հայաստանում պետական 2 ինստիտուտների` Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև բարձր լարվածության առիթով։
Ցանկացած ժողովրդավարական համակարգում զսպումների և հակակշիռների մեխանիզմը կենսական է: Սա նշանակում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է առաջնորդվեն օրենքի գերակայությամբ, իրենց խոսքում և արարքներում հարգեն այն` ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Եթե նրանք չեն գործում այս սկզբունքների համաձայն, նրանք թուլացնում և վնասում են մեկը մյուսին: Հետևաբար մենք մտահոգ ենք այս աննախադեպ մակարդակի հասած լարվածությունների հետևանքով առաջացած երկարաժամկետ վնասի վերաբերյալ, որը կարող է ամբողջապես ազդել դատական համակարգի վրա, որի նկատմամբ վստահությունը առանց այդ էլ շատ ցածր է։
Մինչ այժմ Կառավարությունը և Խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել: Որպես համազեկուցողներ` մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք, որ հայաստանյան իշխանությունները շարունակեն գործել նույն ոգով` պահպանելու 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին, եթե նույնիսկ այս համակարգի նպատակը ծանրակշիռ է թվում։
Մենք արդեն իսկ հայտնել ենք, որ անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա: Ավելին, մենք կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը։
Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, անկախ նրանից, թե դրանք գտնվում են նախապարաստական փուլում, թե արդեն իսկ իրականացվել են Եվրոպայի Խորհրդի համար կարևոր ոլորտներում»։

Այս հայտարարությունն ամբողջությամբ ընկալելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ իրադարձություններ են նախորդել դրան, ինչու ԵԽԽՎ համազեկուցողները անհրաժեշտ համարեցին հենց երեկ հանդես գալ հայտարարությամբ և ինչ ենթատեքստեր են առկա հայտարարության բովանդակության մեջ։

Հայտարարությանը նախորդող իրադարձությունները

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հետագայում նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները իրենց իշխանության առաջնահերթությունն են հռչակել «բարեփոխումները» դատական համակարգում։

Այդ նպատակով իշխանությունները 2018 թվականին սկսեցին շրջանառել անցումային արդարադատության և դրա գործիքներից` «վեթթինգ»-ի գաղափարը։ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրվեցին ռազմավարություն, օրենսդրական փոփոխություններ և ամենօրյա կտրվածքով հայտարարություններ, գրառումներ այն մասին, որ «վեթթինգ»-ի իրականացումն անհրաժեշտ է, և որ այդ հարցում Վենետիկի հանձնաժողովը հայտնել է իր դրական կարծիքը և անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցել «վեթթինգ»-ի իրականացման հարցում։

Հետագայում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, որ իրենք «վեթթինգ»-ը ո՛չ կարևոր, և ո՛չ էլ անհրաժեշտ են համարել, իսկ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը վերաբերվել է ոչ թե բուն «վեթթինգ»-ի կիրառմանը՝ այլ դատական համակարգի բարեփոխումներին առնչվող օրենսդրական փոփոխություններ մշակելու ընթացքում անհրաժեշտ աջակցությանը։

Այդպիսով՝ իշխանությունները դադարեցին նույն ինտեսիվությամբ քարոզել «վեթթինգ»-ի գաղափարը։

Տեղի ունեցան նաև Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շենքերը շրջափակելու հայտնի իրադարձությունները, որին մասնակից դարձան նաև օրենսդիր և գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։

Գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես եկավ հայտարարություններով՝ ուղղված դատական իշխանության ներկայացուցիչներին` նրանց անվանելով «պատերի տակ վնգստացող դատավորներ»։

Դատական իշխանության ներկայացուցիչների թիրախավորումն այսպիսով չսահմանափակվեց։

Դատական իշխանության «բարեփոխումների» սլաքը նախորդ տարվա սկզբից ուղղվեց Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի վրա։

Նախ՝ ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ՍԴ դատավոր ընտրվեց իշխանահաճո Վահե Գրիգորյանը, ով իր ընտրության օրը ՀՀ Ազգային ժողովում ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։ Դրան հաջորդեց 2015թ. Սահմանադրական փոփոխությունների ՍԴ «անդամ», ՍԴ «դատավոր» արհեստածին բառախաղը՝ միտված ՍԴ գործող անդամներին «հեռացնելուն»։

Այս ամենը քննադատության արժանացավ հանրության լայն շրջանակների կողմից, ուստի իշխանությունները որոշեցին վերադառնալ իրավական գործընթացներին և շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

Այս նախագծի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը տվեց դրական կարծիք՝ հատուկ ընդգծելով, որ դրա կիրարկումը պետք է տեղի ունենա բացառապես կամավոր սկզբունքով։

Սրան զուգահեռ` իշխանությունը ձեռնամուխ եղավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների, մերձավորների, սանիկների նկատմամբ ճնշումներին՝ քրեական գործեր հարուցելու և իշխանական այլ լծակներով ճնշումներ գործադրելու միջոցով։

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի ընդունումից հետո իշխանություններին հայտնի դարձավ, որ որևէ դատավոր չի ցանկանում օգտվել այդ «հնարավորությունից»։ Մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ դա գիտակցելով իշխանությունները` սկսել են փնտրել «ՍԴ դատավորներին հեռացնելու» այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ «կոմպրոմատներ հավաքել» դատավորների վերաբերյալ և հարկադրել նրանց հեռանալ։

Իսկ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումները նոր թափ ստացան։ Քրեական հետապնդում սկսվեց նաև ՍԴ նախագահի նկատմամբ, ինչը, նրա փաստաբանների խոսքերով, ուղեկցվում է մի շարք քրեադատավարական իրավունքների խախտումներով։ Ի վերջո մեղադրանք առաջադրվեց Հրայր Թովմասյանին։

Վերջին գործողություններն ուղեկցվում են իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններով, ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով՝ միտված հեղինակազրկելու Սահմանադրական դատարանն ու նախագահ Հրայր Թովմասյանին։

Իշխանության երկու ճյուղերի առաջացրած լարվածությունը հասավ այնտեղ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց իբրև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջի նկարը՝ «Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ» կից գրությամբ։

Հասարակական-քաղաքական շրջանակները, Մարդու իրավունքների պաշտպանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ հանդես եկան այդ գրառումը դատապարտող հայտարարություններով, որը հանգեցրեց Հենրիկ Հարթենյանի մանդատը վայր դնելուն։ Սակայն սրանով ճնշումները ՍԴ նախագահի նկատմամբ չդադարեցին։

Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն «ամենօրյա, ամեն շաբաթվա, ապա ամեն ամսվա կտրվածքով իր ծառայություններն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին»։ Վարչապետն այդ ասուլիսի ընթացքում հանդես եկավ նաև ձևակերպումներով, որոնցով խախտվում էր անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Ի պատասխան՝ ՍԴ նախագահը պահանջեց հրապարակել Փաշինյանի խոսքերը հավաստող արժանահավատ փաստ՝ նշելով, որ դրա բացակայության դեպքում պատրաստվում է դատական հայց ներկայացնել վարչապետի դեմ զրպարտության համար։

Նիկոլ Փաշինյանը, խոստանալով հրապարակել այդ արժանահավատ փաստը, ՍԴ նախագահի հայտարարության հաջորդ օրը հրապարակեց մի գրիչի նկար՝ նշելով, որ ՍԴ նախագահն այդ գրիչը նվիրել է իրեն, ինչը քծնանքի նշան է։

Փաշինյանի այս գրառումն ուղեկցվեց հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ծաղրական գրառումներով, քանի որ ՍԴ նախագահին «արժանահավատ, օբյեկտիվ փաստ» ներկայացնելու և «ոչ համարժեք հակահարված» հասցնելու վարչապետի խոստումը չիրականացավ։

Սրան հաջորդեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը՝ նույնական բովանդակությամբ, որում փոխխոսնակը նշում էր, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգահարել է իրեն և նշել, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկում իշխանություններին, ապա որոշ ժամանակ անց Հրայր Թովմասյանը «հետևից գրկախառնության է արժանացրել» Ալեն Սիմոսնյանին և հարցրել՝ «հիմա ամեն ինչ լա՞վ է», ինչն էլ Սիմոնյանին հիմք է տվել կարծելու, որ Թովմասյանն այդպիսով փորձել է հասկանալ՝ արդյոք Վանեցյանի «զանգը տեղ է հասել», թե ոչ։

Սիմոնյանի այս հարցազրույցն իր ֆեյսբուքյան պատին տեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Գաղտնի հանդիպումներ Ռ. Քոչարյանի պաշտպանի հե՞տ:
Օտարերկրյա այցեր անհայտ նպատակներո՞վ:
Զանգ ընկերոջը իշխանությանը ծառայելու պատրաստակամությա՞մբ:
Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ
»:

Ալեն Սիմոնյանի հարցազրույցն ու Փաշինյանի գրառումը կրկին արժանացան հասարակության բացասական գնահատականին։

Տեղի ունեցած հայտարարությունների և իրադարձությունների առնչությամբ Հրայր Թովմասյանը հարցազրույց տվեց՝ պարզաբանումներ ներկայացնելով դրանց վերաբերյալ։

Սրան հաջորդեց հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության՝ այս թվականի հունվարի 29-ի ռեպորտաժը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերնագրով։ Ռեպորտաժում հանրությանը կողմնակալ լրատովության միջոցով մատուցվեցին տեղեկություններ, որոնք նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ էին և չէին կարող հասու լինել Հանրային հեռուստաընկերությանը։ Բացի այդ, ռեպորտաժով խախտվում էր Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

Այդ ռեպորտաժն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ՀՀ վարչապետը՝ գրելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Հայտարարության ենթատեքստերը` դրան նախորդող իրադարձություններով պայմանավորված

Ահա այս իրադարձություններին հաջորդեց ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողների հայտարարությունը, որում խոսվում էր Կառավարության և ՍԴ միջև առկա լարվածության, անմեղության կանխավարկածի պահպանման, բացառապես իրավական գործընթացներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին։

1. Հայտարարության մեջ նշվում է «զսպումների և հակակշիռների» մեխանիզմի նկատմամբ հարգանքի մասին, որը, ինչպես պարզ է դառնում հայտարարությանը նախորդող իրադարձություններից, խախտվել է գործադիր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նկատենք, որ ՍԴ նախագահը այս ողջ ընթացքում հանդես չի եկել մի հայտարարությամբ, որով խախտել է իշխանությունների տարանջատման սկզբունքը։

2. Հայտարարության մեջ ընդգծվում է նաև «անմեղության կանխավարկածի» սկզբունքը, որը, կրկին հայտարարությանը նախորդող իրադարձություններով պայմանավորված, վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ նրա՝ Կապանում արված հայտարարություններին և Հ1-ի կողմնակալ և անմեղության կանխավարկածը խախտող ռեպորտաժն իր էջում հրապարակելուն։

3. Չնայած այն հանգամանքին, որ հայտարարության մեջ նշվում է, որ մինչ այժմ Կառավարությունն ու Խորհրդարանն իրենց գործողություններն իրականացրել են` պահպանելով իրավական ընթացակարգերը և դիմել են Վենետիկի հանձնաժողովին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հետ կապված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կարծիք ստանալու համար, այնուամենայնիվ համազեկուցողներն առանձնահատուկ ընդգծում են, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել։ Այս շեշտադրումը պայմանավորված է ՍԴ դատավորների և ՍԴ նախագահի վրա իշխանության հրապարակային և ոչ հրապարակային հարկադրանքով՝ օգտվելու վաղ կենսաթոշակի անցնելու «հնարավորությունից»։

4. Համազեկուցողներն ուղղակիորեն նշում են նաև, որ քաղաքական դերակատարները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա։ Այս հատվածի առնչությամբ անգամ լրացուցիչ մեկնաբանման անհրաժեշտություն չկա, քանի որ համազեկուցողներն ուղղակի տեքստով նշում են, որ որոշ հայտարարություններ և գործողություններ ընկալվում են որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ համազեկուցողների հայտարարությունը հաջորդել է Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին, և որ համազեկուցողների «մեսիջները» մեծապես ուղղված են գործադիր իշխանությանն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ վերանայելու Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի վերաբերյալ իր հայտարարություններն ու գործողությունները ։

Իշխանական մանիպուլյացիաները

Երեկ` հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց, հայտարարությունը սկսեցին տարածել իշխանության ներկայացուցիչները՝ այն ներկայացնելով «իրենց հարմար» մանիպուլյատիվ եղանակով, առանձնացնելով ԵԽԽՎ համազեկուցողների առանձին մտքերը, դրանք կտրելով համատեքստից և ներկայացնելով ոչ ճշգրիտ մենկաբանություններով։

Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողների հայտարարությանը, մեջբերել է հայտարարությունից հատվածներ և յուրովի ու մանիպուլյատիվ մեկնաբանություններով թիրախավորել է Սահմանադրական դատարանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։  

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսել է Ռուբինյանի գրառումը՝ անտեսելով հայտարարության մեջ տեղ գտած մի շարք կարևորագույն դիտարկումներ, որոնք, ըստ էության, հենց հայտարարության «մեխն են» (զսպումներ և հակակշիռներ, անմեղության կանխավարկած, դատական համակարգի վրա որպես ճնշում ընկալվող գործողություններ և հայտարարություններ և այլն)։

Նույն կերպ է վարվել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ողջունում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի համազեկուցողների արձագանքը և առանձնացրել այնպիսի հատված, որը դրական տպավորություն է թողնում հայտարարության համատեքստի մասին։ Իսկ հայտարության մեջ տեղ գտած մտահոգությունները «վրիպել են» նախարարի ուշադրությունից։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ևս առանձնացրել է ԵԽԽՎ հայտարարության, իր համար «դրական» հատվածները՝ իրավական ընթացակարգերով առաջնորդվելը, դատարանների նկատմամբ ցածր վստահությունն ու վաղ կենսաթոշակի նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար Վետենիկի հանձնաժողովին դիմելը, իսկ մյուս հատվածները՝ անմեղության կանխավարկածի, դատական համակարգի վրա որպես ճնշումներ ընկալվող գործողությունների ու հայտարարությունների և այլ մասերով, «վրիպել են» պատգամավորի աչքերից։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ևս առանձնացրել է իր և իր գործընկերների կողմից առանձնահատուկ վերաբերմունքի արժանացած հատվածը, ինչպես նաև մեջբերել է հայտարարության մի հատված՝ դրա սեփական մեկնաբանության մեջ վիրավորելով ՍԴ նախագահին.

«"We will closely monitor that the Armenian authorities continue to act in this way, even if the objective of this mechanism, to uphold the spirit of the constitutional amendments of 2015, seems valid"
Այսինքն ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին և այդ ճանապարհին բախվել են Հրայր Թովմասյան անձին և վերջինիս դժկամությանը պահպանել իր իսկ գրած սահմանադրության ոգին։
Ի՞նչ է ստացվում, համազեկուցողներն ասում են՝ հասկանում ենք, որ ՍԴ ներկա նախագահը իր 17֊ամյա պաշտոնավարման նկրտումներով խախտում է իր իսկ գրած սահմանադրության ոգին, բայց խնդրում ենք, այնպես արեք, որ Սահմանադրության ոգին վերականգնելու ճանապարհին չխախտեք դրա տառը։
Ու դեռ այսքանից հետս ՍԴ նախագահը խոսում է մասնագիտական արժանապատվությունից, իրեն հռչակում է Հայաստանում դատական իշխանության ղեկավար, դիրքապահ և քաղհալածյալ՝ երեքը մեկում»։

Պատգամավորը հետաքրքիր զուգադիպությամբ, ինչպես իր գործընկերները, «մոռացել է» հանրությանը տեղեկացնել նաև հայտարարության մեջ տեղ գտած լրջագույն մտահոգությունների՝ Վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահի միջև առկա լարվածության, անմեղության կանխավարկածի խախտման, իշխանությունների տարանջատման սկզբունքի և այլնի մասին։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ գործադիր և օրենսդիր իշխանության իմքայլական ներկայացուցիչները ԵԽԽՎ հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողների պաշտոնական հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խեղաթյուրում են, իրենց լսարանին ներկայացնում մանիպուլյատիվ, հատվածական կերպով, ինչից կարելի է ենթադրել, որ ԵԽԽՎ հայտարարության մեջ տեղ գտած մտահոգություններն ի չիք են դառնալու և անտեսվեն հայտարարության հասցեատերերի կողմից։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն