
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը AntiFake.am-ի հետ զրույցում հերքել է մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե այս պահին Երևան է բերվում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
«Չկա նման բան: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Սաղաթելյանը:
Խոսելով Մեղրիից և Գորիսից բերման ենթարկվածների թվի մասին՝ Սաղաթելյանն ասել է, որ այդ տվյալները մոտավոր են. «Մոտ 20-30 հոգի են, եթե վերջին մի քանի ժամում չեն ավելացել»: Ինչ վերաբերվում է նրանց բերման ենթարկելու հիմքերի մասին, ապա դիտարկվում է երկու հոդված՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության համապատասխան հոդվածի 3-րդ մասը և իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համապատասխան հոդվածը։
Ըստ Սաղաթելյանի՝ ամենազայրացնողը բերման ենթարկվածներին ցուցաբերվող վերաբերմունքն է: Վերջինս հույս է հայտնել, որ հանրային հստակ արձագանք կլինի այս առնչությամբ:
Անդրադառնալով այն լուրերին, որ երեկ Սյունիքում Փաշինյանին «ողջունած» քաղաքացիներին վախեցնելով փորձում են պարտադրել հոլովակներ ձայնագրել, որոնցում իրենք ներողություն կխնդրեն Փաշինյանից` Սաղաթելյանն ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` քաղաքացիներն իրենց դեմքով չեն ուզում ահազանգել դրա մասին:
«Հավանաբար սա կրկին Փաշինյանի ուղղակի ցուցումով է», - նշել է Սաղաթելյանն ու հավելել, որ ամեն կերպ փորձ է արվում կոտրել այն մթնոլորտը, որը երեկ էր ստեղծվել, ու ցույց տալ, որ տեղի ունեցածը կազմակերպված հավաք էր, ինչի համար մարդիկ զղջում են:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am