
Այսօր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությանը:
Ի թիվս այլ թեմաների, որոնց մասին խոսում է Արմեն Գրիգորյանը` անդրադարձ է կատարում նաև հայ-ռուսական հարաբերություններին:
Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. «… Բավական է միայն հիշեցնել Ռուսաստանի հետ համատեղ Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղությանը նպաստելու գործում Հայաստանի մասնակցությունը: Ի դեպ, տեխնոլոգիաների և ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ», «ЦАСТ») հրապարակել է խորը, բազմակողմանի ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային և հուսալի պետություններից մեկն է: Հետևաբար, եթե մեր հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն ծագի, ապա` միայն խորացման և զարգացման ուղղությամբ:…»:
Մի կողմ թողնենք այն փաստը, որը 2018 թվականից հետո իշխանությունների գործունեության հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն անկում են գրանցել և մեծ բացեր թողել, դրանք նաև առավել նվազման միտում ունեն:
Սակայն Արմեն Գրիգորյանը դարձյալ մանիպուլացնում է «ՑԱՍՏ»-ի գնահատականը:
Դեռևս նախորդ տարի` 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ` սեպտեմբերի 24-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ ռուսական հայտնի «ՑԱՍՏ» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված «Союзники» ուսումնասիրության մեջ «Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»:
Այդ ժամանակ էլ AntiFake.am-ը գրել էր, որ վարչապետն ու ԱԽ քարտուղարը մանիպուլացնում են ուսումնասիրության եզրահանգումները, քանի որ վերջինիս մեջ տեղ են գտել բազմաթիվ մտահոգություններ և փաստեր, որոնք վկայում էին, որ այդ ժամանակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում Հայաստանին «շատ բարձր մակարդակ» տրված չէր:
«Միջին կարևորության և մեծ հավատարմություն» ունեցող. այսպես են բնութագրել Հայաստանի դաշնակցային պոտենցիալը «ՑԱՍՏ»-ի մասնագետները: «Այս գործընկերոջ (Հայաստանի – խմբ.) կարևորությունը պայմանավորված է ավելի կայուն գործոնով` աշխարհագրական դիրքով:… Փաստերի ամբողջությամբ` Ռուսաստանի` ավելի հուսալի ռազմաքաղաքական գործընկեր է համարվում Հայաստանը»:
Սակայն ուսումնասիրության հեղինակները ընդգծում են. «Հարաբերությունների և դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից և որդեգրած քաղաքականությունից»:
Ըստ այդմ էլ` Արմեն Գրիգորյանի մատնանշած` «ամենասկզբունքային» դաշնակցի մասին խոսք անգամ գնալ չի կարող, քանի որ նախ` ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ամեն ինչ կախված է Հայաստանից, երկրորդն էլ` Հայաստանի վերջին տարիների քաղաքականությունը շարունակում է հակառուսական տարրեր պարունակել:
Աղբյուր՝ AntiFake.am