Տիգրան Ավինյանը երեք գերիների վերադարձի համար շնորհակալ է ոչ թե Ռուսաստանին, այլ միջազգային հանրության ճնշումներին

article-image

Այսօր՝ մայիսի 4-ին, երեք հայ ռազմագերիներ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ վերադարձել են Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Բորիս Ավագյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու ռուս խաղաղապահներին՝ գերիների վերադարձը կազմակերպելու համար։

«Երեք ռազմագերիները Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով»,- ասել է Ավագյանը։

Գերիների վերադարձից հետո արդեն հաստատված փաստին արագորեն անդրադարձել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ շտապելով հայ ռազմագերիների վերադարձի ապահովման մեջ Ռուսաստանի ջանքերը «տարածել» նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունների ու միջազգային հանրության ճնշումների վրա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերիների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը ապրիլի 8-ին գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկություն տարածող պաշտոնյաներից մեկն էր։

AntiFake.am-ը պարզել էր, որ ապրիլի 8-ին գերիների վերադարձի մասին աղմուկը բարձրացրել են իշխանական շրջանակները. նախ այդ մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews.am-ի տաղավարում հայտարարություն էր արել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ապա տեղեկությունը իշխանական ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել էին վարչապետի և փոխվարչապետի խոսնակները՝ Մանե Գևորգյանը և Նժդեհ Հովսեփյանը։

Լուրը արագորեն տարածել էին Փաշինյանի ընտանեկան armtimes.com-ը, Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող freenews.am-ը, araratnews.am-ը, պրոիշխանական «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի 1in.am-ը, Սորոսի ֆոնդից և արևմտյան փողերով ֆինանսավորվող պրոիշխանական factor.am-ը և azatutyun.am-ը։ 

Իսկ ռուս խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ապրիլի 9-ին ասել էր, որ գերիների վերադարձի մասին աղմուկը կեղծ պրովոկացիա է եղել։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- ասել էր Մուրադովը՝ պատասխանելով Hraparak.am-ի լրագրողի հարցին, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն