Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Գարիկ Սարգսյանի մտերմուհի Լիլիթ Միրզախանյանը՝ հաղթելով մարզպետին դատի տված մասնակցին. նա նախորդ անգամ դուրս էր մնացել մրցույթի առաջին փուլից. Tert.am

article-image

«Tert.am»-ը գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Միրզախանյանը, նշենք, ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է:

Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սա արդեն երկրորդ մրցույթն էր, որոնցից առաջինում 3 մասնակիցներից ոչ մեկը չի ստանձնել պաշտոնը: Մրցույթներն անցկացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայությունում:

Լիլիթ Միրզախանյանը մասնակցել է երկու մրցույթներին, սակայն առաջին մրցույթը, որը տեղի է ունեցել 2019թ.-ի դեկտեմբերին, Միրզախանյանը հաղթահարել չի կարողացել: Նա դուրս է մնացել մրցույթի առաջին՝ գրավոր փուլից:

Մյուս երկու մասնակիցները, որոնք մասնակցել են դեկտեմբերին կայացած մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին, այն չեն հաղթահարել: Հատկանշական է, որ նրանցից մեկը մարզպետարանի Սոցիալական ապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանն է, ով դատական հայց ունի ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ բժշկական կենտրոնների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթից հետո:

Tert.am-ի տեղեկություններով՝ Նունե Մարտիկյանը չի պատրաստվում դատական կարգով բողոքարկել մրցույթը, քանի որ ընդդեմ մարզպետի ներկայացրած դատական հայցի քննությունը ձգվում է և էական արդյունք չի տալիս:

Նշենք, որ դեկտեմբերին, երբ մարզպետարանի գրեթե բոլոր աշխատակիցները պարգևատրումներ են ստացել, մարզպետի դեմ դատական հայց ներկայացրած երկու անձինք՝ Նունե Մարտիկյանն ու մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանը պարգևատրումներ չեն ստացել: Բադալյանի դատական հայցը ևս վերաբերում է բժշկական կենտրոնների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին:

Tert.am-ը փորձեց զրույցել Արարատի մարզպետարանի նորանշանակ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանություն տալ»:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն