Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի բարձիթողի վիճակն ու «ֆեյք հաստիքները». ինչ է կատարվում մարզպետարանում իշխանափոխությունից հետո

article-image

2018թ. երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը հանգեցրեց մի շարք պաշտոնանկությունների, այդ թվում` մարզպետարաններում: 2018թ. հոկտեմբերին Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Տրդատ Սարգսյանը, ով պաշտոնավարումից մեկ տարի անց հրաժարական ներկայացրեց: Սարգսյանի հրաժարականի պատճառը հանդիսանում էր սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, որից հետո Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել էր: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ Տրդատ Սարգսյանը ևս ծեծկռտուքի մասնակիցների շարքում է եղել: Սարգսյանը հերքել էր իր մասնակցությունը այդ միջադեպին և իր հրաժարականը բացատրել «քաղաքական պատասխանատվությամբ»:

Տրդատ Սարգսյանի հրաժարականից հետո Վայոց ձորի մարզպետ նշակակվեց փաստաբան Արարատ Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Սարգսյանի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի պաշտպանությամբ՝ ծեծկռտուքի գործով։ Ստանձնելով Վայոց ձորի մարզպետի պաշտոնը՝ Արարատ Գրիգորյանը դադարեցրել էր պաշտպանել նախկին մարզպետի օգնականի շահերը:

AntiFake.am-ի ունեցած տեղեկատվության համաձայն՝ իշխանափոխությունից հետո Վայոց ձորի մարզպետարանում ամենաթողություն է տիրում, ինչը շարունակվում է նաև նոր մարզպետի օրոք։

AntiFake.am-ին դիմած քաղաքացին տեղեկություններ է փոխանցել Վայոց ձորի մարզպետարանում առկա «ֆեյք» հաստիքների մասին: Մասնավորապես, քաղաքացու պնդմամբ՝ մարզպետարանում ստեղծվել են «ֆեյք» հաստիքներ` իշխանական ուժի ներկայացուցիչների մտերիմներին և «հեղափոխության» իրականացման մեջ իրենց «ավանդը» ներդրած անձանց «տեղավորելու» համար։

«Խոսքը մասնավորապես վերաբերվում է ներկայումս մարզպետարանում աշխատող «ՔՊ»-ական Նարեկ Մարտիրոսյանին, ով անցյալ տարի է իր մտերիմ ընկերոջ կապերի շնորհիվ ընդունվել համալսարան՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, և Անի Մխիթարյանին, որը շաբաթվա միայն 3 օրն է ներկայանում աշխատանքի (0.7 դրույք), սակայն դրա դիմաց ստանում է 220.000 դրամ աշխատավարձ և պարգևավճարներ։ Նույնքան էլ ստանում է Նարեկ Մարտիրոսյանը»,- տեղեկացրեց քաղաքացին։

AntiFake.am-ին հաջողվեց նշված անձանց անունները գտնել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, հունվարի 8-ից շրջանառության մեջ դրված հաստիքացուցակի ցանկում նշված է, որ այդ անձինք հանդիսանում են քաղաքացիական աշխատանք իրականացնողներ՝ խորհրդականի հաստիքով։ Մասնավորապես՝ Նարեկ Մարտիրոսյանը հանդիսանում է խորհրդական՝ ՏԻ և ՀԳՄ վարչ. առանձին գործառույթներ համակարգող, իսկ Անի Մխիթարյանը՝ խորհրդական՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում առանձին գործառույթներ իրականացնող։

Վերջինիս հաստիքի մոտ նշված է «6 ժամ»։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարզպետի խորհրդականի պաշտոնը համարվում է պետական հայեցողական պաշտոն: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:

Այս հոդվածների վերլուծությունից բխում է, որ մարզպետի խորհրդականի հաստիքը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական հայեցողական պաշտոն է, հետևաբար՝ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք որպես մարզպետի խորհրդական չեն կարող ձևակերպվել։ Ուստի անհասկանալի է մնում, թե ինչպես են վերը նշված անձինք ձևակերպվել որպես քաղաքացիական աշխատանք կատարող և միաժամանակ ինչպես են հանդիսանում խորհրդական։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վայոց ձորի մարզպետարան և ակնկալում է ստանալ ամբողջական պատասխան:

Ստորև՝ Նարեկ Մարտիրոսյանը «ՔՊ»-ական գործիչների և իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։




Վայոց ձորի մարզպետարանում տիրող ամենաթողության ապացույցներից մեկն էլ մարզպետարանի որոշ աշխատակիցների ոչ բարեխիղճ աշխատանքն է, որին անձամբ բախվել է AntiFake.am-ը։ Մասնավորապես, AntiFake.am-ը պարգևավճարների վերաբերյալ հարցումներ էր ուղարկել ՀՀ պետական բոլոր կառույցներին, այդ թվում՝ բոլոր մարզպետարաններին։ Բոլոր մարզպետարանները բարեխիղճ կերպով տրամադրել են հայցվող տեղեկատվությունը, այն է՝ մարզպետարաններում 2019 թվականի պարգևավճարների ընդհանուր չափը։ Եվ միայն Վայոց ձորի մարզպետարանն է մերժել տեղեկատվության տրամադրումը։ Հայցվող տեղեկությունը ստանալու համար AntiFake.am-ը ևս մեկ հարցում է ուղարկել մարզպետարանին՝ պարզաբանելով, որ նշված հարցադրման պատասխանը չի պարունակում գաղտնիք կազմող տեղեկություններ, հակառակ դեպքում նրանց գործընկեր մարզպետարանների աշխատակիցները նույնպես կմերժեին տեղեկատվության տրամադրումը։ Ինչին ի պատասխան` մարզպետարանից նշել են, որ իրենց դիրքորոշումն է տեղեկատվության տրամադրումը մերժելը։ Պարզաբանումներ ստանալու և հարցման պատասխանի մերժման հիմքերին ծանոթանալու նպատակով AntiFake.am-ը կապվել էր մարզպետարանի իրավաբանական բաժնի հետ, որտեղից տեղեկացրել էին, որ իրենք արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը: AntiFake.am-ի այն պնդմանը, որ իրավաբանի դիրքորոշումը պետք է բխի օրենքից, և իրենց տրված պատասխանը հոդաբաշխ միտք չի պարունակում և կոմպետենտության բացակայության նշան է, հանգեցրեց իրավաբանական բաժնի աշխատակցի վիրավորվելուն և հեռախոսը անջատելուն: Այս միջադեպից հետո AntiFake.am-ը կապ էր հաստատել մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի՝ Շահեն Վարդանյանի հետ, ով ասել էր, որ նա գրավոր կերպով պատասխանելու իրավասություն չունի, բայց չնայած դրան իրենք թաքցնելու ոչինչ չունեն և բանավոր կերպով պատասխանել էր մեր հարցմանը՝ նշելով, որ մարզպետարանում պարգևավճարների գումարը կազմել է  մոտավոր 8 միլիոն դրամ: Պարգևատրումների գումարի չափը ճշգրիտ, այլ ոչ թե մոտավոր իմանալու նպատակով AntiFake.am-ը ևս մեկ անգամ հարցում էր ուղարկել Վայոց ձորի մարզպետարան, որի պատասխան նամակում առաջարկում էին հիմք ընդունել նախորդ հարցման պատասխանը՝ այդպիսով կրկին չտրամադրելով 2019 թվականին մարզպետարանում հատկացված պարգևատրումների չափը:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանափոխությունից հետո ինչպես պետական վերին օղակների, այնպես էլ մարզպետարանների աշխատակազմերում աշխատանքի նշանակման հարցում մեծ դեր է խաղում «հեղափոխական» լինելը։ Իսկ աշխատակազմերում առկա կոմպետենտության խնդիրն օր օրի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ իրական վտանգ դառնալով պետական կառավարաման համար։ Ինչ վերաբերվում է Վայոց ձորի մարզպետարանի «ֆեյք հաստիքների» «առեղծվածին», ապա դրան կանդրադառնանք մարզպետարանից հարցման պատասխանը ստանալուց հետո։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն