Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գաղտագողի այց է կազմակերպել Սյունիքի մարզ, որտեղ նա ցածր ռեյտինգ ունի ու մեղմ ասած սպասված չէ սյունեցիների կողմից։
Այսօր վաղ առավոտից Սյունիքի մարզի մի շարք համայնքներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ խոչընդոտելով Նիկոլ Փաշինյանի այցը իրենց քաղաքներ։ Սյունեցիները Փաշինյանին հիշեցրել են, որ ինքը սպասված չէ իրենց մարզում և պետք է հեռանա։ Սակայն այդ ամենը չի խանգարել Փաշինյանին ընտրություններին ընդառաջ ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ ինքը Սյունիքում նույնպես աջակցություն ունի։ Սյունիքի անվտանգությունը խաթարած Փաշինյանի պլանն ամբողջությամբ ձախողվել է. Ագարակում բնակիչները նրան «դիմավորել են» վիրավորանքներով՝ «թուրք», «կապիտուլյանտ», «դավաճան» վանկարկումներով, իսկ Փաշինյանի ողջույններին ի պատասխան հայհոյանքներ են հնչեցրել։
Նույնանման բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Մեղրի ու Քաջարան քաղաքներում։ Մեղրիում Փաշինյանի այցը նույնպես հարթ չի անցել. Մեղրեցիների վիրավորանքների ու հայհոյանքների ներքո՝ Փաշինյանին «փրկության են» հասել հատուկջոկատայինները ու ապահովել ավտոշարասյան տեղաշարժը։ Իսկ Քաջարանում զոհված զինվորների հարազատները փակել են գերեզման տանող ճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը իրենց զավակների գերեզմաններին։ Այսքանից հետո Փաշինյանը չի հանձնվում և այցելում է իր համար կազմակերպված աջակցության «բեմականացումներին»։
Սյունիքում Փաշինյանի տապալված ու խայտառակ այցին զուգահեռ գործի է անցել իշխանության քարոզչամեքենան և «հայտնաբերել» սյունեցիների գործողությունների «միակ մեղավորին»։ Սյունեցիները, որոնք Փաշինյանի գործուն ջանքերով կողք կողքի են հայտնվել թշնամիների հետ և որևէ անվտանգային աջակցություն չեն ստանում պետությունից, ըստ փաշինյանական պրոպագանդայի՝ դժգոհության իրական առիթ չունեն, բողոքի գործողությունները «ֆեյք» են, իսկ դրանց կազմակերպիչը «նախկին» ՀՀԿ-ական Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է, որը նույնպես մասնակցել է բողոքի գործողություններին։
Այն, որ Մեղրիի համայնքապետը դեմ է գործող իշխանություններին, նորություն չէ որևէ մեկի համար։ Զաքարյանը դրա մասին բազմիցս արտահայտվել է հրապարակայնորեն, ավելին Մեղրիի քաղաքապետը անդամակցում է նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» ընդդիմադիր քաղաքական կուսակցությանը։ Բնական է, որ նա պետք է մասնակցություն ունենար նաև Մեղրիում ընդդեմ Փաշինյանի կազմակերպված բողոքի գործողություններին։
Եվ նրան դարձնել Սյունիքի խոշոր համայնքներում ընթացող բողոքի ակցիաների մեղավոր, մեղմ ասած անլուրջ է և խոսում է իշխանական քարոզչամեքենայի սպառված լինելու մասին։
Ներկայացնում ենք իշխանական պրոպագանդիստների գրառումները, որոնք մեղադրելով Մեղրիի քաղաքապետին փորձում են փրկել Սյունիքում խայտառակված Նիկոլ Փաշինյանի գահավիժող ռեյտինգը։ Քարոզչական թեզի սկզբնաղբյուրը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող civic.am լրատվականն է։ Կեղծ քարոզչական թեզը շրջանառել են «civic.am»-ը համակարգող և իմքայլական նորաթուխ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրայի խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող «MEDIANEWS.SITE» լրատվականը, ֆեյքաբուծարանի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Թորոյանը, պրոիշխանական և «Ֆեյքերի ֆաբրիկայի» մաս կազմող մի քանի լրատվականներ ու գործիչներ։
Աղբյուր՝ AntiFake.am