Ապրիլյան քառօրյայից հետո պաշտոնանկ արված զինվորականները Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ բարձր պաշտոններ են ստանում

article-image

Երեկ՝ փետրվարի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Կոմիտաս Մուրադյանը, ով նախկինում զբաղեցրել է Պաշտպանության նախարարության Կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել դեռևս 2016թ.՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նույն ժամանակահատվածում պաշտոնանկ էր արվել նաև ՊՆ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով  ներկայումս զբաղեցնում է վարչապետ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:  

Համաձայն մամուլում առկա տեղեկություններիԱրշակ Կարապետյանի պաշտոնանկությունը կապված է եղել  Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումների, օրինակ, նրա ղեկավարած կառույցի Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին ժամանակին չտեղեկացնելու հետ, որի հետևանքով հայկական կողմում մեծ թվով զոհեր են եղել։

AntiFake.am-ին փոխանցած տեղեկատվության համաձայն, Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկության պատճառներից մեկը հանդիսացել է նրա` գոյություն չունեցող հիվանդության պատճառով զինվորական հոսպիտալում գտնվելը հենց 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ: Կոմիտաս Մուրադյանի անունը կապվում է նաև ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար ձեռքբերված տեխնիկայի՝ ՊՆ-ին շուկայականից շատ բարձր գնով վաճառելու և հաշիվ-ապրանքագրերում կեղծ տեղեկություններ ներառելու հետ, որի հետևանքով պետբյուջեից մոտ 500 հազար դոլար էր յուրացվել:

Ապրիլյան քառօրյայից հետո Կոմիտաս Մուրադյանից և Արշակ Կարապետյանից բացի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանը, ում վերադարձը ԶՈՒ ևս չի բացառվում:

Ստացվում է, որ Ապրիլյան քառօրյայի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքների սկսմանը զուգահեռ և քննիչ հանձնաժողովի վերջնական եզրակացության բացակայության դեպքում, օրինակ, տվյալ անձանց մեղավորության կամ անմեղության ապացույցների բացակայության պարագայում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգ են վերադարձվել այն բարձրաստիճան զինվորականները, որոնք 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո ամենայն հավանականությամբ խիստ հիմնավոր պատճառներով ազատվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն