
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դժգոհել է, որ իրենց եթեր չի տրամադրվում, հարցումներում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունը հանում են:
Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Մարուքյանի այս հայտարարությունը առնվազն զրպարտություն է, քանի որ բազմաթիվ հարցումներում քաղաքացիները «Լուսավոր Հայաստան» կուսակցության կամ Էդմոն Մարուքյանի անունը չեն հիշատակում:
Մենք դիտարկել ենք AntiFake.am-ի անցկացրած հարցումները, ինչպես նաև լրատվամիջոցներից` «Ժողովուրդ»-ի` առավել լայն տարածում գտած 5 հարցում, սակայն, ինչպես և պարզվում է, քաղաքացիները համառորեն չեն հիշատակում Էդմոն Մարուքյանին կամ վերջինիս կուսակցությանը:
Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի անցկացրած ստորև հարցման ժամանակ հարցումն անցկացնող լրագրողը բազմիցս, ի թիվս այլ քաղաքական գործիչների, նշում է նաև Էդմոն Մարուքյանի անունը, սակայն քաղաքացիները չեն նշում նրան:
Եվս մի նկատառում. լրատվամիջոցները անգամ հրապարակում են լայն շրջանակներին ավելի քիչ հայտնի գործիչներին նշած քաղաքացիներին, օրինակ` «Հայոց հայրենիք» կուսակցությանը, նման դեպքում էլ անշուշտ կհրապարակվեին նաև Էդմոն Մարուքյանին նշած քաղաքացիները:
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք Էդմոն Մարուքյանի հայտարարություններից. նա նշում է, որ «նախկին իշխանություններին պատկանող TV-ները շուրջ մեկ տարի է, ինչ քաղաքական հաղորդումների եթերների չեն հրավիրում», սակայն նրա սուտը երկար չտևեց. լրատվամիջոցները տեղում Մարուքյանին հրավիրեցին հարցազրույցի:
Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հարցազրույցները ուսումնասիրելիս կարելի է հայտնաբերել, սակայն, որ խորհրդարանական խմբակցության ղեկավարը պարբերաբար եթերի է հրավիրվում ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունում, այլ նաև նրան եթեր է տրամադրում ընդդիմադիր հայացքներ ունեցող առաջատար «Արմնյուզ» հեռուստաընկերությունում:
Ուստի, Էդմոն Մարուքյանը պարզապես ստում է` փորձելով «խղճահարություն» առաջացնել և իր շուրջը ուշադրություն գրավել:
Աղբյուր՝ AntiFake.am