(VIDEO) Հանրային հեռուստաընկերությունը սկսել է «ՔՊ»-ի քարոզարշավը

article-image

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ընթացքում հրապարակվել է ռեպորտաժ, որը խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և գնահատում իշխող դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավորությունները:

 

Ռեպորտաժում ներկայացվում է, որ «փորձագետների շրջանում կոնսենսուս կա. ընտրությունների արդյունքները կանխատեսելի են», այնուհետև պնդում արվում` հարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ««Քաղաքացիական պայմանագրի» և մյուս ուժերի միջև տարբերությունը շատ մեծ է»:

Նկատենք նաև, որ ռեպորտաժում ներկայացված փորձագետներն էլ չեն փայլում իրենց անկողմնակալ վերաբերմունքով:

Ռեպորտաժը ուղեկցվում է մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություն-քարոզարշավների տեսանյութերով, իսկ մոտ 3 րոպե տևող տեսանյութի միայն վերջին մոտ մեկ րոպեն հատկացվում է քաղաքական այլ ուժերի նպատակների «լուսաբանմանը»` այլ լույսի ներքո: Փաստացիորեն ռեպորտաժում խախտվում են օբյեկտիվության, անկողմնակալության, հավասար լուսաբանման սկզբունքները:

Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մյուս ուժերը որակվում են որպես` «Փաշինյանին դեմ» ուժեր:

Ի տարբերություն իշխող ուժի ակնհայտ խախտումների մասին լռության` ռեպորտաժի հեղինակը, հղում անելով փորձագետներին, համարում է, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներդնելու է իր բոլոր ռեսուրսները, այդ թվում` ֆինանսական, աշխատողների վրա ազդելու լծակները` խորհրդարանում հայտնվելու համար:

Ի հեճուկս այն փաստի, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա, իսկ նախագահն էլ չի հայտարարել անցկացման օրվա մասին` Հանրային հեռուստաընկերությունը սկսել է կանխակալ քարոզչությունը իշխանական կուսակցության օգտին` իհարկե, շարքային հարկատուների հաշվին: Եթե Հանրային հեռուստաընկերությունը սկսել է նման կերպով լուսաբանել երկրում տեղի ունեցող նախաքարոզարշավային իրադարձությունները, ապա միայն կարելի է պատկերացնել, թե ինչպես պետական հեռուստաալիքը կլուսաբանի նախընտրական պայքարը: Իսկ ոչ հավասար պայմաններով լուսաբանելու իրավունք Հանրային հեռուստաընկերությունը չունի:  

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն