Հարկատուների հաշվին ծախսերի քանակով չեմպիոնը Երևանի քաղաքապետարանն է. Հովհաննես Մովսիսյանը՝ մինչ իշխանափոխությունը ամանորյա կորպորատիվներին հատկացված 10 մլն դրամի և պետական այլ գնումների մասին (Ռետրո մամուլ)

article-image

2018թ. իշխանափոխությունից հետո Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Խոսքը նույն ՊՈԱԿ-ի մասին է, որտեղից ըստ օդում կախված լուրերի` կառավարվում է «ֆեյքերի ֆաբրիկան»:

Մինչև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնին նշանակվելը՝ Հովհաննես Մովսիսյանը հանդիսանում էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկը: Նրա հոդվածները հագեցած են նախկին իշխանությունների վերաբերյալ քննադատական խոսքով, ինչպես, օրինակ, պետական կառույցների ճոխ և ոչ նպատակային ծախսերի վերաբերյալ հրապարակումներով:

«Ռետրո մամուլ» շարքի շրջանակներում հանրությանը կներկայացնենք Հովհաննես Մովսիսյանի հրապարակումներից մի քանիսը։

Մասնավորապես, «Կառավարությունը ավելի քան 5 միլիոն դրամի վճարովի հեռուստաալիքներ է գնել» վերտառությամբ հրապարակման մեջ Մովսիսյանը անդրադարձել է Կառավարության և «Յուքոմ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որով առնվազն 10 գերատեսչություններ և կոմիտեներ 2018թ. ամբողջ ընթացքում վճարովի հեռուստաալիքներ դիտելու համար 5 միլիոն դրամից ավելի գումար են վճարել:

Մովսիսյանի հրապարակման մեջ խոսվում է «Տուն-տունիկ», «Детский мир», «Baby TV» և նմանատիպ այլ հեռուստաալիքներ  գնելու նպատակների մասին: Մովսիսյանը նաև հարցադրումներ է անում, թե արդյո՞ք այդ հեռուստաալիքների գնումը նպաստելու է գերատեսչությունների արդյունավետ աշխատանքին:

Հաշվի առնելով 2018թ. ապրիլմայիսյան դեպքերն ու տեղի ունեցած իշխանափոխությունը և Մովսիսյանի ու իր քաղաքական թիմի ներկայացուցիչների տարբեր գերատեսչություններում աշխատանքի անցնելը, հետաքրքիր կլիներ իմանալ, թե նրանք 2018թ. ընթացքում երբևէ դիտե՞լ են «Տուն-տունիկ», «Детский мир», «Baby TV» ալիքները, և արդյո՞ք դա նպաստել է իրենց աշխատանքի արդյունավետությանը, թե՞ ոչ: Հետաքրքիր կլիներ լսել Մովսիսյանի քննադատական կարծիքը իր քաղաքական թիմի՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար հատկացված 5 միլիոն դրամի և նմանատիպ ոչ նպատակային այլ ծախսերի վերաբերյալ:

Մեկ այլ հրապարակման մեջ Մովսիսյանը անդրադարձել է պետական կառույցների ամանորյա կորպորատիվների համար հատկացված ավելի քան 30 մլն դրամ ծախսերին, մասնավորապես, նախատոնական օրերին կորպորատիվների վրա 10 միլիոն դրամ ծախսած և ծախսերի քանակով չեմպիոն (ըստ Մովսիսյանի) Երևանի քաղաքապետարանին և 4 տեսակի խորովածով, քունջութապատ ֆետա պանրով, սաղմոնով ու կարագով ռուլետով, բանանով շոկոլադապատ խմորեղենով և այլ ուտեստներով՝ Ֆինանսների նախարարության 3.3 միլիոն դրամ արժողությամբ կորպորատիվներին:

«Այս գնումների մի մասը արվել է հանրապետական գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի ընտանիքներին պատկանող «Երևան Սիթի» և «ՍԱՍ» սուպերմարկետներից»,- նշել է Մովսիսյանը։

Մովսիսյանի մատնանշած ծախսերը, ի համեմատություն 2019թ. պետական կառույցների կորպորատիվների, զարդարանքների և ամանորյա ծախսերի համար հատկացված ահռելի գումարի, չնչին  են, ուստի Մովսիսյանի կարծիքը այս հարցում ևս հետաքրքիր կլիներ պարզել (1, 2, 3):

Հովհաննես Մովսիսյանը իր տարբեր հրապարակումներով իշխանափոխությունից առաջ և հետո նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, 2018թ. մայիսի 1-ին  «Մորուքը Փաշինյանի «անձնական որոշումների տիրույթից դուրս է եկել» վերտառությամբ հոդվածում խոսում է համաժողովրդական շարժման վերաճած «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին, ով վարչապետի ընտրությանը նախորդող գիշերը վերջապես տուն էր գնացել:

Ավելի ուշ Մովսիսյանը լուսաբանել էր վարչապետի գերատեսչությունների աշխատակազմերին նորանշանակ նախարարներին ներկայացնելու գործընթացը:

Իսկ մինչ հեղափոխությունը, Մովսիսյանը ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի հետ զրուցել էր Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնելու վերաբերյալ:

Այլ հրապարակումներ՝

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

​Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն