Վահե Գրիգորյանը քաղաքական բնույթի և անպատասխանատու հայտարարություններ է արել «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում

article-image

Փետրվարի 9-ին սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հարցազրույց է տվել azatutyun.am-ին, որի ընթացքում հնչեցրել է մի շարք քաղաքական հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում ՍԴ դատավորի կարգավիճակից բխող պարտականություններին և ակնհայտ հակասության մեջ են օրենքի հետ։

AntiFake.am-ի նախորդ հրապարակումների մեջ անդրադարձել էինք Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրության նախապատմությանը, նրա իրավական-քաղաքական գործունեության հետագծին և այն հակաիրավական գործողություներին, որին մասնակից էր դարձել նա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Վահե Գրիգորյանի դերակատարությանը նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսմանը, «ՍԴ դատավոր» և «ՍԴ անդամ» բառախաղի միջոցով ՍԴ նախագահ ինքնահռչակվելուն, իրեն ՍԴ դատավորի թեկնածու առաջադրած նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ համարելուն, ՍԴ նիստերին չներկայանալուն և դրա դիմաց վարձատրություն ստանալուն, ինչպես նաև ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա կողմից հնչեցրած քաղաքական հայտարարություններին։

Այժմ անդրադառնանք վերոնշյալ հարցազրույցի ընթացքում Վահե Գրիգորյանի արտահայտած քաղաքական հայտարարություններին։ Իր հարցազրույցում Վահե Գրիգորյանը խոսել է՝

  1. ՍԴ դատավոր և ՍԴ անդամ տարբերության մասին,
  2. ՍԴ նախկին և ներկա գործունեության, 2015թ․ Սահմանադրական բարեփոխումների և դրանց կոնտեքստում ՍԴ շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի մասին,
  3. Վենետիկի հանձնաժողովի, դրանց պաշտոնյաների անկողմնակալության և նախկին իշխանություների հետ ունեցած ենթադրյալ կապերի մասին, ինչպես նաև այլ միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքների մասին,
  4. Իր կողմից ՍԴ նիստերին չմասնակցելու պատճառների և դրա դիմաց ստացող վարձատրության, ինչպես նաև իր՝ ՍԴ նախագահ դառնալու ցանկության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին։

1. Առաջին մասում հնչեցրած կարծիքներին չենք անդրադառնա, քանի որ, ըստ էության, ՍԴ դատավորը ասել է այն, ինչ հնչեցրել էր ԱԺ ամբիոնից և բազմիցս նաև այլ հարթակներում, որին արդեն անդրադարձել ենք մեր նախկին հրապարակման մեջ։

2. Խոսելով վերջին հայտնի իրադարձությունների մասին Վահե Գրիգորյանը հնչեցրել է ակնհայտ քաղաքական տեքստեր և մեղադրել ՍԴ դատավորներին մի շարք հակաօրինական և հակաբարոյական արարքների մեջ։

Մասնավորապես ՍԴ դատավորը նշել է. «Ես կուզենայի, որպեսզի քաղաքացիներն իմանան, որ անցած մեկուկես տարում ՍԴ-ն սահմանել է այն բոլոր ռեկորդները, որ անաչառությունը և անկողմնակալությունը բացառապես սկզբունք չեն այս դատարանի համար: Ես կարող եմ վկայակոչել բազմաթիվ գործեր, որտեղ այս սկզբունքները հիմնահատակ ոտնատակ են արվել: Այս բոլոր ոտնահարումները դատարանին առաջադրված նվազագույն պահանջների մասով ավելի հաճախակի տեղի են ունեցել այս մեկուկես, երկու տարում, քան դրանից առաջ քսան-քսանամյակի ընթացքում»։

«Մոդելը, որ գործում է մինչև հիմա, ավտորիտար պետության Սահմանադրական դատարանի մոդել է: Զանգել դատարանի նախագահին, լուծել խնդիրներ»,- նշել է Գրիգորյանը։

Փաստացի Վահե Գրիգորյանը հայտարարում է հանցագործության մասին, որի մանրամասներից նա անձամբ տեղյակ է։ Եթե այդպես է, Գրիգորյանը պարտավոր է դիմել իրավապահ մարմիններին նշված հանգամանքները բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար, հակառակ դեպքում ստացվում է, որ ՍԴ դատավորը միացել է իշխող ուժի՝ Սահմանադրական դատարանի դեմ տարվող քաղաքական և հակասահմանադրական արշավին, սակայն, ի տարբերություն քաղաքական ուժի ներկայացուցիչների, ովքեր իրենց ասածները կարող են հիմնավորել «քաղաքական հայտարարության» ձևակերպման տակ, ապա Վահե Գրիգորյանը դա անել չի կարող, քանի որ դա ուղղակի օրենքով արգելված է նրան։ Հաշվի առնելով այն, որ իրավապահ մարմինները առժամանակ «փնտրում են» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր, սակայն չեն կարողանում գտնել և «կառչել են փրփուրներից»` կարող ենք միանշանակ պնդել, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը իրավական հիմքեր չունի, ուստի նրա հերթական քաղաքական հայտարարությունն է։

«Իմ խորին համոզմամբ` ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեությունը կարգավորող նորմերը բացարձակապես որևէ աղերս չունեն ժողովրդավարական պետության Սահմանադրական դատարանի հետ։ Դա մոտավորապես նույն մոդելի դատարան է, ինչը գործել է վերջին 20 տարիների ընթացքում՝ մարդ-դատարան, այսինչ-այնինչի անվան դատարան։ Դա ի սպառ պետք է վերացվի»,- հավելել է նա։

Զարմանալի է, որ այս արտահայտությունները անում է մի մարդ, ում հայտնի գաղտնալսման ժամանակ հանձարարում էին Ռոբերտ Քոչարյանի գործով «մի բան գրել»։ Զարմանալի է նաև, թե ինչու այս ամենի կոնտեքստում Վահե Գրիգորյանը չի անդրադառնում իշխանությունների կողմից Սահմանադրության «ափալ-թափալ» փոփոխությանը։

Անդրադառնալով ՍԴ անդամների պաշտոնավարմանը՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորներին մեղադրել է հակասահմանադրական և հակաբարոյական առևտրի մեջ.

«213-րդ հոդվածը Հակասահմանադրական և հակաբարոյական առևտրի արդյունք է։ 213-րդ հոդվածը, էս ամենի հետ մեկտեղ սահմանադրության փոփոխությունների նախագծում հայտնվելով, իրականում ՍԴ անդամների լռության գինն է, այսինքն՝ ցմահ պաշտոնավարումը լռության դիմաց»,- նշել է Գրիգորյանը։

«Գերադասել են ավելի երկար պաշտոնավարումը իրենց պաշտոնավարման երաշխավորման ավելի բարձր հիմքի դիմաց»,- հավելել է նա։

Ինչպես նաև անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշել է. «Կոմայի վիճակում գտնվող հիվանդը չի կարող իր հիվանդության վերաբերյալ գնահատական տալ»:

«Այն, որ ՍԴ չի կարող լուծել իր լիազորությունների դադարման վերաբերյալ գործեր, սա ինքնին արդեն ճգնաժամ է»,- նշել է Գրիգորյանը։

Բնականաբար խոսքը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իշխող կուսակցության կողմից օրենքի ակնհայտ խախտմամբ ՍԴ չուղարկելու մասին է։ Վահե Գրիգորյանը նաև ուղիղ տեքսով նշել է, որ այն գործընթացները, որոնք սկսել են ՍԴ շուրջ չեն կարող կապ ունենալ Հրայր Թովմասյանի հետ, և ակնարկել է, որ Հրայր Թովմասյանը հարվածի տակ է դնում իր ընտանիքը` ցույց տալու համար, որ այդ բոլոր իրադարձությունները իր անձի առանցքի շուրջ են պտտվում։

«Հրայր Թովմասյանը չի կարող այնքան կշիռ ունենալ, որ այս կամ այն խնդիրը իր անձով լինի պայմանավորված, նմանապես` ես և որևէ մեկը: Ես 8 տարի տեղեկատվական տեռորի մեջ եմ գտնվում, ես իմ հարազատներին առաջին պլան չեմ բերում, ցույց տալու համար, թե էդ ամեն ինչին դիմանում եմ»։

Այստեղ Վահե Գրիգորյանն ակնհայտ մանիպուլյացիայի է դիմում՝ իրեն «տեղեկատվական տեռորի ենթարկելը» (ինչը իսկապես երբեք տեսանելի չի եղել գուցե այն պատճառով, որ նման բան չի եղել) նույն հարթության վրա դնելով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների հետ։ Գրիգորյանը, ունենալով փայլուն հիշողություն, «մոռացել է» իրավապահ մարմինների կողմից ՍԴ նախագահի տարեց հոր բնակարանը խուզարկելու, Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու, Հրայր Թովմասյանի մտերիմներին և սանիկներին քրեական հետապնդումների ենթարկելու մասին, ինչը վկայում է ոչ թե Թովմասյանի կողմից նրանց «առաջին պլան» բերելու մասին, այլ Թովմասյանի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված իշխող ուժի և իրավապահ մարմինների կողմից ընտանիքի անդամներին թիրախավորելու մասին։

3. Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային խորհրդատվական կազմակերպությունների վերաբերյալ Վահե Գրիգորյանը նշել է․

«Վենետիկի հանձանաժողովը եղել է այն մարմինը, որի որոշ պաշտոնյաներ 2005թ. Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարել են, որ ՀՀ այլևս ունի այնպիսի սահմանադրություն, որը ոչ մի կերպ չի կարող քննադատվել Եվրոպայի խորհրդում, որովհետև դա մոդեռն պետության կատարյալ սահմանադրութուն է: 8 տարի անց նույն պաշտոնյան, իր ողջ քննադատական արսենալով, սկսել էր խոսել, որ ՀՀ Սահմանադրությունը կարիք ունի սահմանադրական փոփոխությունների»: Այնուհետև հավելել՝ «Քանի գրոշ արժե խորհդրդատվական հարթակի կողմից տրված այն խորհրդատվությունը, որի համար խորհրդատվություն տվողն որևէ պատսխանատվություն չի կրում»: ՍԴ դատավորը նաև նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի որոշ պաշտոնյաներ մինչև այժմ  սերտ կապերի մեջ են գտվում նախկին իշխանությունների հետ։

Սա ասում է այն մարդը, որը տարիներ շարունակ վարձատրության դիմաց տարբեր գործերով տարբեր անձանց շահերը ներկայացնելու համար որպես փաստաբան հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և միջազգային կառույցներում, անսացել վերջիններիս խորհուրդներին և գնահատականներին։ Ուստի անհասկանալի է, թե ինչպես շուրջ մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցների խորհուրդներն այսչափ անկարևոր դարձան Գրիգորյանի համար։ Ինչ վերաբերվում է նրան, թե` 

4. Անդրադառնալով իր կողմից ՍԴ նիստերին չմասնակցելու պատճառներին և դրա դիմաց ստացող վարձատրությանը՝ Վահե Գրիգորյանը նշել է․

«Այո, ես նիստերին չեմ մասնակցում, բայց ես աշխատանքի հաճախում եմ ամեն օր, կիրակի օրերից բացի, երբեմն նաև կիրակի օրը»։ Վահե Գրհորյանը նաև ասաց, որ նիստերին չմասնակցելու և վարձատրություն ստանալու որոշումը ինքն է կայացրել՝ հենվելով հետևյալի վրա․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ավելի անվտանգ չի զգա, եթե Սահմանադրական դատարանի նախագահը աշխատավարձ չստանա»,

հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորը վարձատրություն ստանում է իր կատարած աշխատանքի դիմաց, որն իր վերջնական դրսևորումը ստանում է հենց ՍԴ նիստերում։ Փաստացի Վահե Գրիգորյանը վարձատրվում է մի բանի համար, որը նա չի անում, ինչը խոստովանել է անձամբ։

Ինչ վերաբերվում է իր՝ ՍԴ նախագահ դառնալու ցանկության վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ Վահե Գրիգորյանն ասաց․

«Մարդիկ կան, որոնք, կենցաղային ստախոսության մակարդակի իջնելով, տաղավարից տաղավար սավառնելով, սկսում են պատմել, որ պարոն Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ»։ Քիչ հետո հավելել․ «Ես ոչ մի դեպքում չեմ ուզենա լինել Սահմանադրական դատարանի նախագահ»։

Այս ամենը խիստ կասկածելի է հնչում այն անձի կողմից, ով ԱԺ ամբիոնից «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» բառախաղի միջոցով ինքահռչակվեց որպես ՍԴ նախագահ։

Ամփոփելով Վահե Գրիգորյանի՝ հարցազրույցում տեղ գտած  հայտարարությունները` կարող ենք պնդել, որ դրանք ծայրից ծայր քաղաքական են և իրենց մեջ մանիպուլյացիայի և անպատասխանատու հայտարարությունների տարրեր են պարունակում, ինչը խիստ հակասության մեջ է առաջացնում ՍԴ դատավորի՝ օրենքով  սահմանված կարգավիճակի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Դատական օրենսգրքով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով` ՍԴ դատավորը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն, իսկ նրա կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը, որը Վահե Գրիգորյանի պարագայում ակնհայտ իրողություն է, հիմք է ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան
 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն