(VIDEO) Ինչ է փոխվել բանակցային տրամաբանության մեջ, որ համանախագահները հայ ռազմագերիներին «ձերբակալվածներ» են համարում

article-image

Երեկ երեկոյան հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությունը: Հայտարարության մեջ համանախագահները ողջունում էին Ադրբեջանի կողմից երեք գերիների ազատ արձակումը, «կողմերին կոչ անում փոխանակել հակամարտության տարածքում գտնվող շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքները, ներառյալ` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»:

Ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, այնպես էլ այս անգամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը լավատեսական հույսեր կամ հնարավորություններ չի տալիս:

Արձանագրենք. համանախագահները հայ ռազմագերիներին համարում են «ձերբակալվածներ», առաջ են տանում Ադրբեջանի պահանջը՝ ակնապատված տարածքների քարտեզների տրամադրման պահանջով: Վերջում էլ՝ նրանք բարձրացնում են փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման կարևորությունը և հղում կատարում ապրիլի 13-ի իրենց նախորդ հայտարարությանը:

Ինչպես այս, այնպես էլ ապրիլի 13-ի հայտարարության մեջ չեն ընդգծվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմք հանդիսացող սկզբունքները և տարրերը: Ավելին, համանախագահների հայտարարությունները վկայում են այն մասին, որ հայկական կողմը գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ հայ ռազմագերիների հարցով ադրբեջանական իշխանությունների վրա ազդեցության լծակներ գտնելու հարցում:

Մայիսի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովը ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև հակամարտության կարգավորմանը:  

Լավրովը նշում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից սկսված «խաղաղության գործընթացը», արդեն կես տարի է՝ ընթացքի մեջ է, իսկ եռակողմ աշխատանքային խումբը արդեն իսկ զբաղվում է խաղաղության գործընթացով: ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանի խաղաղ կենսագոյությունը: «Կասկած չկա, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, սահմանափակումների, պատժամիջոցների և բլոկադայի վերացման օգուտները, նրանք այլ կերպ կվերաբերվեն այն հարցերին, որոնք այսօր մեր որոշ գործընկերները փորձում են առաջին պլան մղել: Չի կարելի քաղաքականացնել գործընթացը: ... Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցեր, երբ և՛  ադրբեջանցիները, և՛ հայերը նորմալ ապրում են «այդ տարածքում» («на земле»), ինչպես տասնամյակներ և հարյուրամյակներ եղել է»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում:

Հայաստանի ԱԳ նախարարը և Մինսկի խմբի համանախագահ պետության ԱԳ նախարարը ոչ մի անգամ անդրադարձ չկատարեցին Արցախի կարգավիճակի, բանակցությունների հիմքում ընկած սկզբունքներին:

Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Հայաստանի նախկին ղեկավարներին՝ բանակցությունների տրամաբանությունը փոխելու համար, որն էլ անխուսափելի դարձրեց պատերազմը, այնինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությունը փոխվել է 2018թ.-ից հետո: Ավելին, այսօր իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի արվում կորցրածի որոշ հատվածներ բանակցային սեղան հետ բերելու համար: Եվ հիմա նույնիսկ համանախագահներին ոչինչ չի մնում, քան խոսել «իրավիճակային խաղաղության» մասին:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am​​​

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն