Ինչպես մանիպուլացնել փաստերը. Ռուբեն Ռուբինյանի բանաձևը

article-image

Օրերս Ստրասբուրգում մեկնարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները: Հայաստանի խորհրդարանականները հունվարի 26-ից փետրվարի 1-ը մասնակցեցին ԵԽԽՎ հերթական նստաշրջանի առաջին փուլին:

ԵԽԽՎ այս նստաշրջանը ևս ինտրիգներից զուրկ չէր: 

Այս նստաշրջանը Վեհաժողովում նշանավորվեց մի բանաձևի ընդունմամբ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալներին:  

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որտեղ ակնհայտ անճշտություններ կային, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որն ասելիք չուներ, մեղադրեց իսլանդացի զեկուցողին Ադրբեջանին նվաստացնելու համար, հայկական պատվիրակության անդամներին մեղադրեց ելույթ ունենալու համար, ապա պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին»:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը իր ելույթում չէր պաշտպանում ո’չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ո’չ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Նա բերում էր օրինակներ առ այն, որ Հայաստանում քաղաքական հետապնդում է իրականացվում: Ուստի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը, օգտվելով հարմար առիթից, պարզապես օգտագործեց այս փաստը ևս մեկ անգամ հիշատակելու Հրայր Թովմասյանի անունը:

Հունվարի 31-ին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողները հայտարարություն տարածեցին` հայտնելով իրենց մտահոգությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Համազեկուցողները շեշտում էին զսպումների և հակակշիռների կարևորության, իշխանության բոլոր ճյուղերի կողմից օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի, այդ թվում նաև` անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշում, որ քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա:

Սակայն այս անգամ ևս Ռուբեն Ռուբինյանը չխորշեց մանիպուլյացիայի քողի ներքո ներկայացնել համազեկուցողների հայտարարությունը: Անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողների հայտարարությանը` Ռուբինյանը յուրովի ու մանիպուլյատիվ մեկնաբանություններով թիրախավորեց Սահմանադրական դատարանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` անտեսելով հայտարարության առավել կարևոր և հստակ դրույթները:

Ռուբեն Ռուբինյանի գրառումը պարունակում է ակնհայտ ստեր և  մանիպուլյացիա:

 1.Գրառման սկզբում մեջբերելով հայտարարությունից հատված` Ռուբինյանը նշում է, որ «անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև»:

Նախ պետք է նշել, որ Սահմանադրական դատարանի և դրա նախագահի վրա ճնշումները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից: Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր վերջին հարցազրույցներում նշում է, որ իր ներկայիս պաշտոնը կաշկանդում է, և ինքը չի կարող քաղաքական հայտարարություններ անել տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ` իրավացիորեն և օրենքով սահմանված կարգով օգտվելով իր իրավունքների պաշտպանության` օրենքով նախատեսված միջոցներից:

 2.Ռուբինյանը գրում է. «Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա վերաբերյալ, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին:

Համազեկուցողներն ընդգծել են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է»։

Այնինչ, համազեկուցողները ՇԵՇՏԵԼ ԵՆ, որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել: Համազեկուցնողները ընդգծել են նաև, որ «եթե նույնիսկ այս համակարգի (իմա`կամավոր կենսաթոշակի անցնելու մասին օրենքը) նպատակը ծանրակշիռ է թվում, նրանք հետևելու են, որ հայաստանյան իշխանությունները շարունակեն գործել նույն ոգով` պահպանելու 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին»: Կարծեք, թե Ռուբեն Ռուբինյանը չի ըմբռնել հայտարարության այս հատվածի իրական իմաստը:

 3.Ռուբինյանը գրում է. «Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից: Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»:

Իրականում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան համազեկուցողները նման դիրքորոշում չեն արտահայտել: Խոսքը ամբողջ դատական համակարգի վրա ճնշումների վերաբերյալ է, այսինքն` ոչ միայն Սահմանադրական դատարանի: Հայտարարության մեջ նրանք նշել են. «անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»:

(“We have already emphasised the need for political players to refrain from actions and statements that could be perceived as exerting pressure on the judiciary. In addition, we call on all parties to lower tension,” said the co-rapporteurs.) (հայտարարության բնօրինակի հղումը)

ԱԺ պատգամավորի գրառման մեջ ավելորդ է նաև «բոլորի կողմից» արտահայտությունը: Համազեկուցողները շեշտել են, որ այս կոչը վերաբերում է «քաղաքական դերակատարներին» (“political actors”), ուստի պետք է նշել, որ «քաղաքական ակտոր/դերակատար» տերմինը վերաբերում է բացառապես քաղաքական իշխանություն ունեցող գործիչներին կամ հանրային քաղաքականություն վարող և/կամ դրա վրա ազդեցություն ունեցող անձանց, մեդիային և այլն: Եվրոպական հանձնաժողովի INFOCORE նախագծում, օրինակ, սահմանվում է «political actor» հասկացության բացատրությունը.

««Քաղաքական դերակատար» տերմինը վերաբերում է այն անհատներին, որոնք ունեն քաղաքական ուժի և/կամ իշխանության առնվազն որոշակի չափ կոնկրետ շրջանակներում, որը նրան կարող է հնարավորություն տալ ունենալ նշանակալից ազդեցություն որոշումներին, քաղաքականությունների, մեդիայի և տվյալ հակամարտության հետ փոխկապակցված արդյունքների վրա:

Ժողովրդավարական պետություններում սա ներառում է բոլոր ընտրված առաջնորդներին, թեկնածուներին, և հարաբերականորեն բարձրաստիճան քաղաքականություն մշակողներին, որոնք ունեն նշանակալից ազդեցություն քաղաքականության ձևավորման և կիրարկման վրա, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն ունեն հասարակության և/կամ միջազգային հարաբերությունների վրա: Այս տերմինը ներառում է իշխանությունունեցող բոլոր անձանց, ովքեր ընտրվել են այս պաշտոններում, նախարարներին և օրենսդիր ճյուղի այն անդամներին, ովքեր ընդդիմությունն են ներկայացնում: Այն կարող է ներառել նաև այն անձանց, որոնք ներգրավված են կառավարության առանձին կառույցներում (օրինակ` արտաքի գործերի նախարարությունում), որոնք համարվում են քաղաքականության կարևոր մշակողներ»:

(The definition of political actor within INFOCORE refers to: “individuals who have obtained at least some measure of political power and/or authority in a particular society who engage in activities that can have a significant influence on decisions, policies, media coverage, and outcomes associated with a given conflict”.

In democratic countries this would include all elected leaders, candidates who are running for election, and relatively high-level policy makers who have a significant impact on the formation and execution of policies that have an impact on society and/or foreign affairs. This definition includes all those in power who have been elected to those positions, government ministers, and those members of the legislative branch who are in the opposition. It would also include those individuals who are in charge of government institutions (e.g. the foreign Ministry) that are considered important policy makers.)

Նմանատիպ բացատրություններ կարելի է գտնել նաև բազմաթիվ այլ մասնագիտական աշխատություններում, որոնց կարող եք ծանոթանալ հղումով:

Ռուբինյանի և նրա քաղաքական թիմի այլ հայտարարություններ քննադատության արժանացան իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների կողմից:

Սակայն օրերս, երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն տարածեց, որով ևս մեկ անգամ իր մտահոգությունը հայտնեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շտապեց իր կարծիքը հայտնել այս հայտարարության վերաբերյալ ևս` դարձյալ մանիպուլյացիաներ կառուցելով:

Ռուբինյանը, մասնավորապես, նշել է.

«Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքյոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի:

Կարևոր եմ համարում պարոն Բուքիքյոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ:

Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից»:

Իսկ ի՞նչ է իրականում պարունակում Բուքիքիոյի հայտարարությունը: Կարծեք, թե Ռուբինյանի աչքից վրիպել էին իր կողմից հիշատակված հատվածի մի քանի կոնկրետ արտահայտություններ: Օրինակ, «Սահմանադրական դատարանում վաղ կենսաթոշակային համակարգին անցումը պետք է մնա իսկապես կամավոր հիմունքներով, բացառի ցանկացած անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է նախատեսվի այնպես, որ ազդեցություն չունենա քննվող գործերի արդյունքների վրա»:

Բերենք գործող իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի, ՍԴ դատավորների և նախագահ Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներից մի քանի օրինակ: Դեռևս նախորդ տարի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվեց որպես մեղադրյալ, Ազգային անվտանգության ծառայությունը այցելել էր Հրայր Թովմասյանի հայրական տուն, հարցաքննության էր հրավիրել վերջինիս դուստրերին: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վաղ կենսաթոշակի անցնելու մասին տխրահռչակ օրենքի ստորագրումից շատ կարճ ժամանակ անց ՀՔԾ քննիչը այցելեց Սահմանադրական դատարան: Քննիչների կողմից փորձ արվեց խուզարկել նաև Հրայր Թովմասյանի տունը: Այնուհանդերձ, երբ ՍԴ դատավորները հանդես եկան վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից օգտվելու մտադրություն չունենալու մասին, լրատվականները սկսեցին գրել այն մասին, որ իշխանությունները սկսում են «կոմպրոմատներ» հավաքել ՍԴ դատավորների անձնական կյանքի վերաբերյալ և այլ հանգամանքներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին է սպառնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին` հրապարակելով  քծնանք «ենթադրող» անհեթեթ իր, հայտարարելով, որ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Վերը թվարկված և բազմաթիվ այլ օրինակներ թույլ են տալիս Ռուբեն Ռուբինյանին խոսել Հրայր Թովմասյանի «քաղաքական» հայտարարությունների և ՍԴ դատավորների վրա վերջինիս ճնշումների մասին: «Ես իշխանության կողմից (ճնշման-խմբ.) դեպք չգիտեմ»,- համոզված է նա:

Ի լրումն իր վերջին հայտարարությունների` ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը իր մեղադրանքները ամբողջացրեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսում և Հանրային հեռուստատեսությամբ` կանգ չառնելով անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքի առաջ` անելով, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ և պետական պաշտոնյային ոչ վայել, սուտ և մանիպուլյացիոն հայտարարություններ:

Հարկ է նշել որ իր քաղաքական թիմում Ռուբեն Ռուբինյանը միակը չէ, և ներկայիս իշխանությունների յուրաքանչյուր կարկառուն ներկայացուցիչ իր պարտքն է համարում հերթական իրադարձության շուրջ մանիպուլյացիոն և օրենքի ու իրավունքի տեսանկյունից ոչ ճիշտ հայտարարություններ անելն ու Նիկոլ Փաշինյանի գործողությունները արդարացնելը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Կարդացե՛ք նաև՝

Իշխանության ներկայացուցիչները մանիպուլացնում են ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը. ինչ են ասել համազեկուցողները

ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկողները իրենց մտահոգությունն են հայտնում պետական ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ

Պետք է բացառել քաղաքական կամ անձնական ճնշումները դատավորների վրա. վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս սկզբունքներին. Բուքիքիո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն