2019-ին Ազգային ժողովում առանց մրցույթի գնումները հասել են աննախադեպ մեծ չափերի. շուրջ 294 միլիոն դրամ

article-image

Առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով կատարվող գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգ է։ Այնուամենայնիվ, իրավաբանները և գնումների ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնում են մեկ անձից գնման ընթացակարգով կատարվող գնումներում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին։

Ազգային ժողովի՝ 2019 թվականին առանց մրցույթի մեկ անձից գնումների ընդհանուր պատկերն առավել մտահոգիչ է։

Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության Armeps տեղեկատվական պլատֆորմից տեղեկանում ենք, որ 2019 թվականին Ազգային ժողովում տարբեր ընթացակարգերով կնքվել է 214 պայմանագիր 142 մատակարար ընկերության և մեկ պետական կառույցի հետ։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 770.988.410 դրամ։

Մեկ/հրատապ մեկ անձից գնման (այսուհետ նաև՝ ՄԱ/ՀՄԱ գնում) ընթացակարգով գնումների ընդհանուր գումարը կազմել է 293.926.472 դրամ (96 պայմանագիր), որից 113.744.832 դրամը (3 պայմանագիր)՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, 96 պայմանագրեր կնքվել են 76 մատակարարների հետ, այսինքն՝ որոշակի թվով գործարքներ կնքվել են միևնույն տնտեսվարող սուբյեկտի հետ։

Այսպիսով՝ մեկ/հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուրի 38,12%-ը։

Մյուս գնումները ԱԺ-ում կատարվել են գնանշման հարցումով և էլեկտրոնային աճուրդով։ Մասնավորապես «Գնանշման հարցում» ընթացակարգով գնումների ընդհանուր գումարը կազմել է 403.581.139 դրամ, այսինքն, ընդհանուրի 52,34%-ը։ Իսկ «էլեկտրոնային աճուրդ» ընթացակարգով գնումների ընդհանուր արժեքը կազմել է 73.480.799 դրամ, ընդհանուրի 9,53%-ը։

Ընդ որում, նշենք, որ «Բաց մրցույթ» ընթացակարգով գնումներ 2019 թվականին ԱԺ-ում չեն կատարվել։ Վերջինս համարվում է պետական գնումների համակարգում գնման ամենաթափանցիկ ընթացակարգերից մեկը։



Նկատենք, որ 2018-ին ՄԱ/ՀՄԱ գնումների ընդհանուր գումարը 185.436.220 դրամ էր, իսկ 2017 թվականին՝ 51.123.220 դրամ, որից 13.999.200 դրամը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։

2019 թվականին մեկ անձից գնման ընթացակարգով ամենախոշոր գնումները կատարվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ 55 միլիոն դրամ։

Հաջորդ տեղում «ԱԴՏՄ-ՀԱՐԱՎ» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել Պաշտոնական պատվիրակության ընդունելության համար հուշանվեր խմիչքներ՝ 17.590.075 դրամով (3 պայմանագիր)։

Հաջորդիվ «Նոյան տապան» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-գրքեր՝ 7.815.241 դրամով (4 պայմանագիր)։

Մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր գնման 4-րդ տեղում «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-ժամացույցներ (4 պայմանագիր)։

Այս ընկերությունից, օրինակ, ԱԺ-ն ձեռք է բերել 3 ժամացույց՝ յուրաքանչյուրը 175.000 դրամ արժողությամբ, ևս 3-ը՝ յուրաքանչյուրը 140.000 դրամ արժողությամբ, յուրաքանչյուրը 92.000 դրամ արժողությամբ 5 ժամացույց, ևս 2 ժամացույց՝ յուրաքանչյուրը 82.000 դրամ արժողությամբ և նույն արտադրության բազմաթիվ այլ ժամացույցներ։ Ընդհանուր՝ փաստորեն, ավելի քան 16.000 դոլարի՝ նույն բրենդի ժամացույցներ։

6.500.000 դրամի պայմանագրեր ԱԺ-ն կնքել է «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի հետ կոնֆերանս սրահի տրամադրման, հյուրասիրության և պաշտոնական պատվիրակության անդամների համար հյուրանոցային սպասարկման ծառայությունների համար:

Հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ-ն 85 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Կոնսէլ» ՍՊԸ-ի հետ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար աշխատակիցների անվտանգության սարքերի ձեռքբերման համար։

Նշենք, որ 2019-ին մեկ անձից գնումների քանակը և պայմանագրերի ընդհանուր գումարը Ազգային ժողովում աննախադեպ է նախորդ բոլոր տարիների համեմատ։

2018-ին մեկ անձից գնումների ընդհանուր գինը կազմել է 185.436.220 դրամ։ Այս ընթացակարգով կնքվել է 83 պայմանագիր 63 մատակարարի հետ։

Իսկ 2017-ին ԱԺ-ում մեկ անձից գնումները կազմել են ընդամենը 37.124.020 դրամ, ընդհանուր՝ 9 պայմանագիր, 7 մատակարարի հետ։ Իսկ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 1 պայմանագիր՝ 13.299.200 դրամ արժեքով։



2019-ին ՄԱ/ՀՄԱ ընթացակարգով գնումները 4.6 անգամ գերազանցում են 2017-ին նույն ընթացակարգով կատարված գնումներից։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ առավել ռիսկային համարվող առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով գնումների ծավալը ԱԺ-ում 2019-ին աննախադեպ է եղել` բարձրացնելով նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես, այդ ընթացակարգով միևնույն մատակարարից կատարվող բազմաթիվ գնումների առումով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նախկինում պետական կառույցները մեղադրվում էին մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ կատարելու համար` այսօր այդ «ավանդույթը շարունակվում է» աննախադեպ ծավալներով։

Այս համատեքստում պետք է հիշել նաև ԱԺ-ում նախորդ տարում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի գնումներ, մասնավորապես՝ Վարդավառի տոնի կապակցությամբ գորգերի լվացման արարողությանը 5 միլիոն դրամ հատկացնելը մեկ անձից գնման ընթացակարգով, որը տրամադրվել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհիներին, հունիսի 1-ին «Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ 25 միլիոն դրամի հատկացումը «մտերիմ» ընկերություններին, Ամանորյա զարդարանքների ու տեխնիկական սպասարկման համար հատկացված 5 միլիոն դրամը և այլ գնումներ։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն