Հայաստանի անվտանգության հարցերով արդեն 3 տարի զբաղվում է «մսուր-մանկապարտեզը». ճգնաժամային երկու օրերի քրոնիկոնը

article-image

Երեկ` մայիսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Սյունիքում ադրբեջանական զորքերը 2-3 կիլոմետր առաջ են եկել` հասնելով Սև լճի տարածքին: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին փոխհրաձգության, վիրավորների մասին, իսկ տարբեր լրատվականների հետ զրույցներում Սյունիք մարզի սահմանակից դարձած համայնքների ղեկավարների հետ, որոնք նշում էին, որ իրավիճակը լարված է, իսկ վերջիններս էլ պատրաստվում են բարձրանալ դիրքեր:

Պաշտոնական տեղեկատվության և պարզաբանման բացակայության պայմաններում հասարակության միակ աղբյուրը լրատվականներն էին, որոնք տեղից կամ իրենց աղբյուրներին հղում տալով տեղեկատվություն էին տրամադրում այն մասին, թե ինչ է տեղի ունենում Սյունիքում:

Մինչ պաշտպանության նախարարության «պարզաբանման հրապարակումը»` իշխանական հայտնի պրոպագանդիստները լծվեցին լրատվականներին և հանրային մտահոգ գործիչներին «մեդիատեռորի» մեջ մեղադրելու գործին:

Նորաթուխ պատգամավոր ու հայտնի պրոպագանդիստ Վահագն Ալեքսանյանի առաջնորդությամբ «ֆաս» հրամանը ստացած իշխանականներն ու նրանց արբանյակները սկսեցին հարձակումները իրադարձությունները լուսաբանող լրատվականների և հանրային-քաղաքական գործիչների նկատմամբ: Մեկնաբանություններ տարածեցին նաև Արմեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը և այլք: «Խրախճանքին» միացել էին նաև Գեղարքունիքի ու Սիսիանի մարզպետերը: Սիսիանի մարզպետը, մեկ օրում մի քանի սուտ ասաց. մե՛կ երդվում էր, որ ադրբեջանցիները մոլորվում են, մե՛կ հաստատում, որ հակառակորդը ՀՀ սուվերեն տարածք է մտել, վերջում էլ` դարձյալ մեղադրեց լրատվամիջոցին` սուտ տեղեկություն հրապարակելու մեջ ու նորից խայտառակ եղավ, երբ լրատվամիջոցը հրապարակեց լրագրողի ու մարզպետի խոսակցության ձայնագրությունը:

Երեկ ամբողջ օրը լրատվականները տեղեկություններ էին հրապարակում նաև այն մասին, որ ադրբեջանական զորքը դիրքային առաջխաղացում ունի նաև Վարդենիսի հավածում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ադրբեջանցիները «այս պահին աշխատանքներ են իրականացնում նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց վերահսկողության տակ ընկած հատվածում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէին հասցրել դիրքավորվել»: Արդեն այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական զորքերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային հատվածում: Արդյունքում` Գնել Սանոսյանը նույնպես ստում էր:

Մանիպուլյացիաների առաջամարտիկ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև Ապրիլյան ռազմական գործողությունները քննող տխրահռչակ հանձնաժողովի նախագահն է, տեղեկատվության արժանահավատությունը չափում է նրանով, թե ինչ կուսակցական պատկանելիություն ունի տվյալ համայնքի ղեկավարը:  Ի պատասխան լրագրողի հարցին` Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Սյունիքի սահմանամերձ դարձած համայնքի ղեկավարի խոսքերի փոխարեն հավատալ պաշտպանության նախարարության և ԱԱԾ մեկնաբանություններին` մոռանալով, որ նախորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում պաշտպանական գերատեսչությունը ամենօրյա ռեժիմով կեղծիք է տարածում` չհայտնելով Սյունիքում արձանագրված միջադեպերի մասին: Քոչարյանի համար Սյունիքում տեղի ունեցող գործընթացների մասին բարձրաձայնելը քաղաքական շահարկման նպատակ ունի:  Նա կարծում է, որ «Զանգեզուրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ճոճանակ է դարձել:

Սակայն ավելի ուշ հրապարակված ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները լույս սփռեցին իշխանականների ստերի և մանիպուլյացիաների վրա:

Իր իսկ թիմակիցներին հերքելու եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը երեկ երեկոյան հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ պետական սահմանը և առաջացել մինչև 3.5 կմ: Կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանի համար դեռևս հարցական են, թե ինչու և ինչպես է նման բան հնարավոր դարձել: Սակայն վարչապետի պաշտոնակատարը ևս զերծ չմնաց խնդիրը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելուց: Նույնը Նիկոլ Փաշինյանը կրկնեց նաև այսօր` Կառավարության նիստի ընթացքում` արագորեն անցնելով ակնհայտ նախաքարոզչական ու նախընտրական թեմատիկային` դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերը 40 րոպե քննարկելուն:

Այսօր արդեն պաշտպանության նախարարությունը, իրադարձությունները վերագրելով այսօրվան` մայիսի 13-ին, հայտարարել է, որ «ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»:

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հետևեց ՀԱՊԿ արձագանքը, որը ընդգծում է. «անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ կանոնադրությամբ և Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով նախատեսված գործողություններ կձեռնարկվեն»:

Օրվա երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ Անվտանգության խորհրդի երկրորդ նիստի մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու որոշման մասին: «Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, մեջբերում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջաքզգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- հայտարարեց Փաշինյանը` նշելով, որ այս պահին Հայաստանի տարածքում 250 ադրբեջանցի զինվոր է գտնվում:

Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարությունը, ճիշտ է, զարմանալի չէ, սակայն տարակուսելի է այնքանով, որ հարյուրավոր ռազմագերիներ ունենալով Ադրբեջանում, հայկական կողմը նախ որևէ կանխարգելիչ քայլ չի ձեռնարկում սեփական սահմանները պաշտպանելու հարցում, այնուհետև չափազանց բայրացկամ վերաբերմունքի է արժանացնում ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդին, ու դիմում ՀԱՊԿ` խորհրդակցություններ սկսելու նպատակով:

Այս իրադարձությունները ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները կոմպետենտ չեն Հայաստանի անվտանգային հարցերը լուծելու համար: Հակառակը` նրանք իրենց ստերով, մանիպուլյացիաներով ու անկարողությամբ ավելացնում են Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների ցանկը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն