ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես միշտ, բացում է բոլոր խաղաքարտերը. ինչու՞ է Մոսկվան շեշտում հրադադարի ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտությունը

article-image

Այսօր առավոտից հակասական տեղեկություններ են շրջանառվում Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից հրահրված սադրանքների վերաբերյալ:

Իշխանական պաշտոնյաները և նրանց արբանյակները շտապեցին հերքել նման տեղեկությունները և այն որոշ շրջանակների, քաղաքական գործիչների և լրատվականների կողմից իրականացվող «մեդիատեռոր» անվանել: Սակայն այն, որ ադրբեջանական զորքերը առաջ են եկել և ձգտում են հաստատվել նոր բնագծերում, նրանք չհերքեցին:

Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են այսօր Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները:

«Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրեց Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը»,- նշվում է ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այստեղ հետաքրքիր հանգամանք է, որ մինչ իմքայլականները միմյանց հերթ չտալով փորձում էին հավաստիացնել, որ Սյունիքում իրավիճակը վերահսկելի է և խնդրով զբաղվում են սահմանապահներն ու ՌԴ խաղաղապահները, Արա Այվազյանը թեմայի շուրջ, անշուշտ հրատապ, հեռախոսազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ:

Հայկական արտաքին գերատեսչությանը հետևեց նաև ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը, որի մեջ նշվում է. «Զրույցի ընթացքում ռուսական կողմը վերահաստատել է կրակի դադարեցման ռեժիմին խստորեն հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների մյուս կետերի խստորեն կատարումը»: