Սյունիքի մարզից «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արմեն Խաչատրյանը չի դադարում համոզել, որ Սյունիքն անվտանգ է:
Հերթական հայտարարությունները պատգամավորն արել է այսօր` Ազգային ժողովում` լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Խաչատրյանը անդրադարձել է Սյունիքի մարզի Արավուս գյուղի դեպքին, երբ ադրբեջանցի զինվորականները քաշքշել են ու հարվածել գյուղի հովվին: Նա նշել է, որ դեպքը ուսումնասիրվում է և պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները նման դեպքերը բացառելու համար:
Այնինչ, ինչպես կարելի է համոզվել տեղացիների վկայություններից և կրկնվող դեպքերից, նման ադրբեջանական սադրանքներն ու միջադեպերը ոչ միայն չեն դադարում, այլ միայն ավելանում են:
«Որ ասենք այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան, և այս պահի դրությամբ Սյունիքում բնակվելը վտանգավոր է, իհարկե, այդպես չէ: Կարող են միջադեպեր լինել, բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել: Այնպես չէ, որ մեր հարևանը Շվեյցարիան է կամ Ֆրանսիան: Եվ այն ամենը, ինչը գրված է թղթի վրա և այն պայմանավորվածությունները, որ կան համաձայնագրով, լիակատար, օրենքի տառին համապատասխան իրականացվելու են:… Կապ չունի` ինչ պատճառներով ով ում տարածքն է անցել: Այս հարցը պետք է ներկայացվի նաև ռուսական խաղաղապահ ուժերին, ….և նրանք նույնպես միջոցներ պետք է ձեռնարկեն, որպեսզի նման դեպքերը իսպառ բացակայեն»,- հայտարարել է Արմեն Խաչատրյանը:
Արձանագրենք մի քանի կետ պատգամավորի խոսքից.
- Եթե Խաչատրյանը անուղղելի համառությամբ պնդում է, որ Սյունիքը վտանգավոր չէ, ապա ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցում էր ռուսական դրոշով, ըստ երևույթին` խաղաղապահ ուժերի մեքենան:
- Ի՞նչ անվտանգության մասին է խոսում Խաչատրյանը, եթե ընդամենը մի քանի օր առաջ հակառակորդը կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ:
- Այդ ինչպե՞ս է հարևանին «կիրթ» համարող քաղաքական ուժը հայտարարում, թե իբր իր հարևանը Ֆրանսիայի Հանրապետությունը կամ Շվեյցարիան չէ:
- Ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը, որի դրույթները պետք է իրականացնել լիակատար և օրենքի տառին համապատասխան: Մի՞թե Ազգային ժողովը արդեն հասցրել է վավերացնել Ադրբեջանի հետ ստորագրված որևէ համաձայնագիր:
- Այնուամենայնիվ, համաձայնագրով նախատեսված ի՞նչ պայմանավորվածություններ են գործում ՀՀ պետական սահմանի և Սյունիքի մարզի վերաբերյալ, որոնց պետք է հետևեն կողմերը:
- Ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով է որոշվել` որ տարածքը ում է պատկանում:
- Արմեն Խաչատրյանը կարծում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նմանօրինակ դեպքերը չկրկնվեն: Եթե նույնիսկ այդ դեպքերով պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները, այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում Հայաստանի իշխանությունը:
Պատասխանատվությունից խուսափող պատգամավորը անուղղելի համառությամբ շարունակում է պնդել, որ Սյունիքն անվտանգ է:
Աղբյուր՝ AntiFake.am