ՄԻԵԴ-ի աննախադեպ որոշումը և Հայաստանի իշխանությունների դիրքորոշման խոցելիությունը

article-image

2020 թվականի հունվարի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարիբեկյանը և Բալյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի վճիռը:

Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Նույն թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները հայտնել են նրա մահվան լուրը` հայտարարելով Մանվել Սարիբեկյանի ինքնասպանության մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութաիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Մանվել Սարիբեկյանի ընտանիքին 60,000 եվրո վճարել: Ադրբեջանը երեք ամիս ժամկետ ունի վճիռը բողոքարկելու համար, չբողոքարկելու դեպքում դատարանի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ:

Գործը ՄԻԵԴ-ում ներկայացրած իրավապաշտպաններ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել են, որ սա աննախադեպ որոշում է, և մեծ ազդեցություն կարող է ունենալ Կարեն Ղազարյանի գործի քննության վրա: Նշենք, որ բացի Մանվել Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչներից` գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի կառավարության այդ ժամանակվա ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Պաշտպանները նաև նշում են, որ վերը նշված հոդվածների հետ համատեղ, սակայն, ՄԻԵԴ-ը չի արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի, այն է` խտրականության արգելքի խախտումը:

«Դատարանը հաշվի է առնում նաեւ այն փաստը, որ քննության ընթացքում Ադրբեջանի իշխանությունները երբեւիցե փորձ չեն արել կապվել Սարիբեկյանի ընտանիքի եւ ՀՀ իշխանությունների հետ՝ նրա ձերբակալման, կալանքի, մահվան եւ քննության հանգամանքների համար։ Ընդհակառակը, նրա ձերբակալումը եւ մահը ՀՀ իշխանություններին հայտնի է դարձել մեդիայի միջոցով։ Միակ կոմունիկացիան եղել է նրա մահվան վկայականի ուղարկումը դիակը հանձնելիս։

Թեեւ 14-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել, բայց դատարանը նշել է, որ քննությունը պետք է տարվեր էթնիկ հիմքով ատելության շարժառիթով հանցագործության ուղղությամբ», - փաստում է Արա Ղազարյանը:  

ՄԻԵԴ-ի դատավճիռը ուսումնասիրելիս կարող ենք նկատել նաև, որ այս հարցով Դատարանի դատավորներից Լեթիվ Հյուսեյնովը (Lәtif Hüseynov) հատուկ կարծիք է հայտնել: Այս գործի նկատմամբ ադրբեջանցի դատավորի վերաբերմունքը բնական է: Դատավորը իր հատուկ կարծիքում նշում է, որ ՄԻԵԴ հղված դիմումը եղել է վեցամսյա ժամկետի խախտմամբ, այսինքն` հայկական կողմի ներկայացուցիչները դիմել են դեպքից վեց ամիս անց:

Դիտարկելով ՄԻԵԴ վճիռը մեկ այլ տեսանկյունից` ակնհայտ է, որ սա ևս մեկ ապացույց է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հայկական իշխանությունների որդեգրած սկզբունքի («Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար») կենսունակության անհնարինության համար, այն էլ դեպքում, երբ Եվրոպական դատարանի կողմից հաստատվում է Ադրբեջանի իշխանությունների թունդ հակահայկական գործունեությունը:

ՀՀ արտաքին գերատեսչության` այսօր ՄԻԵԴ վճռի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. «Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է»: Հետաքրքիր է, որ արտգործնախարարության կողմից տարածված հայտարարությունների մեջ ակնհայտ երկակի ստանդարտներ կան, հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է հաշվի առնել Ադրբեջանի ժողովրդի կարծիքը հակամարտության կարգավորման, հայկական երկու պետությունների կենսունակության վերաբերյալ: «Նոր Հայաստանում» այս վտանգները մեծ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկինը «խաղաղասիրական միտումներով» Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել էր Արցախ` «մուղամ լսելու»:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն