Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմն անում է ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Փաշինյանի ցածր վարկանիշը բարձրացնելու համար։ Դրա համար որոշել են օգտագործել սոցիալական բոլոր հարթակները՝ Փաշինյանի ընտրազանգվածն ավելացնելու համար։ Փաշինյանի թիմը որոշել է, որ կարելի է օգտագործել նաև TikTok-ը։ Փաշինյանի թիմակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ են կանչում հայտնի TikTok-երներին և պայմանավորվում։
AntiFake.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս «ՔՊ» գրասենյակ է այցելել բավականին շատ հետևորդներ ունեցող հայտնի «222lava» («@222lava_official») անվանումով TikTok-երը։ Նա գրասենյակ է մտել գաղտագողի, որպեսզի իրեն չնկատեն։
Գրասենյակից հեռանալուց հետո TikTok-երը տեսանյութեր է հրապարակել հայտնի իշխանական պրոպագանդիստ «Dav Rupr» մականունով երիտասարդի հետ՝ նպաստելով, որպեսզի իշխանական պրոպագանդիստը ավելացնի իր հետևորդների թիվը, ինչն աշխատել է։ TikTok-երը հայտնել է, որ եթե Dav Rupr-ի հետևորդների թիվը իր հետևորդների շնորհիվ դարձնեն 10.000, ապա իշխանական պրոպագանդիստը իրեն գումար կփոխանցի, ինչպես նաև ինքը կկարողանա մուտք գործել Ազգային ժողով և հարցազրույցներ անել։ «ՔՊ»-ում հավանաբար TikTok-երին երաշխիքներ են տվել, որ նա արտոնություն կստանա առանց Ազգային ժողովում հավատարմագրվելու մուտք գործել ԱԺ ու հարցազրույցներ անել, ինչը ԱԺ կանոնակարգերի խախտում կլինի, բայց դե հավաստիացումները իշխանական բարձր մակարդակով են, ինչու՞ չօգտվել հնարավորությունից։
TikTok-երը Dav Rupr-ին հետևորդներով ապահովելու համար մեկ այլ տեսանյութ է հրապարակել՝ իր մանկահասակ դստեր հետ. «Հլը ասա Dav Rupr»,- փոքրիկին ասում է TikTok-երը և հետևորդներին կոչ անում հետևել էջին, որպեսզի ինքը իր հետևորդների համար Ազգային ժողովից հարցազրույցներ հրապարակի։
«222lava» TikTok-երը տեսանյութեր է հրապարակել «ՔՊ»-ի «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով վահանակի ֆոնին։
Իսկ երեկ Tik-Tok-երն իր էջում արդեն սկսել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների տեսանյութեր հրապարակելը. տեսանյութում նա խոսում է Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին TikTok-ում առկա տեսանյութերի մասին, որոնք իրեն դուր չեն եկել։
Տեսանյութերից մեկում էլ TikTok-երն ասում է, որ իրեն համոզել են, որ TikTok-ում էլ կա քաղաքականություն, իսկ ինքն էլ TikTok-ի միակ վարչապետն է։ Սա արվում է, քանի որ TikTok-ում գրանցվում են քաղաքականապես չեզոք երիտասարդները։ Հավանաբար TikTok-ի «միակ վարչապետը» ընտրություններին ընդառաջ կհայտնի, որ իր միակ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է՝ կոչ անելով իր հետևորդներին ընտրել նրան։
Թե է՞լ ում հետ ու ինչի՞ դիմաց են «ՔՊ»-ականները պայմանավորվածություններ ձեռք բերել կապիտուլացված իշխանության ու դրա առաջնորդի ռեյտինգը բարձրացնելու համար, կներկայացնենք առաջիկայում։
Նշենք նաև՝ AntiFake.am-ը պարզել է, որ վարչապետին կից «Ֆեյքերի ֆաբրիկայի» ձեռքերը հասել են նաև TikTok-ին, որտեղ բացվել են հազարավոր կեղծ հաշիվներ, որոնք տեսանյութերի մեկնաբանություններում հայհոյանքներով, վիրավորանքներով, ատելության կոչերով պահում են Փաշինյանի «թասիբը» և վարկաբեկում նրա հիմնական քաղաքական հակառակորդներին։
Աղբյուր՝ AntiFake.am