Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս նոր հիմնավորումներով է հանդես գալիս, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա մեջբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցից հատված՝ հրապարակված 2016 թվականին, և իր համար եզրակացնում, որ «Սերժ Սարգսյանը տալիս էր Արցախը, ազատագրված տարածքները, սակայն Ադրբեջանն ուզում է ավելին»:: Բազմիցս անդրադարձել ենք այս հարցազրույցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ խնդիրը ներկայացնում է յուրովի ու իրեն ձեռնտու ձևով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հենց այն հատվածը, որը մեջբերվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, շատ է մանիպուլացվել, մոնտաժվել, կտրվել կոնտեքստից, ինչն էլ օգտագործվում է վերջինիս ընդդիմախոսների կողմից:
Հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին` կապված Կազանյան գործընթացի հետ, նշում է, որ Ադրբեջանը` ինքը հրաժարվել է փաստաթղթից` նոր փոփոխություններ առաջարկելով:
Երրորդ նախագահը խոսում է բանակցությունների հիմքում նախկինում ընկած երեք հիմնարար սկզբունքների մասին. տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման սկզբունք և հավասար իրավունքներ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:
Հարցազրույցը ամբողջությամբ դիտելու և հասկանալու դեպքում հասկանալի է դառնում ամբողջ կոնտեքստը. Հայաստանը բաց է բանակցությունների համար, համանախագահները ևս օժանդակում են հայկական կողմերին, սակայն Ադրբեջանը անընդհատ բոյկոտում է բանակցային գործընթացը, և Ադրբեջանի կողմից ցանկացած հարձակման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե լուռ կմնային, ինչպես ներկայիս իրավիճակում է, այլ կստեղծվեր այն իրադրությունը, ինչպես 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո էր:
Նիկոլ Փաշինյանը առաջարկում է յուրաքանչյուրին փնտրել և գտնել հարցազրույցը: Մենք էլ չենք զլանում՝ դարձյալ ներկայացնելու իրականությունը.
Հ.Գ. Ավելի լավ կլիներ ուրիշներին մեղադրելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ուշադրությամբ լսեր ՀՀ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի հարցազրույցները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ իր անգրագիտությունը փոքր-ինչ մեղմելու համար:
Աղբյուր՝ AntiFake.am