(VIDEO) Հայհոյելը խուլիգանություն չհամարող գլխավոր դատախազը «սյունյաց ողջույններից» հետո փոխել է կարծիքը

article-image

2019թ. մայիսին ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում էր, որ «միայն հայհոյանք հնչեցնելը դեռ խուլիգանություն չէ»: Նա այսպես էր արձագանքել ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն մտահոգությանը, որ անպատժելիության մթնոլորտում իրական օգտատերերը սոցիալական ցանցերում հայհոյանքներ են գրում քաղաքական գործիչների հասցեին:

2021թ. ապրիլին ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանին հայհոյելու համար տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, իսկ դրա համար որպես հիմք օգտագործվեցին ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության համապատասխան հոդվածները:

Երեկ՝ ապրիլի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխությունների ԱԺ ներկայացված փաթեթը հիմնավորեց սոցիալական ցանցերում և հանրային վայրերում հայհոյանքերի գործածմամբ. «Ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին ու չունենք համապատասխան արձագանք»,- ասել է գլխավոր դատախազն ու ընգծել է, որ Հայաստանում քննադատական խոսքը, իր գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը:

«Մենք հիմա չենք քննադատում՝ ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս»,- ասել է Դավթյանն ու հավելել, որ հանրային ծառայողին վիրավորելը պետք է պատժվի: Իր խոսքում վերջինս նաև հարցադրում է արել՝ «երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը եղավ ազատ խոսք»:

Այն, որ վերջին երեք տարիների ընթացքում հասարակական-քաղաքական միտքը վարակվել է հայհոյախոսություններով, հատվել են բոլոր գրված ու չգրված օրենքները, անվիճելի փաստ է: Սակայն ինչպե՞ս եղավ, որ նախկինում միայն հայհոյանք հնչեցնելը խուլիգանություն չհամարող գլխավոր դատախազը Փաշինյանին ուղղված «ողջույններից» հետո իր դիրքորոշումը փոխեց, որոշեց, որ դա խուլիգանական արարք է, ինչի համար կարելի է մարդկանց բերման ենթարկել, քրեական գործեր հարուցել, մեղադրանքներ առաջադրել, կալանքի տակ պահել ու քրեական պատասխանատվության ենթարկել, մի բան էլ՝ նոր օրենսդրական փաթեթ բերել ու պաշտոնյաներին ուղղված ազատ խոսքը սահմանափակել։ 

Արձանագրենք՝ հայհոյախոսություններին «կյանք են տվել» փաշինյանականները, որոնք թիրախի տակ են պահում ընդդիմադիր գործիչներին ու հանրային այլ գործունեություն ծավալողներին: Ինչու՞ պետական պաշտոնյային հայհոյողը պետք է պատժվի, իսկ ընդդիմադիր գործչին «հայհոյողը»՝ ոչ՝ հայտնվելով անհավասար պայմաններում:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: 

«Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող, չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները, հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով, արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ»,- գրել է Թաթոյանն ու մասնավորեցրել, որ  հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:

Իսկ ինչու՞ նման վարքագիծ ունեցող պաշտոնյաների հրապարակային խոսքը սահմանափակող օրենսդրական փաթեթ Արթուր Դավթյանը չի ներկայացնում։ 

Գլխավոր դատախազի հակասական հայտարարությունները փաստող տեսանյութը՝ ստորև.



Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն