Թուրքիայի հետ բարեկամության քարոզիչներն ու «թշնամանքը» կառավարողները

article-image

Երեկ՝ մայիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի համայնքներ և հանդիպել քաղաքացիների հետ:

Փաշինյանը քաղաքացիների եհտ զրույցում անդրադարձել է նաև Թուրքիայի հետ թշնամությանը: Իր ելույթում Փաշինյանը ասել է. «Բայց պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ թուրքը մեր թշնամին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե... Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի»:

Փաստորեն Փաշինյանի համար անհայտ է, թե ով է հանրային դաշտ ներմուծել «թուրքը մեր թշնամին չէ» և «հայ ժողովուրդը պետք է փոխի իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ» վտանգավոր և ոչ հայանպաստ թեզը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն էին խոսում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և թուրքի` թշնամի չլինելու մասին:

AntiFake.am-ը անդրադարձել է իշխանությունների այս հայտարարություններին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այն հարցին,  թե արդյուք Գրիգորյանը Թուրքիային թշնամի.է համարում, պատասխանել էր. «Մենք պետք է մոտեցում շտկենք»: Նշենքՙ որ սա Գրիգորյանի միակ հայտարարությունը չէ, որում վերջինս խոսում է մոտեցումների շտկման մասին: 

Արմեն Գրիգորյանը, «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշում է, որ Ադրբեջանին և Թուրքիային երբեք միասին դիտարկել պետք չէ : Ուշագրավ է, որ Գրիգորյանը այս հայտարարությունները անում է 44-օրյա պատերազմից հետո, երբ Թուրքիան և Ադրբեջանը միասին էին պայքարում Արցախում: Թուրքիան ուղղակիորեն ներգրավված էր ռազմական գործողությունների մեջ, ինչի մասին հայկական կողմը անընդհատ բարձրաձայնում էր և հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը:

Հատկապես կարևոր է Փաշինյանի նման մոտեցումը, որը ողջ պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի մասին էր խոսում, իսկ հիմա նույնպես Թուրքիայի նկատմամբ մոտեցումների փոփոխությունների կողմնակից է:

Արմավիրի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել է. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի։ Որքան մեզ են համարում թշնամի, այդքան մենք ենք համարում թշնամի։ Որքան ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի», այնուհետև նշել. «Պետք է փոխենք մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ»:

Հարց է. արդյո՞ք Փաշինյանը ուղղակիորեն գիտակցում է, թե իր կողմից կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանում ինչպիսի ռազմաքաղաքական իրադրություն է ստեղծվել և այն, որ Թուրքիան և Ադրբեջանը արդեն բացահայտ սպառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մինչդեռ ինքն ու իր թիմը զբաղված են հայ-թուրքական հնարավոր «բարեկամության» քարոզով:

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի այս մոտեցումները կիսում են նաև նրանց թիմակիցները:

Օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի այն հարցին, թե «Թուրքիան, այնուամենայնիվ, թշնամի՞ է, թե՞ ոչ: Երևանը պիտի՞ երկխոսություն սկսի Անկարայի հետ, թե՞ ոչ», պատասխանել է. «... Ինչ վերաբերում է ինձ՝ անձնապես,  ես Թուրքիային ինձ բարեկամ երկիր չեմ համարում: Ես չեմ կարող համարել Թուրքիային բարեկամ երկիր, քանի դեռ ինքը չի ապացուցել իր բարեկամ լինելը, որի մեջ ես շատ խիստ կասկածում եմ», իսկ վերջում ավելացրել. «Դե գիտեք ինչ. հաստատ բարեկամ չի»:

Իսկ ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահն արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, Սիմոնյանը լրագրողի հետ զրույցում նշել է. «Մեր մոտեցմանը պետք է ճիշտ գնահատական տանք: Մենք ունենք երգեր, որոնք նախատեսում են թուրքին սպանել, ունենք հայտարարություններ, որ Ստամբուլը արյան ծով կսարքենք: Մենք նրանց հայտարարությունները ցավոտ ենք ընդունում, բայց մեր հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում»: 

Հայոց ցեղասպանության օրը նման անհեթեթություններ է ասել նաև ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման մասին:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ իր հերթին է միացել իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որոնք բացեիբաց հայտարարում են, որ Հայաստանը չպետք է թշնամի պետություն համարի Թուրքիային:

«Առավոտ»-ի հետ հարցազրույցում Նազարյանը նշել է, որ «հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի», իսկ «չթշնամանքը կառուցողական լինելու մեջ է»:

Թե Թուրքիայի հետ ինչպիսի կառուցողական քաղաքականություն է ցանկանում վարել Լենա Նազարյանը անհայտ է, սակայն իշխանությունների նման թուրքամետ դիրքորոշումը ական է հայկական պետականության տակ:

Նման մոտեցումներով է աչքի ընկնում նաև ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին Կարապետյանը նշում է, որ բոլոր պետությունների նկատմամբ պետք է ունենալ նորմալ և համամարդկային դրական արժեքների վրա հիմնվող վերաբերմունք, նաև` հարևան պետությունների ժողովուրդների հետ:

«Առօրեական վիրավորանքի, կամ անցյալում` Ցեղասպանության հատկանիշի շուրջ պատասխանատվությունը այսօր այդ ժողովուրդը կրում է այնքանով, որքանով հանդիսանում է իրավահաջորդ երկրի քաղաքացի, և իր քաղաքացիական պարտքն է այդ մասին բարձրաձայնել: Եվ շատ Թուրքիայի քաղաքացիներ դա անում են, և մենք նրանց հետ համախոհ ենք»,- ասել էր Մարիա Կարապետյանը:

Դեռևս նախորդ տարի «168.am»-ը տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես էր ապագա պատգամավոր Մարիա Կարապետյանը շնորհավորում ադրբեջանցիներին Նովրուզի տոնի կապակցությամբ: Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի ասում հետևյալը. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:

Իսկ այժմ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում կրկնել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիային այլևս թշնամի չհամարելու միտքը. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի։ Որքան մեզ են համարում թշնամի, այդքան մենք ենք համարում թշնամի։ Որքան ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի։

Այս թափանիվի հետ մի բան պետք է անել։

Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք դրանց դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք։ Մենք պետք է տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխենք և տարածաշրջանին օգնենք մեր նկատմամբ դիտանկյունը փոխել»։

 

Հիշեցնենք՝ տեղեկություններ տարածվեցին, որ Մարիա Կարապետյանը փակ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում հայ ռազմագերիներին, իսկ թե իրականում ինչպիսի դաժան են վերաբերվում հայ գերիներին Բաքվում, ևս մեկ անգամ համոզվեցինք վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում սպանվել են 19 հայ գերիներ, այդ թվում` կանայք: 

Այսպիսով, Փաշինյանի այն պնդումը, թե իր համար անհայտ է, թե ով է «թուրքը մեր թշնամին չէ» թեզը ներմուծել հանրային կյանք, իրականությանը չի համապատասխանում: Փաշինյանն ու իր թիմը Արցախյան երկրորդ պատերզազմից հետո լծվել են Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների և «թուրքը մեր թշնամին չէ» կործանարար քաղաքականությունը քարոզելով: 

Փաշինյանը իր թուրքամետ ելույթները շարունակել է նաև Ազգային ժողովում: 

«Չի կարելի թույլ տալ, որ թուրքերի նկատմամբ թշնամանքը անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,- ասել է Փաշինյանը:

Փոխարենը ապահովի Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և պատասխանի թուրքական կողմի սպառնալիքներին` Փաշինյանը իր առանցքային խնդիրն է համարում Թուրքիայի նկատմամբ «թշնամանքը» կառավարելը: Թե ինչպես է Փաշինյանը պատրաստվում կառավարել  թուրքերի նկատմամբ թշնամանքը, պարզ չէ, բայց հարց է, թե ինչու Փաշինյանը չի փորձում դիմակայել հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի աճող թշնամանքին ու ագրեսիային, որը իրականացվում է պետական անմիջական ուղղորդմամբ: Ակնհայտ է, որ Թուրքիան իր գոյության ողջ ընթացքում վարել և վարում է հակահայկական և ցեղասպան քաղաքականություն, իսկ պատերազմի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ով այժմ հավակնություններ ունի կրկին վերընտրվելու վարչապետի պաշտոնում, շարունակում է իր թուրքամետ քաղաքականությունը: 

Հնարավոր է` Փաշինյանն ու նրա թիմը պարզապես մոռացել են պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը, նրանց դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները, 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, անհետ կործաներին, հարյուրավոր գերիներին: 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն