Գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով. ՄԻՊ

article-image

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)

· 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն.

· 17-ը գլխատումներին ու սպանություններին.

·  32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).

· 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.

· 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը.

· 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզմին.

· 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ.

· 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն լեզուներով: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:

Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:

Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզմի է ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում:

Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն