«Ժողովուրդ, մենք հասկանու՞մ ենք` ինչ ենք անում». Նիկոլ Փաշինյանը իր փոխարեն ուրիշին մեղադրում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ

article-image

Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, հերթական մանիպուլյացիան արեց` խուսափելով ուղիղ պատասխանից:

Թագուհի Թովմասյանի հարցը վերաբերում էր Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հայկական դիրքերի կահավորմանը և անվտանգային ապահովմանը: «Մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունը, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում: Ես ուզում եմ հասկանալ, թե… ինչու մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- հետաքրքվել է Թովմասյանը: 

Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքեց, թե` «շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: … Խնդրում եմ հաջորդ անգամ, միանգամից կոորդինատներով, քարտեզներով, հրապարակեք, ասեք` կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց այստեղից մտնել: Ժողովուրդ մենք հասկանու՞մ ենք` ինչ ենք անում»:

Պատգամավորի արձագանքին Նիկոլ Փաշինյանը ևս մի հանճարեղ միտք երկնեց. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք, չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի: Էն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է: Փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը Թագուհի Թովմասյանին մեղադրեց գաղտնիքներ բացահայտելու մեջ, այնինչ հենց ինքը նման խնդիրներ ունի:

Առնվազն հիմարության և անտեղյակության արդյունք կարելի է համարել այն, որ այսօր ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում զինված ուժերի համար ապահովված են համապատասխան պայմաններ, իսկ առաջնագիծն էլ ապահով է, քանի որ ադրբեջանական դիրքերը գտնվում են հենց գյուղերի, բնակելի տների հարևանությամբ` բնակիչներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, իսկ զինվորների ապրելապայմանների մասին պատմում են համացանցում հրապարակված բազմաթիվ տեսանյութերը:

Սակայն այլ գործչի մեղադրելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ավելի լավ է վերհիշեր, թե քանի անգամ է հենց ինքը գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել ու այդպիսով օգտակար եղել ադրբեջանցիներին:

Դեռևս կորոնավիրուսային համավարակի օրերին հասարակության ուշադրությունը հրավիրել էինք այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հրապարակել: Խոսքը վերաբերում էր պետության պարենային ապահովվածությանը: Նիկոլ Փաշինյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե հացահատիկի, վառելիքի, ձեթի, մսամթերքի ինչ պաշարներ ունի Հայաստանը, և որքան դրանք կհերիքեն:

Ավելին, սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, երբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգերը Հայաստանի տարածքում` Երևանի մոտակայքում, որսացել էին հակառակորդի ԱԹՍ-ները, Նիկոլ Փաշինյանը որոշել էր նեղություն չտալ հակառակորդի հետախուզական ծառայություններին և «LIVE» ռեժիմով տեղեկություններ էր հաղորդում իրավիճակի մասին. «Երրորդն էլ ոչնչացվեց, չորրորդն էլ ոչնչացվեց»:

Նման անգրագետ և ոչ կոմպետենտ գործողություններով հայտնի վարչապետի պաշտոնակատարը շարունակում է մեղադրել բոլորին, բայց` ինքն իրեն:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն