Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ երկու երկրները տարբեր հաղորդագրություններ են տարածել

article-image

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի կապակցությամբ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Այս առիթով մամուլի հաղորդագրություն է հրապարակել նաև ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության` կողմերը «քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին,  տարածաշրջանային խնդիրներին»:

Ռուսական հաղորդագրությամբ` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Բավականությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնակ կայուն և հանգիստ: Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընթացիկ թեմաների, այդ թվում` էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ` կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: